Աստված քեզ արարել է շատ ավելիի համար
Աստված ստեղծեց քեզ Իր հետ երկնքում հավիտյան ապրելու համար: Երկինքն է քո տունը, այլ՝ ոչ թե Երկիրը:
Այդ պատճառով է, որ այս կյանքում երբեմն դժգոհություններ ու դժվարություններ եք ունենում: Գուցե դուք այստեղ երբեք էլ լիովին երջանիկ չլինեք, քանզի Երկիրն այդպես չէ «նախագծված»:
Եթե լիովին երջանիկ լինեինք Երկրի վրա, ապա Աստծո կարիքը չէինք ունենա: Բայց Աստված ստեղծեց մեզ՝ շատ ավելի լավ բանի համար, որպեսզի մենք կարոտենք մեր երկնային տունը:
Ձուկը երբեք երջանիկ չէր լինի ցամաքում, քանի որ նա ստեղծվել է ջրի մեջ ապրելու համար: Արծիվը երբեք չէր կարող բավարարված լինել, եթե նրան թույլ չտային թռչել:
Դուք երբեք ձեզ լիովին բավարարված չեք զգալու Երկրի վրա, քանզի դուք արարված եք ավելիի համար: Դուք այստեղ երջանիկ ակնթարթներ կունենաք, բայց դա ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ Աստված սահմանել է ձեզ համար հավիտենության մեջ:
Սա է նաև այն պատճառը, որ Աստծո որոշ խոստումներ անիրագործելի են թվում, որոշ աղոթքներ՝ անպատասխան և որոշ հանգամանքներ՝ անարդար: Այս կյանքը, միանշանակ, պատմության ավարտը չէ:
Երբ գիտակցում ես, որ երկրային կյանքը ժամանակավոր է, այն արմատապես փոխում է քո արժեհամակարգը: Հավիտենական արժեքներն են դառնում քո որոշումների որոշիչ գործոնը, այլ ոչ թե ժամանակավորները:
Աստվածաշունչն ասում է մեզ. «Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական» (Բ Կորնթացիներ 4.18):
Վստահո՞ւմ եք Աստծո փրկության խոստմանը:
Ես չեմ կարող առաջարկել Հարությունը տոնելու ավելի լավ տարբերակ, քան ձեր մեղքերի համար ապաշխարելը և Աստծուն՝ Հիսուսի միջոցով փրկության համար ապավինելը: Եթե պատրաստ եք ձեր կյանքը հանձնել Հիսուսին, ապա աղոթե՛ք.
«Սիրելի՛ Հիսուս, հավատում եմ, որ դու ինձ ստեղծեցիր՝ Քեզ հետ հավիտենության մեջ ապրելու համար: Դու խոստացել ես, որ եթե ես հավատամ քեզ, այն բոլոր մեղքերը, ինչ որ ես երբևէ գործել եմ, կներվեն, ես կհասկանամ իմ կյանքի նպատակը, և Դու ինձ մի օր երկնքում գրկաբաց կդիմավորես:
Ես խոստովանում եմ իմ մեղքերը և հավատում եմ, որ Դու ես Աստված՝ իմ Փրկիչը: Ես քեզ ընդունում եմ որպես իմ կյանքի Տեր: Այսօր ես իմ կյանքը հանձնում եմ Քեզ: Ես ուզում եմ հետևել Քեզ և անել այն, ինչ Դու ինձ կասես:
Հիսո՛ւս, ես երախտապարտ եմ Քո սիրո և Քո զոհաբերության համար, որը հնարավորություն է տալու ինձ միանալ Քեզ երկնքում: Գիտեմ, որ դրան արժանի չեմ: Ես շնորհակալ եմ Քեզանից, քանզի պետք չէ վաստակել փրկությունը, որովհետև դա անհնար է: Ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն ապրել Քեզ ծառայելու համար: Ես խոնարհաբար նվիրում եմ իմ կյանքը Քեզ և խնդրում փրկել ինձ և ընդունել ինձ Քո մեծ ընտանիքի մեջ: Հիսուսի անունով աղոթեցի: Ամեն»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com