Այսօր աշխարհում հացատեսակների բազմազանության մեջ իր տեղն է գտել «Եզեկիելի հացը»: Այն հետաքրքիր անվանում ունի, որն առաջացել է աստվածաշնչյան այս հատվածի հիման վրա.«Եւ դու վեր առ քեզ համար ցորեն, գարի, բակլայ, ոսպ, կորեկ եւ հաճար, եւ նորանց դիր մէկ ամանում, եւ նորանց հաց շինիր քեզ համար. Այն օրերի թուով որ պառկած էիր քո կողքին երեք հարիւր իննսուն օր ուտես այն: Եւ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով լինի՝օրը քսան սիկղ, ժամանակից ժամանակ ուտես այն։  Եւ ջուրը չափով խմես՝ հիմենի մի վեցերորդը, ժամանակից ժամանակ խմես այն: Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. …»  (Եզեկիել 4.9-12):

Պատմությունից տեղեկանում ենք, որ աստվածաշնչյան  մարգարե Եզեկիային Աստված հրամայեց հանձն առնել մի շատ դժվարին փորձություն, այն է՝ 390 օր նա պետք է պառկեր ձախ կողմի վրա՝ առանց վեր կենալու: Այսպես անելով՝ նա կրում էր Իսրայել ազգի մեղքը:  Բայց Աստված իր մարգարեին տալիս է հացի մի հիանալի բաղադրատոմս, որ ամեն օր ուտում էր Եզեկիելը, և այդ հացը նրան ուժ էր տալիս:

Այս հացը շատ հին և առանձնահատուկ հացատեսակ է՝ բաղադրատոմսի բարդ համադրությամբ: Այն պարունակում է ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար: Իսկական պահեստ է վիտամինների և միկրոէլեմենտների, ինչպես նաև անհրաժեշտ սպիտակուցների և ամինաթթուների: Հացը պատրաստվում է առանց շաքարի: 20 սիկղը մոտավոր 250 գրամն է:

Դիետասննդաբաններին ևս այս բաղադրատոսը հետաքրքիր է. նրանք ասում են՝ այն յուրահատուկ է նրանով, որ հացահատիկների խառնուրդն ունի հատուկ հավասարակշռության բաղադրություն: Դրա մեջ կան ամեն անհրաժեշտ նյութեր, որոնք պետք են մարդուն ճիշտ գործառույթի համար՝ վիտամիններ, ճարպեր, բջջանյութեր, ածխաջրեր:  Եվ եթե որևէ բաղադրիչ փորձենք հանել, մի բան պակաս կլինի, թերի:

Այս հացը շատ առողջարար է: Բոլոր բաղադրիչների համադրությունը ապահովում է սպտակուցներ, որոնք կան կաթի և ձվի մեջ: Պետք է նշել, որ բուսական աղբյուրներից ստացված սպիտակուցներն երկու անգամ ավելի շատ վիտամիններ, միներալներ ու այլ սնուցող տարրեր են պարունակում, քան  մսից ու այլ կենդանական մթերքներից ստացվածները: Եզեկիելի հացի մեկ բաժնի կալորիականությունը շատ քիչ է, և հետևաբար, այն օգտակար է նիհարել ցանկացողների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հացի մեկ բաժինը պարունակում է 3 գրամ բջջանյութ և 4 գրամ սպիտակուց, 0,5 գրամ ճարպ, 12 գ ածխաջրեր, 80 մգ կալիում:Սա համարվում է դիետիկ հաց, և այն գտնելը դժվար է մերօրյա խանութ-սուպերմարկետներում:

Քանի որ այն պարտաստվում է ոչ զտված, ռաֆինացված ալյուրից, պարունակում է քիչ քանակությամբ ածխաջրեր: Բացի այդ այն զերծ է  խոլեստերինից, շաքարից ու հագեցած յուղից: Այն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս և հետևաբար, շաքարային դիաբետով տառապող մարդիկ կարող են փորձել առանց վախի, որ կվնասի առողջությանը:

Սիրելի՛ տանտիկիններ, տնային պայմաններում այս հացը թխել ևս հնարավոր է, իսկ համացանցում կան պատրաստման տարատեսակ բաղադրատոմսեր: Ցանկության դեպքում կարող եք անձամբ փորձել թխել այն:

Նկարի լավաշիկները մարգարեի չափաբաժինն է (220 -300 գ.)

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.