ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ. ինչո՞վ է այն խորհրդավոր
Գրեթե 4000 տարի է, հրեաները ամեն տարի տոնում են Զատիկը հատուկ արարողակարգով, որի ընթացքում գործածվող յուրաքանչյուր իր և ուտելիք խորհրդապատկեր ու նշանակություն ունի՝ նաև Քրիստոսին անդրադարձող։
Քրիստոսն Ինքն էլ 32 տարի մասնակցել է Զատկի սեղանին, իսկ Իր կյանքի 33-րդ տարում բացահայտեց Զատկի իսկությունը։
Հրեաները մինչ օրս Զատկի սեղանին դնում են կանաչի, որը թաթախում են աղաջրի մեջ և ուտում՝ ի նշան գերության ժամանակ իրենց ժողովրդի արցունքների մեջ թաթախված կյանքի, համտեսում են դառը և կծու համեմունքներ՝ ի նշան Եգիպտոսում անցկացրած 400 դառը տարիների, ուտում են մեղրով, պոպոքով, դարչինով, խնձորով խառնուրդը, որը հիշեցնում է իրենց նախահայրերի դժվար աշխատանքը, երբ ողջ օրը ցեխ էին շաղախում աղյուսների համար։ Այն քաղցր է, քանի որ փրկության հույսն ունեին, որ Աստված կազատի իրենց։ Սեղանին միշտ դրվում է գառնուկի ոսկոր, որի արյունով փրկվեցին մահից։ Տան ավագը օրհնում էր դրված չորս բաժակները և փոխանցում ներկաներին՝ հիշեցնելով Տիրոջ տված չորս խոստումները՝ Ելից 6.6-7՝ կառանձնացնեմ, կազատեմ, կփրկեմ, կփառաբանեք։
Սեղանին դրվում է նաև արծաթյա գավաթ, որից ոչ ոք չի խմում, քանի որ միայն Մեսիան իրավունք ունի այն վերցնելու։ Հենց այս բաժակի համար էր մեր Տերը Գեթսեմանում ասում. «Հա՛յր, եթե կարելի է հեռացրու այս բաժակը ինձնից, բայց ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի» (Ղուկաս 22.42)։
Եվ ընթրիքից հետո հենց այս բաժակը Հիսուսը վերցրեց՝ զարմացած աշակերտներին մեկ անգամ ևս ապացուցելով, որ Ինքն է Մեսիան. «Այնպէս էլ ընթրիքից հետո բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է» (Ղուկաս 22.20)։
Սեղանին իրար վրա դրվում են նաև 3 անթթխմոր հացեր՝ խորհրդապատկերելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Հացը անթթխմոր է՝ ի նշան մեղքից ազատ կյանքի։ Տան ավագը մեջտեղի հացը կիսում էր, փոքր կտորը դնում տեղը, մեծ կտորը առանձին փաթաթում և թաքցնում էր՝ ինչպես մեր Տերը պահվեց գերեզմանում։ Հետո այն բերում էին սեղանի մոտ, տան ավագը կտորե անձեռոցիկը ծալում, դնում էր սեղանին, հացը բաժանում էր մասերի ու տալիս բոլոր ներկաներին։ Հարություն առնելուց հետո Հիսուսը վարշամակը ծալած թողեց գերեզմանում՝ հիշեցնելով հրեաների սովորությունը՝ եթե տերը սեղանին թողնում էր ծալած անձեռոցիկ, դա նշան էր, որ ընթրիքը չի վերջացել, դեռ ետ է գալու։
Հասմիկ Հարությունյան