Կոշիկի կապիչը. չնկատված օգնությունը
«Ողորմությունդ ծածուկ լինի, և քո Հայրն, որ ծածուկը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ (Մատթեոս 6.4)։
Ամառային տաք երեկո էր։ Երկու ընկեր քաղաքում զբոսնելիս նկատեցին մի տարեց մարդու, ով նստած էր ծառի տակ։ Այդ մարդը զով տեղում հանգստանալու համար նստել էր նստարանին և ննջել։
-Նայի՛ր, - ասաց ընկերներից մեկը, - այդ մարդու կոշիկի կապիչն արձակվել է: Վեր կկենա, կքայլի ու կընկնի։
-Ճիշտ ես, - պատասխանեց ընկերը, - մենք պետք է օգնենք նրան։
Նա մոտեցավ քնած մարդուն, խոնարհվեց և զգուշորեն կապեց կոշիկի կապիչը։
-Արթնացնե՞նք նրան, - հարցրեց նրանցից փոքրը։
-Ո՛չ, դրա կարիքը չկա։ Կարևորը՝ մենք օգնեցինք մարդուն, թող նա, նույնիսկ, չնկատի դա։
Ինչպիսի՜ հիանալի արարք։ Երբեմն, Աստծուց ստացած օգնությունը ևս անտեսանելի է լինում, պատկերացրեք՝ ի՞նչ պետք է անեինք առանց Նրա։
Մեր բարի՛ Տեր, մեզ խոնարհություն սովորեցրու, որ հանկարծ չպարծենանք մեր բարի գործերով, այլ իմանանք, որ օգնելով ուրիշներին՝ Քո կողմից ենք հավանության արժանանում։ Ամեն։
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը