Հավատում եմ, որ Աստված ինձ այստեղ է դրել հատուկ նպատակի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Քայլի ՄքԷնանի
Հարվարդի, Օքսֆորդի և Ջորջթաունի համալսարաններն ավարտած 31-ամյա Քայլի ՄքԷնանին այժմ աշխատում է Սպիտակ Տանը՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորանշանակ մամլո խոսնակ։ Գրեթե յուրաքանչյուր օր Քայլին կանգնում է տասնյակ լրագրողների առաջ՝ պատասխանելու նրանց հարցերին և նախագահ Թրամփի որոշումները պաշտպանելու ու դրանք հանրությանը փոխանցելու համար։ Քայլիի ելույթներն այս օրերին ամենից քննարկվածներիցն են ԱՄՆ քաղաքաղական կյանքում։ Շատ քաղաքական վերլուծաբաններ նշում են, որ նա մինչ օրս նշանակված լավագույն մամլո խոսնակն է։
Քայլին ծնվել է քրիստոնյաների ընտանիքում և անցել է հավատքի երկար ճանապարհ։ Փոքր հասակից հաճախել է եկեղեցի և փրկության աղոթք արել պատանեկան տարիքում։ Նա հաճախել է աղջիկների համար նախատեսված կաթոլիկ դպրոց, մեծացել է մկրտական եկեղեցում, այժմ իրեն համարում է ավետարանական քրիստոնյա։
Քայլին սովորում էր քոլեջում, երբ մայրը հայտնաբերեց, որ ունի շատ հազվադեպ հանդիպող գենետիկ մուտացիա, որը կրծքի քաղցկեղի առաջացման 82% հնարավորություն է ստեղծում օրգանիզմում։ Քայլիի մայրն անցավ կրծքագեղձի հեռացման դժվարին վիրահատության միջով, որից հետո Քայլին նույնպես որոշեց թեստավորվել՝ հայտնաբերելու համար՝ արդյոք ինքն էլ է ժառանգել այդ մուտացիան։
«Այդ ժամանակ ես սովորում էի քոլեջում և այնքան էլ պատրաստ չէի լսելու թեստիս պատասխանը, երբ Սուրբ Ծննդյան նախօրեին զանգ ստացա։ Զանգը բժշկիցս էր, ով ինձ տեղեկացրեց, որ ես ևս ժառանգել եմ այդ գենետիկ մուտացիան։ Ամուսնանալուց մեկ տարի անց ամուսնուս հետ միասին որոշեցինք, որ ես նույնպես պետք է անցնեմ կրծքագեղձի այդ վիրահատության միջով։ Աստծո օգնությամբ ես կարողացա անցնել այդ դժվարին օրերի միջով և այժմ կարող եմ ասել, որ կրծքագեղձի քաղցկեղ երբեք չեմ ունենա։ Այս վիրահատությունից հետո սիրում եմ ասել․Երբ կյանքը քեզ տալիս է թթու լիմոններ, դրանցից քաղցր լիմոնաթ պատրաստիր»։
«Իմ գործում հավատքն ավելի քան անհրաժեշտ է,- ասում է Քայլին։ Շատերը չգիտեն, որ իմ առաջին մամլո ասուլիսից առաջ ես խուճապի մեջ էի, շատ անհանգիստ էի, չնայած որ բավականին պատրաստված էի ասուլիսի համար։ Մինչ լրագրողների առաջ ներկայանալը օգնականիս հետ զանգեցինք մայրիկիս և ամբողջ ընտանիքով միասին աղոթք արեցինք։ Աղոթքից հետո խորը շունչ քաշեցի, իմ մեջ մեծ ուժ գտա և գնացի այդ սենյակ՝ լրագրողների հետ հանդիպման։ Այն, ինչ արեցի այդ օրը, հնարավոր էր անել միայն Աստծո օգնությամբ»,-պատմում է Քայլին CBN-ին վերջերս տված իր հարցազրույցում։
Մինչ այս դերը ստանձնելը Քայլին Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի թիմում էր ընդգրկված։ Չնայած որ քարոզարշավի ողջ ընթացքում նրանք շատ զբաղված էին մի նահանգից մյուս նահանգ ճամփորդելով, տարբեր քաղաքական դեբատների պատրաստվելով, Քայլին որոշեց նախաձեռնել Աստվածաշնչյան խմբակ քարոզարշավի թիմի համար։
«Մենք գիտակցում էինք, որ այս երկրում մենք ներկայացնում ենք բազում քրիստոնյաների, ուստի որոշեցինք յուրաքանչյուր ուրբաթ առավոտյան հավաքվել և 45 րոպե աղոթել և Խոսքը սերտել։ Մենք սկսում էինք “pop-corn” կոչված աղոթքով, երբ մեզնից յուրաքանչյուրը բարձրաձայն աղոթում էր: Դրանք ինքնաբուխ աղոթքներ էին, որոնց հաջորդում էր Աստվածաշնչի ընթերցանությունը։ Սրանք երկար, դժվարին և բազում մարտահրավերներով լի օրեր էին, ուստի մեր այս հավաքները ուրախություն և ուժ էին տալիս մեր ողջ օրվա և անգամ ողջ շաբաթվա համար։ Ես հավատում եմ, որ աղոթքը մեծ աղդեցություն է ունեցել 2016թ.-ի նախագահական ընտրություններում։ Չնայած որ ես այլևս քարոզարշավի թիմում չեմ, այս ավանդույթն այսօր էլ շարունակվում է այլ հրաշալի մարդկանց կողմից։ Սպիտակ Տան մեր թիմը նույնպես հրաշալի է։ Չնայած որ մարտահրավերները շատ են, մենք թիմում շատ աղոթքի մարտիկներ ունենք, ովքեր իրենց աղոթքներով միշտ մեր կողքին են»։
Քրիստոնյա լինելու պատճառով Քայլին բազում հարձակումների է ենթարկվում մամուլի կողմից։ Դեռ իր ուսանողական տարիներին, սովորելով աշխարհի լավագույն համալսարաններում, որտեղ դասավանդում են աշխարհի ամենահայտնի աթեիստ գիտնականները, Քայլին հասկացել է, որ այս աշխարհում հեշտ չէ լինել պահպանողական քրիստոնյա։ Քրիստոնյաներից մեծ քաջություն և ջանք է պահանջվում իրենց հավատքը աշխարհին ներկայացնելու համար։ Քայլին նշում է, որ թեև այսօր քրիստոնյաները շատ են դատապարտվում իրենց հավատքի համար, նա ուրախ է, որ ԱՄՆ-ում կա նախագահ, ով ներկայանցում է քրիստոնյաներին և խոսում է մեր փոխարեն։
«Ես հավատում եմ, որ որոշակի մարդիկ Աստծո կողմից կանչված են որոշակի ժամանակում դիրք կամ պաշտոն զբաղեցնելու համար։ Ես հավատում եմ, որ Դոնալդ Թրամփը այս ժամանակի համար դրված է Տիրոջ կողմից։ Այս երկիրը կարիք ուներ մեկին, ով կկռվեր կյանքի, կրոնական ազատության համար և նախագահ Թրամփն այդ մարդն է, ով արդեն իսկ շատ բաներ է արել քրիստոնյա համայնքի համար։
Ես նաև հավատում եմ, որ Աստված ինձ դրել է այստեղ հատուկ նպատակի համար, ինչպես որ նա վարվում է մեզ բոլորի հետ։ Մենք բոլորս այս կյանքում հատուկ նպատակի համար ենք կանչված և երբեմն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են զոհաբերություններ»։