Այն, ինչ կատարվում է մեր օրերում, փոխել է բոլորիս, մենք մտել ենք մի նոր կյանքի ընթացքի մեջ, որը չնայած  աննախադեպ է, բայց օրեցօր դառնում է ընդունելի և սովորական մեզ համար: Մենք սովորում ենք և աշխատում տանից, սահմանափակում և նվազագույնի  ենք հասցնում մեր՝ տանից դուրս գալը: Իսկապես աննախադեպ ժամանակներ են:

Ինչևիցե, այս ժամանակների մեջ էլ մենք հույս ունենք, մենք հնարավորություն ունենք վերազինելու և վերալիցքավորելու մեզ, մեր ընտանիքները, մեր ուսումը, մեր աշխատանքը: Մենք հնարավորություն ունենք մեր ձեռքում հայտնված  փոքրիկ կիտրոնով  լիմոնադ պատրաստել:

Մենք ուղղակի պետք է կենտրոնանանք հնարավորությունների վրա։ Իհարկե այս իրավիճակը մեծ լարվածության ու շփոթմունքի ընթացք է: Հնարավոր  է, որ փորձառում ես բաներ, որոնց հետ նախկինում չես առնչվել, գուցե կան ֆինանսական խնդիրներ, հնարավոր է, որ կառչել եք սոցիալական ցանցերից և նորություններից` չցանկանալով բաց թողնել հաջորդ նորությունն ու հայտարարությունը: Այս օրերին մենք հստակ կարող ենք տեսնել, որ թույլ ենք տալիս մեզ տարբեր մտքերով շեղվել, որը և ճգնաժամի ժամանակ ցավի հիմնական աղբյուրն է:

Այսպիսով՝ ինչպիսի՞քայլեր են պետք՝ հաղթահարելու համար այդ շեղումները։

Կա 3 ճանապարհ, որոնց միջոցով այդ շեղումները սողում են մեր կյանք, և երեք հակադարձում, որոնցով դրանք կհեռանան մեր կյանքից։

Թափառող միտք։ Մենք կորցնում ենք մեր կենտրոնացումը և մի մտքից մյուսն ենք գնում: Մտավոր նապաստակի ամենադյուրին գործը տվյալ պահին տեղի ունեցող վիճակից ուշադրությունդ շեղելն  է  և  պատկերացնել տալը,  թե ինչ է լինելու առջևում: Մենք սկսում ենք տարբեր սցենարներ պատկերացնել՝  իրականում լուրջ հիմքեր չունենալով:

Բացասական մտածողություն։ Այս երևույթը մեզ անընդհատ նախազգուշացնում է, որ առջևում վատ բաներ են սպասվում: Մենք ամեն իրավիճակում միայն վատագույնն ենք տեսնում՝ կենտրոնանալով ոչ թե հնարավորությունների, այլ խնդիրների վրա։ Այս երևույթը սողում է մեր հարաբերությունների մեջ և մեզ հեռացնում մյուսներից։

Անորոշությունից  բխող անհանգստություն։ Չիմանալով, թե ինչ է մեզ սպասվում առջևում, մենք լցվում ենք անհանգստությամբ։ Այն մտքից, որ ամենավատը դեռ առջևում է, մենք լցվում ենք վախով։ Եթե մենք բացահայտեինք մեր սեփական ժգնաժամը, կտեսնեինք, որ այդ ամենը ուղղակի մեր պատրանքն է, և մենք կարող ենք վերահսկել ամեն բան:

Հուրախություն մեզ՝ այս շեղումներից յուրաքանչյուրն ունի իր հակադրումը: Այս երեք բաները այսօր ձեզ կօգնեն հեռացնել այդ շեղումները և ապրել ձեր ուզած կյանքով։

Կենտրոնացում։ Դուք պետք է հետևողական լինեք`տեսնելով, թե ինչի կարիք ունեք, ինչն եք ցանկանում կատարելագործել ամեն օր, իսկ դրա համար դուք պետք է ամեն օր լինեք կենտրոնացած։ Կենտրոնացած լինել օրվա տարբեր ժամերին` հոգ տանելով երեխաների մասին, աշխատանքի մասին, ընտանիքի մասին: Արե՛ք այն, ինչ ցանկանում եք, բայց կենտրոնացե՛ք արդյունավետ բաների վրա։

Եղե՛ք դրական, լիցքավորվե՛ք դրականով։ Մեր մտածածը ուրվագծում է այն, ինչ տեսնում ենք և անում ենք, այնպես որ պետք է հետևողական լինենք, որ այս օրերին լինենք դրական մտքերով: Ամենայն հավանականությամբ դա կփոխի ձեր ինֆորմացիոն սովորույթները, որպեսզի ամբողջ օրը չանցկացնեք սոցիալական ցանցերում և սահմանափակեք տեղեկատվական դաշտի ներհոսքը օրվա ամեն պահին։ Դա նաև թույլ կտա ինքդ քեզ հետ զրուցել, երբ կզգաս, որ մտքերդ դառնում են նեգատիվ: Անհրաժեշտ է մարտահրավեր նետել նեգատիվին`մատնանշելով այն բոլոր դրական բաները, որոնք ակնհայտ են: Ձեր մտքերը լավը դարձնելով՝  դուք կվերափոխեք ձեր մտածողությունը:

Հանգստացրե՛ք ձեզ հաստատուն բաներով։ Գուցե մենք չգիտենք, թե օրեր անց ինչպիսի բաներ են սպասվում, բայց կան բաներ, որ հաստատուն են, և մենք գիտենք դրանք, օրինակ՝ այն, որ իմ զույգը, ընտրյալը սիրում է ինձ: Վստահ եմ, որ առաջնորդները չպետք է կորցնեն իրենց հույսը այս օրերում, վստահ եմ, որ շատ շուտով այս ամենը կանցնի, և որպես հավատքի մարդ՝  վստահ եմ, որ Աստծո կամքից դուրս այս օրերին ոչինչ չի ընթանում։ Կենտրոնացի՛ր քո կյանքում ունեցած հաստատուն բաների վրա, հանգստացի՛ր դրանցով, որովհետև դրանք քեզ հաստատուն են պահում նույնիսկ քաոսային իրավիճակներում։

Ընկերնե՛ր, մեզ դեռ լավ օրեր են սպասվում, մենք պետք է հույսով լցվենք և յուրաքանչյուր շեղող բան հեռացնենք մեզանից:

Հեղինակ` Ջոն Մաքսվել

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.