Աղոթք արե՛ք ամեն ժամանակ. Չարլզ Սպերջեն
«Աղոթք արե՛ք ամեն ժամանակ» (Եփեսացիս 6.18):
Աղոթքների և աղաչանքների ի՜նչ բազմություն ենք ներկայացրել մենք Աստծուն այն պահից, ինչ սովորել ենք աղոթել: Մեր առաջին աղոթքը եղել է մեր մասին: Մենք խնդրում էինք Աստծուն, որ Նա ողորմի մեզ, ջնջի մեր անօրենությունները: Նա մեզ լսեց: Երբ Նա ամպի նման ջնջեց մեր մեղքերը, հետևեցին այլ մեղքեր:
Մենք աղոթում էինք սրբացնող, արթնացնող և խոնարհեցնող շնորհքի համար, եռանդուն կերպով խնդրում էինք հավատքի հաստատում, խոստումների իրագործում, գայթակղությունների առաջ տոկունություն, պարտքը կատարելու հարցում օգնություն, ամրություն փորձությունների պահին: Աղքատի նման մենք ստիպված ենք Աստծուն դիմել ցանկացած առիթով:
Իմացե՛ք, Աստծո՛ զավակներ, որ ձեր հոգիների համար ոչ մի օգնություն չի եկել կողքից: Հոգին սնող ամբողջ հացը երկնքից էր տրված: Ծարավը հագեցնող ամբողջ ջուրը բխել է մի ժայռից, որի անունն է Քրիստոս: Հոգին երբեք ինքն իրեն չի հարստացել. այն միշտ Աստծո խնամակալության տակ է եղել:
Այսպիսով՝ խնդրվածքները, երկինք հասնելով, անհամար հոգևոր ողորմություններ են բերում: Կարիքները, անհամար լինելով, որպես հետևանք անհաշիվ ողորմություններ են բերում: Բոլոր հիմքերը կան ասելու հետևյալը. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ լսեց իմ աղերսանքի ձայնը» (Սաղմոս 28.6): Քանի որ աղերսանքները բազմաթիվ են, ապա շատ են նաև Աստծո պատասխանները:
Նա լսել է քեզ տրտմության օրը, ամրացրել է, օգնության է եկել՝ նույնիսկ չնայած նրան, որ դու անարգել ես Իրեն վախով ու կասկածներով:
Հիշի՛ր սա, ու թո՛ղ սիրտդ երախտագիտությամբ լցվի Աստծո հանդեպ, Որը լսել է քո թոշնած աղոթքները:
«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, ու մի՛ մոռանա Նրա բոլոր բարերարությունները» (Սաղմոս 103.2):
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը