Քրիստոնեությունն առանց Քրիստոսի՞
Ծագումնաբանության գիտնական, աստվածաբան Պոլ Թիլիչը, ուղևորվելով Ասիա, նպատակ ուներ խորհրդակցություն անցկացնել բուդդայապաշտների հետ: Նա ուսումնասիրում էր կրոնական առաջնորդների նշանակությունը եւ կարևորությունը իրենց իսկ ստեղծած շարժումներում:
Թիլիչը մի պարզ հարց տվեց նրանց. «Ի՞նչ անել, եթե պատահաբար պարզ դառնա՝ Բուդդան երբեք գոյություն չի ունեցել, և, որ դա ինչ-որ կեղծիք է: Ի՞նչ հետևանքներ կարող է այդ պարագայում ունենալ բուդդիզմը»: Տեսեք՝ Թիլիչը մտահոգված էր ոչ թե Բուդդայի իսկությամբ, այլ նրա՝ անփոխարինելիությամբ:
Գիտնականները չէին հապաղում պատասխանել: Նրանք ասում էին, եթե Բուդդան առասպել է, ապա դա ամենևին էլ նշանակություն չունի իրենց համար: Ինչո՞ւ, որովհետև բուդդիզմը պետք է գնահատվի որպես վերացական փիլիսոփայություն՝ որպես ապրելու համակարգ: Հետևաբար, անտեղի է այն միտքը՝ արդյոք այդ գաղափարները բխում էին Բուդդայից:
Ես կարծում եմ, որ Բուդդան ինքն էլ կհամաձայներ ինձ հետ: Իմանալով, որ իր մահը մոտալուտ է, նա հետևորդներին ուղղորդեց ոչ թե կենտրոնանալ իր վրա, այլ հիշել նրա ուսմունքները: Ոչ թե նրա կյանքը, այլ նրա կյանքի ձևը պետք է ներկայացվեր և քարոզվեր:
Իսկ ի՞նչ ասենք աշխարհի մնացյալ կրոնների մասին: Հինդուիզմը, որպես մտածողների, փիլիսոփաների ու աստվածների համախումբ, անշուշտ կարող է ներկայանալ առանց իր հիմնական պաշտամունքի առարկաների: Որոշ այլ հիմնական կրոններ նույնպես բախվում են նույն անհաստատ դրությանը:
Արդյո՞ք քրիստոնեության մեջ իրավիճակը նույնն է: Կարո՞ղ էր Հայր Աստվածը մեկ ուրիշին ուղարկել Հիսուսի փոխարեն: Թույլ տվեք ինձ պատասխանել, ու այդ պատասխանը միանշանակ «Ո՛չ»-ն է: Հիսուսը պարզապես հերթական մարգարե չէր ներկայանում: Նա Աստծո միակ Որդին է, այն աստվածության մի մասը, որը քրիստոնեության մեջ ընդունված է կոչել Երրորդություն:
Պողոս առաքյալն այսպես է ասում. «Քրիստոսն անտեսանելի Աստծո պատկերն է, բոլոր արարածների անդրանիկը. Նրանով են ստեղծվել բոլոր՝ տեսանելի և անտեսանելի բաները՝ երկնքում և երկրի վրա... Նա ամեն բանից առաջ էր, և Նրանով է ամեն բան միաբան... Որովհետև Աստված Նրա միջոցով ներկայացրեց աստվածային լիարժեքությունը, եւ Նրա միջոցով Աստված կամեցավ հաշտություն բերել երկրի և երկնքի վրա գտնվող բոլոր բաների միջև՝ խաղաղություն հաստատելով Իր խաչի վրա թափված արյան միջոցով» (Կող. 1.15-20):
Ավելին, Հիսուսն ինքն աղոթեց. «Հայր Դու ինձ տվեցիր ամեն իշխանություն՝ հավերժական կյանք պարգևելու բոլոր նրանց, ում Դու տվել ես Ինձ: Եվ սա է հավերժական կյանքը, որ ճանաչեն Քեզ՝ միակ ու ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում Դու ուղարկեցիր» (Հովհաննես 17.2-3):
Ինչպես ընդունված է շատ հաճախ ասել, քրիստոնեությունը Քրիստոսն է: Անգլիացի Ջոն Սթոթը գրում է. «Եթե Հիսուսը մարդկային մարմնով Աստված չլիներ, քրիստոնեությունը կործանված կլիներ: Մեզ կմնար ընդամենը մի կրոն` որոշակի գեղեցիկ գաղափարախոսությամբ և ազնվական գեղագիտությամբ. իր եզակի առանձնահատկությունն այլեւս չէր լինի» (Ջոն Սթոթ, Քրիստոնեության հիմունքներ (Լոնդոն. Ինթերվարսիթի պարբերական, 1971)):
Քրիստոնեության սիրտը՝ Հիսուսի՝ անտեսանելի Աստծո պատկերն ու մարմնացումը լինելն է: Եվ դա փոխում է ամեն բան:
Հեղինակ՝ Ռավի Զախարիաս՝ «Ռավի Զախարիաս միջազգային հովվական ծառայության» կազմակերպության հիմնադիր ու նախագահ
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը