Սիրելի՛ բարեկամ, երբևէ եղե՞լ է, որ ճանապարհի կեսին հետ կանգնես քո երազանքից, ծրագրից կամ նպատակից: Եթե այո՛, ուրեմն՝ դու չես ավարտել, ինչը սկսել ես:

Շատ տարիներ առաջ՝ 13-17 տարեկան հասակում, ես ինքս էի կարում իմ հագուստը: Ես խանութից գնում էի հագուստի նմուշը, կտոր, կոճակ և համապատասխան թել: Ես ուրախությամբ իմ գանձերը տանում էի տուն, կտորը դնում նմուշի վրա, ձևում ու սկսում կարել: Ես շատ էի սիրում կարել իմ հագուստը: Գիշերը պառկում էի քնելու և երազում, թե որ հագուստին ինչ ավելացնեմ, որ այն դառնա ավելի հետաքրքիր ու գեղեցիկ: Ես շատ էի հպարտանում իմ ձեռքի գործերով: Կարելը շատ զվարճալի էր ինձ համար, և ես կարողանում էի նաև գումար տնտեսել:

Ինչևէ, պատահում էր, որ ես սկսում էի մի գործ, բայց առանց ավարտելու անցնում էի մեկ ուրիշին: Մայրս միշտ ասում էր. «Դենի՛ս, նախքան մյուս գործդ սկսելը դու պետք է ավարտես նախորդը»: Այդ ժամանակ ես չէի հասկանում այդ խոսքերի արժեքն ու իմաստությունը, չէի հասկանում, թե որքան ճիշտ էր նա:

Երբ դարձա չափահաս, ես սկսում էի մի գործ, բայց որոշում էի անցնել մեկ ուրիշին՝ նախորդը չավարտած: Նմանատիպ սովորությունն ավելին է, քան՝ ընդամենը կատարյալ ծրագրի ձախողումը: Այն կարող է ազդել մեր բնավորության վրա, որ ամեն դժվարության հանդիպելիս հանձնվենք, երբ ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես մենք կուզեինք: Մենք պարզապես հետ կկանգնենք մի ծրագրից և ուրիշ բան կսկսենք կամ գուցե էլ ոչինչ չենք փորձի:

Աստծո բնավորությունն ու համբավը լրիվ հակառակն են: Փիլիպպեցիս 1.6-ն ասում է. «Այս բանում վստահ լինելով, թե Նա, Ով ձեր մեջ սկսեց բարի գործը, այն կհասցնի իր ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը»: Աստված քո մեջ սկսել է փրկության մեծ գործը, և Նա կանգ չի առնի, քանի դեռ այն ավարտված չէ:

Շատ կարևոր է, որ դու կեսից հետ չկանգնես անելու այն գործը, որ Աստված է ցույց տվել քեզ: Գուցե դու հավատում ես, որ երեխա կունենաս, բայց դեռ չես կարողանում: Կամ աղոթել ես, որ Աստված նորոգի քո ամուսնությունը, բայց դու և կողակիցդ դեռ շարունակ վիճում եք: Գուցե դու հավատում ես, որ ավելի լավ աշխատանք կունենաս, բայց դեռ դժվարությամբ ես պարտքերդ մարում: Շատ կարևոր է, որ քո մեջ զարգացնես չհանձնվողի դիրքը, որ հավատքդ արդյունավետ լինի՝ անկախ նրանից, թե շուրջ ինչ կկատարվի:

Մատթեոս Ավետարան 15.22-28 խոսքերում գրված է պատմություն մի կնոջ մասին, ով չհանձնվեց, մինչև Աստծուց չստացավ իր խնդրանքը: Գուցե շատերը նրա փոխարեն կոտրվեին ու հետ գնային, բայց նա մինչև վերջ գնաց ու հասավ իր նպատակին:

Բարեկա՛մս, մի՛ դադարիր հավատալ, մի՛ դադարիր հուսալ ու աղոթել: Հիսուսը հավատարիմ է: Դու պետք է ավարտես այն հանձնարարությունը, որն ավարտելու կեսին ես հասել, մինչ նորը կսկսես:

Այն ժամանակ ես չգիտեի, որ մորս խոսքերը ինձ հետագայում Աստծո հետ քայլելու համար հիմք կդառնան: Շատ կարևոր է, որ մենք Աստծուց հանձնարարություն ստանանք և այն ավարտին հասցնենք:

Բարեկա՛մս, մի՛ կանգնիր, առաջ շարժվի՛ր: Մատթեոս 15-ի կնոջից օրինակ վերցրո՛ւ, որ չհանձնվեց, մինչև իր հրաշքին հասավ:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ Finish What You’ve Started | Renner Ministries

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.