Մեր տղան մեկ անգամ դժգոհեց, որ շատ անգամներ քրիստոնյաները քննարկումների ընթացքում մատնանշում են այլոց մեղքերը և բաց չեն իրենց սեփական օրինազանցությունների համար:

Երբ Դանիելը կիսվում էր իր հիասթափություններով՝ կապված թափանցիկության բացակայության հետ, ես մտքումս մտածում էի. «Որքան տխուր է. ինչպե՞ս կարող է Աստված շարժել նրանց, եթե նրանք անկեղծ չեն իրենց և մյուսների նկատմամբ»:       Աստված միանգամից ցույց տվեց, որ ես նույնպես մեղավոր եմ: Նա ցույց տվեց ինձ, թե ինչպես մի անգամ մեկն ինձանից խորհուրդ էր հարցնում, և պարզ երևաց, որ մեր խոսակցությունը օգտակար չեղավ նրա համար: Ես նրան չասեցի, որ նույնպես բախվել եմ այդ նույն խնդրին, քանզի կարծեցի, որ դա կխոցի իմ հուսալիությունը, իմ վստահելիությունը: Եվ հանկարծ ես հասկացա, որ նա ավելի շատ օգուտ կստանար, եթե ես կիսվեի իմ անհաջողություններով:

Մենք սիրում ենք լավը երևալ՝ ցույց տալով մեր լավագույնը: Եթե մենք կիսվենք մեր թերություններով, հնարավոր է, որ մենք հարվածենք մեր հեղինակությանը և սխալ հասկացվենք կամ մերժվենք: Եթե ուրիշները իմանան մեր թաքնված մեղքերը, դա կարող է գայթակղության պատճառ դառնալ նրանց համար: Եվ փոխարենը ռիսկի դիմելու և օգնություն ստանալու՝ մենք ցուցադրում ենք կեղծ կողմը: Մենք խաղում ենք քրիստոնեական խաղ  ուրիշների հետ, ինքներս մեզ հետ և նույնիսկ Աստծո հետ:

Կան ժամանակներ, երբ մենք պետք է զգույշ լինենք, բայց Աստծո հետ խաղեր խաղալը երբեք օգտակար լինել չի կարող: Եթե մենք ցանկանում ենք ավելի նմանվել Քրիստոսին, ապա պետք է խոստովանենք մեր մեղքերը: Նա արդեն իսկ գիտի մեր օրինազանցությունները, բայց Աստված սիրում է, որ մենք այդ ամենը տանենք Իր մոտ, լինենք բաց և անկեղծ: Հին Կտակարանում զոհաբերությունների համար Աստծո տված ցուցումները ցույց են տալիս Նրա տեսակետը մեր խոստովանությունների վերաբերյալ:

Աստված Մովսեսին տվեց հատուկ հրահանգներ, թե ինչպես պետք է քահանան մատուցի խաղաղության և մեղքի զոհը: Քահանան պետք է մորթի կենդանուն և զոհի. «Նա պետք է զոհաբերություն մատուցի Տիրոջը՝ փորոտիքը ծածկող ճարպն ու երկու փորոտիքի վրայի ամբողջ ճարպը: Եվ երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամունքի հետ պետք է պոկվի» (Ղևտացիներ 3.3-4):

Ինչո՞ւ ենք փորձում մեր լավագույնը տալ Աստծուն: Նա հստակ ցուցում տվեց Մովսեսին զոհաբերել կենդանու ամենավատ մասերը: Ինչո՞ւ Աստված ցանկացավ կենդանու աղբը՝ երիկամներ, լյարդ  և փորոտիքի ամբողջ ճարպը: Ինչո՞ւ ոչ սթեյքը կամ ֆիլեն:

Ե՛վ երիկամները, և՛ լյարդը զտում են արյունը տոքսիններից, այնպես որ նրանք կարող են հեռացվել մարմնից՝ որպես թափոն: Երբ օրգանիզմին վնաս հասցնող թույնի քանակը լինում է ցափազանց շատ ֆիլտրվելու և հեռացվելու օրգանիզմից, այն պահվում է ճարպի մեջ մինչ հաջորդ օրը: Այսպիսով՝ երիկամները, լյարդը և ճարպերը հանդիսանում են մարմինը թունավոր թափոններից ազատող համակարգ:

Այն բանից հետո, երբ նրանք կտրում են մարմինը թույնից ազատող մասերը, «Քահանան զոհասեղանի վրա թող այրի դրանք՝ որպես անուշահոտ պատարագ: Ամբողջ ճարպը Տիրոջն է» (Ղևտացիներ 3.16): Նմանապես մեր ամբողջ մեղքը պետք է մատուցվի Աստծուն: Դա Աստծունն է: Այն անուշ և հանգստացնող բույր է Նրա քթանցքում:

Թաքնված մեղքերը թունավոր են: Եթե մենք ետ պահենք ճարպը, երիկամները և լյարդը, այսպիսով՝ թաքցնելով մեր մեղքերը և ապա Աստծուն տանք մեր լավագույնը, ապա այդ թույները կմնան մեր կյանքում և կապականեն մեզ: Դրանք կվնասեն մեր հարաբերություններն ինչպես այլոց, այնպես էլ Աստծո հետ՝ հանգեցնելով դառնության, տրտունջի, բամբասանքի, կռիվների և այլ բաների:

Աստված նախապատրաստեց, որպեսզի չվնասենք մեզ այդ թույներով: Եթե մենք այդ ամենը տանք Նրան, Նա մեր ամբողջ համակարգը կլցնի Քրիստոսի արյամբ, կլվա մեզ՝ դարձնելով մաքուր: Իհարկե՛, սթեյքն ու ֆիլեն մեզ ավելի լավն է թվում, բայց այն, ինչն Աստծուն կուրախացնի, մեզ մաքրելն է այն թույնից, որը բաժանում է Աստծո ընկերակցությունից:                                                                                                   Մովսեսի ժամանակ մարդիկ տարվա մեջ միայն մեկ հնարավորություն ունեին ամբողջապես մաքրվելու իրենց մեղքերից: Հիսուսի արյան շնորհիվ մենք կարող ենք մաքրվել ամեն օր: Մենք ստիպված չենք կուտակել թունավորված ճարպը:

Մենք ազատորեն կարող ենք մեր մեղքերը բերել Աստծո առջև, դրանք վիրավորական չեն Նրա համար: Դրանք անուշ, հանգստացնող և հաճելի բույր են Տիրոջ համար:

Աղբյուրը՝ cbn.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.