Դավիթ անունը նշանակում է սիրելի: Նա սիրելի էր ինչպես Աստծո, այնպես էլ մինչ այժմ միլիոնավոր հավատացյալների կողմից: Նա Քրիստոսին համապատասխանող տեսակ էր. երկուսն էլ ծնվել են Բեթլեհեմում, երկուսն էլ օծված էին, ինչպես նաև նրանք և՛ հովիվ էին, և՛ թագավոր: Բայց ոչ բոլորի կողմից էր սիրված Դավիթը. նրան ատում էին իր աները` Սավուղ թագավորը, իր բարեկամները և Իսրայելի բոլոր թշնամիները: Աստծո բարյացկամությունը Դավթի հանդեպ առաջ բերեց խանդ, որը հարվածներ պատրաստեց նրա դեմ իր մեջքի ետևում: Բայց եթե Աստված քեզ հետ է, նշանակություն չունի, թե ով է քեզ դեմ: Օծված լինելը մեզ չի ազատում դժվարություններից, այլ մեզ տալիս է զորություն հաղթահարելու այն: Դավիթն օծվեց երեք տարբեր նպատակների համար (Սաղմոս 92.10), քանի որ նոր հանձնարարության համար անհրաժեշտ է նոր օծություն՝

1. Նա օծվեց որպես պատանի հովիվ (Ա Թագավորաց 16.3)

2. Նա օծվեց Հուդայի թագավոր, երբ 27 տարեկան էր (Բ Թագավորաց 4.2)

3. 30 տարեկանում նա օծվեց ամբողջ Իսրայելի թագավոր (Բ Թագավորաց 5.3-5):

Հեսսեի ութ որդիներից ամենակրտսերին Ա Թագ.16.12-ը նկարագրում է այսպես. «Նա կարմիր էր ու գեղեցիկ աչքեր ուներ ու դեմքն էլ գեղեցիկ էր»: Կարմիր բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «կարմրագույն», և հենց այդ բառով է Ծննդոց 25.25-ում նկարագրվում Եսավը, որ նշանակում է մազերի կարմիր երանգ կամ կարմրամազ:

Դավիթն իր յոթ եղբայրներից տարբերվում էր ոչ միայն արտաքուստ, այլ նաև՝ ներքուստ: Սամուել մարգարեն տպավորված էր Եղիաբի, Աբինադաբի և Սամաայի ֆիզիկական տվյալներով, բայց Աստծուն տպավորել էին Դավիթի սրտի հոգևոր տվյալները:

Դավիթի մասին ավելին բացահայտում ենք Ա Թագ. 16.18-ում. «Վարպետ նվագող, զորավոր մեկը, պատերազմող մարդ, խոհեմ ու տեսքով գեղեցիկ, և Տերը նրա հետ էր»: Դավիթը հրաշալի ստեղծագործություն էր` տաղանդավոր, լավ մարդ, գեղեցիկ, օծված, մաքուր սրտով և որ ամենակարևորն է՝ Աստծո կողմից սիրված: Նա երիտասարդի այն տեսակն է, ում հետ կցանկանաս ամուսնացնել քո աղջկան:

Դավիթի այցեքարտում բավարար տեղ չկա թվարկելու նրա բոլոր հատկանիշները՝ հովիվ, երգիչ, երգահան, պոետ, երաժիշտ, հսկա սպանող, ազգային հերոս, թագավորի փեսա, փախստական, թագավոր, մարգարե, երկրպագող, մարդասպան, ռազմիկ, շնացող և Իսրայելի քաղցր սաղմոսերգու:

Երբ Դավիթը սպանեց Գողիաթին, ոչնչից դարձավ ակնթարթային հերոս: Անհայտությունից եկած գյուղացի տղան մի գիշերում հանրահայտ դարձավ: Մարկ Ռութլանդն իր՝ «Դավիթ Մեծը» գրքում այսպես է գրում.«Նա եբրայեցիների նոր հերոսն էր»: «Սավուղն իր հազարավորներին կոտորեց, իսկ Դավիթը՝ իր բյուրավորներին». սա օրվա հիթային երգն էր դարձել: Անկասկած նա հայտնի կլիներ ֆեյսբուքում և Թվիթերում: Արոտավայրի նախկին հովիվն որպես հրամանատար այժմ խավիար էր ուտում ամրոցում, բայց հանկարծ ամեն ինչ գլխիվայր շրջվում է: Սավուղը պարգև խոստացավ նրա գլխի համար, կազմակերպեց մեծ կոտորած և տարիներ շարունակ հետապնդեց նրան՝ որպես փախստական: Պատկերացրեք նրա գովազդային պաստառը որպես փնտրվող. «Փնտրվում է թե՛ մեռած, թե՛ կենդանի, զինված է և վտանգավոր, կարմրահեր տավիղահար և հսկա սպանող, մեղադրվում է թագավորության դավաճանության մեջ, գտնողին կտրվի դրամական պարգև»:

Դավիթը, դառնալով օրինազանց, թուլացավ` թաքնվելով քարանձավներում և կորցրեց այն, ինչը Չակ Սուինդոլն անվանեց «5 հենակները», որոնց վրա հենված էր Դավիթը, և դրանք էին.

1. Իր դիրքը- լինելով Իսրայելի բանակի հրամանատար` պաշտոնանկ եղավ, ավելին՝ փնտրվում էր հենց իր իսկ հրամանատարության տակ եղող զինվորների կողմից:

2. Իր թագուհին- Դավիթի կին Մեղքողը, վերցվելով նրանից, հանձնվեց մեկ այլ տղամարդու (Ա Թագ. 25.44):

3. Իր Հովիվը- Դավիթն առաջինը փախավ ու գնաց Սամուելի մոտ, ով նրան թագավոր էր օծել, որպեսզի խորհրդակցի նրա հետ (Ա Թագ 19.18), և դրանից հետո ոչ մի ապացույց չկա այն մասին, որ նրանք նորից տեսնվել են:

4. Իր ընկերը-Դավիթի լավագույն ընկերը` Հովնաթանը, Սավուղի դաժան հաշվեհարդարի և մահացու սպառնալիքների պատճառով հեռացվեց նրանից:

5. Իր երգը-Դավիթը փախավ Սավուղից և գնաց Գեթ` Գողիաթի հայրենի քաղաքը, և ձևացրեց, թե խենթ է, որպեսզի գերի չվերցնեն կամ էլ սպանեն (Ա Թագ. 20.10-15):

Ի՞նչ ես անում դու, երբ այն բոլոր բաները, որոնց վրա դու հենված ես, անհետանում են, ո՞ւմ վրա ես դու հենվում: Ավելի ուշ Դավիթը գրեց. «Երբ սիրտս ընկճված է, առաջնորդիր ինձ դեպի այն վեմը, որ ինձնից բարձր է» (Սաղոս 61.2): Դասական շարականն ասում է. «Տիրոջից բացի դեպի ո՞ւր կարող էի ես գնալ»։

Դավիթը միավորեց Իսրայելը, քառասուն տարի թագավորելով՝ ընդլայնեց իր թագավորությունը, վտարեց իր թշնամիներին և վայելեց խաղաղություն ու բարեկեցություն: Այսպիսով՝ ինչո՞ւ Աստված սիրեց այս կարմրահեր տավիղահարին.

1. Դավիթը սիրտ ուներ Աստծո համար (Ա Թագ. 13.14, Գործք.13.22): Լինելով կատարյալից շատ հեռու՝ նա հատուկ սեր ուներ հոգևոր գործերի համար (Սաղմոս42.1-2), դրա մասին վկայում է այն, որ նա ուխտի տապանակը տեղափոխեց Երուսաղեմ, նոր խորան կառուցեց դրա համար, ծրագրեց ու ֆինանսավորեց ապագա տաճարը:

2. Դավիթը պատրաստակամ երկրպագող էր, ճշմարիտ երկրպագությունը գրավում է Աստծո ուշադրությունը, ինչպես օծանելիքի սիրահարներին դրա բույրը: Դավիթին է վերագրվում յոթանասուներեք սաղմոս, նա երգի ու երաժշտության միջոցով իր սերն էր ատահայտում Աստծո հանդեպ, նա նաև կարգեց երգիչ-երաժիշտների, որպեսզի խորանում շարունակաբար երկրպագեն Աստծուն (Ա Մնացորդաց 16.4-6):

3. Դավիթը ցուցադրեց անկեղծ ապաշխարություն այն բանից հետո, երբ մեղք գործեց: Նա կոտրված սրտով գրեց 51-րդ սաղմոսը` կարդալու և երգվելու ամբողջ երկրում՝ որպես իր մեղքի խոստվանություն ու մի հայրարարություն Աստծո շնորքի և ողորմության մասին:

4. Դավիթը երբեք չշրջվեց կուռքերի կողմը. Հուդան և Իսրայելը ղեկավարող քառասուներկու թագավորներից շատերն ընկան կռապաշտության մեջ, բայց Դավիթը երբեք չդադարեց երկրպագել Իսրայելի միակ և ճշմարիտ Աստծուն` Եհովային:

Այն հիմնական պատճառը, որի համար Աստված այդքան շատ էր սիրում Դավիթին, ոչ մի կապ չուներ նրա մազերի գույնի կամ տավիղ նվագելու հետ: Ամեն ինչի հիմքում նրա սիրտն էր: Քանզի Աստծո աչքերում կարևորագույն խնդիրը սրտի վիճակն է:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուր`charismamag.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.