Ահա, թե ինչպես է պետք աղոթել սիրո համար. Աստված է սիրո հեղինակը, Աստված Ինքը Սերն է։ Աստված գիտի քեզ ավելի լավ, քան դու՝ ինքդ քեզ։ Վստահի՛ր, ապավինի՛ր և փնտրի՛ր։

Ոչ բոլորը կհասկանան, թե ինչու են կինն ու տղամարդն այդքան փափագում ամուսնանալ կամ միմյանց հետ ուխտի մեջ մտնել։ Աստված ստեղծեց Ադամին և վերջինիս մենակ չլինելու համար՝ ստեղծեց իրեն հարմար Եվային (Ծննդոց 2)։ Անգամ Պողոսը (1 Կորնթացիս 7.8-9)-ում ասում է, որ. «Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար, որ ինձ պէս մնան։ Ապա եթէ ժուժկալութիւն չունին, թող ամուսնանան, որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ»։

Մենք բոլորս էլ ունենք ամուսնանալու այդ ցանկությունը։ Որոշները ցանկանում են մնալ միայնակ, բայց շատերը ցանկանում են ունենալ ամուսնական զույգ, որի հետ կանցկացնեն իրենց ողջ կյանքը։ Ուստի, Աստված տալիս է մեզ ցանկություններ՝ ունենալով նպատակ մեր կյանքերի համար։ Կան ցանկություններ, որ աշխարհից են և կան իհարկե` Աստծուց։ Մեր խնդիրն է փնտրել այն աստվածային ցանկությունները, որոնք աղոթքի միջոցով Աստված է դնում մեր մեջ։

Ողբ Երեմիա 3.25-ը. «Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։

Փնտրիր Աստծուն և Իր կամքը

Սաղմոս 37.4-ը. «Ցնծացիր Տէրով, եւ նա կտայ քեզ քո սրտի ուզածները»։

Կան շատ ֆիլմեր, երգեր և անգամ մարդիկ, որոնք ազդեցություն ունեն մեր ցանկությունների վրա։ Մենք այնքան ենք սպառում մեր ցանկությունները, որ մոռանում ենք, որ Աստված պետք է լինի մեր միակ ցանկությունն ու փափագը։

Առակաց 19.2-3-ում. «Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կսահի։ Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ»։

Աստվածաշունչը փաստում է, որ եթե շտապում ենք տրվելու ցանկություններին առանց Աստծո գիտության, հիմար ենք։ Մեր չմտածված որոշումների պատճառով բարկանում ենք Աստծո դեմ՝ առանց Աստծո գիտությունն ու իմաստությունը փնտրելու։

Այսպիսով, ո՞րն է սիրո համար քո աղոթելու դրդապատճառը։ Ես միշտ երազել եմ ունենալ իմ ամուսինն ու ընտանիքը։ Ես փնտրում էի իմ ամուսնուն անգամ այն ժամանակ, երբ փրկված չէի։ Ես փնտրում էի Աստծո մարդուն, սակայն, միակ բանը, որ պետք էր փնտրել` Աստծո սիրտն էր։ Մատթեվոս 6.3-ում. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ»։

Ես անհանգստացած էի, թե երբ եմ ամուսնանալու և թե ինչպես էր այդ ամենը լինելու։ Իմ բոլոր ջանքերը տարված էին՝ փնտրելով ամեն բան, բայց ոչ՝ Աստծուն։ Միայն մի քանի տարի առաջ բացահայտեցի, որ կյանքս իմը չէ և ոչ էլ՝ ցանկություններս։

Եվ այդ ժամանակ էր, որ սկսեցի ապագա ամուսնուս համար լրջորեն աղոթել և առաջնայինը՝ Աստծուն փնտրել։ Այս ամենի մեջ բոլորովին կատարյալ չէի, անգամ շատ անհամբեր էի։ Բայց մի բան լավ գիտեի` միշտ վստահել և փնտրել Աստծուն առաջինը, և միշտ սիրել Աստծուն։

Առակաց 8.17-ում. «Ես ինձ սիրողներին կսիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ»։

Աղոթել սիրո՞, թե իմաստության համար

Առակաց 2.6-ը. «Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը»։

Իմաստուն է հարցնել Աստծուց, թե ինչպես պետք է աղոթել ապագա կամ ներկայիս զույգիդ համար։ Մենք բոլորս ունենք այն պայմանները, որոնք ձևավորում ենք մեր մտքերում` ըստ մեր ցանկությունների։ Նաև չենք գիտակցում, թե աշխարհն իր հերթին որքան մեծ ազդեցություն է ունենում մեր ապագա ամուսնական զույգի համար արված աղոթքների վրա։

Կարող եմ ասել, որ փեսացուս բոլորովին այն անձը չէ, ում մտքումս ձևավորել էի նախքան Աստծուն հարցնելը։ Նա ավելին է, քան աղոթել էի։ Ես այնքան շնորհակալ եմ, որ Աստված գիտեր, թե ինչպես միացներ ինձ իմ ամուսնու հետ։

Բայց բոլոր նրանք, ովքեր դեռ աղոթում են. «Քաջացե՛ք և լցվե՛ք համբերությամբ»: Ամբողջ Աստվածաշնչում համբերության, տոկունության և հաստատակամության օրինակները բազում են՝ Ադամ և Եվա, Հակոբ և Ռաքել, Մարիամ և Հովսեփ, Հռութ և Բոոս. այս պատմություններն առնվազն հեռու են կատարյալ լինելուց։

Մերօրյա աշխարհում հակառակորդն առաջ է բերում կողակցի և ամուսնության հետ կապված ստեր և ուզում է, որ հավատանք դրանց: Սոցիալական լրատվամիջոցները մարմնավորում են այդ ստերը, որոնք ներթափանցում են մեր միտք՝ ազդեցություն թողնոելով մեր աղոթքների վրա: Ամենակարևոր աղոթքը մեր ապագա կողակիցների համար, և անգամ՝ մեր ներկայիս կողակիցների համար` 1Կորնթացիս 13-ն է.

«Սէրը երկայնամիտ է, քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է» (1Կորնթացիս 13.4-7)։

Ահա, թե ինչպես է պետք աղոթել սիրո համար. Աստված է սիրո հեղինակը, Աստված Ինքը Սերն է (1 Հովհ. 4.8)։ Աստված գիտի քեզ ավելի լավ, քան դու՝ ինքդ քեզ։ Վստահի՛ր, ապավինի՛ր և փնտրի՛ր։

Հեղինակ՝ Ռեբեկա Գորդոն
Աղբյուրը՝ christianity.com

Թարգմանեց Աննա Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.