Հիսուսը կարող էր գնալ և բժշկել Ղազարոսին, երբ նա դեռ կենդանի էր։

Փոխարենը՝ Նա սպասեց Ղազարոսին հարություն տալու, երբ վերջինս արդեն գերեզմանում էր։

Աստված կարող էր Դավթին դարձնել թագավոր նրա օծվելու հենց հաջորդ օրը։

Փոխարենը՝ Նա սպասեց տասնհինգ տարի, մինչ նրան գահ կբարձրացներ, որի ընթացքում  Դավիթն ապրեց վախով կյանքը փրկելու համար՝ փախչելով ու թաքնվելով իր աներոջից։

Աստված կարող էր խոսել Մովսեսի հետ իր ժողովրդին գերությունից ազատելու մասին, երբ նա անապատում էր Եգիպտոսից փախչելուց քառասուն օր հետո։

Փոխարենը՝ Նա քառասուն տարի սպասեցրեց նրան։

Աստված կարող էր Հովսեփին ազատել բանտից դատապարտվելուց մեկ տարի հետո։

Փոխարենը՝ նա մնաց զնդանում տասը տարի:

Աստված կարող էր Աբրահամին տալ Իր խոստացյալ որդուն, երբ նա դեռ երիտասարդ էր։

Փոխարենը՝ Նա սպասեց, մինչ Աբրահամը կդառնար հարյուր տարեկան և ավելի մեծ դժվարություններ կունենար իր տարիքի հետ կապված։

Աստված կարող էր պատասխանել աղոթքներին և բավարարել Իր մարդկանց կարիքները շատ ավելի արագ, բայց Նա դա չարեց։

Աստված նրանց սպասեցրեց։ Եվ Նա նույն կերպ հաճախ մեզ հետ է վարվում: Նա մեզ սպասեցնել է տալիս բժշկության համար, երբ մենք տարիներ աղոթում ենք և ապաքինման ոչ մի հույս չկա։ Նա մեր սրտերում դնում է ցանկություն և սեր, որպեսզի ծառայենք Նրան՝ Իրեն հաճելի կերպով, այնուհետև մեզ ստիպում է սպասել՝ իրականացնելու Իր կոչը մեր կյանքերում։ Նա ստիպում է մեզ սպասել, որ տա մեզ մեր սրտի փափագները, ինչ էլ որ դրանք լինեն՝ երեխա, կողակից կամ նոր աշխատանք։ Նա մեզ ստիպում է սպասել, երբ մենք փակուղում ենք և չգիտենք՝ ո՞ւր գնալ և ի՞նչ անել։

Նա կարող էր մի գիշերում պատասխանել այն նույն աղոթքին, որին սպասում ես տարիներ շարունակ։ Այն նույն աղոթքին, որ աչքերդ լցնում է արցունքներով։ Այն աղոթքին, որ որքան երկար է մնում անպատասխան, այնքան ավելի շատ է հարցեր առաջացնում, թե արդյո՞ք Նա լսում է քեզ։

Նա Մովսեսին պահեց անապատում 40 տարի։

Հովսեփին՝ բանտում 10 տարի։

Աբրահամին՝ առանց որդու 100 տարի։

Դավիթին՝ փախուստի մեջ 15 տարի։

Եվ գուցե նույն կերպ Նա այսօր քեզ հետ է վարվում, ինչպես վերոնշյալ մարդկանց հետ՝ աճեցնելու քո հավատքը:

Աճեցնելու քո հավատքը, երբ  կյանքի ճանապարհին շատ մութ է տեսնելու և շատ դժվար հավատալու համար։ Կառուցելու քո վստահությունն Իր նկատմամբ, երբ դու տխուր ես ու դատարկ, երբ կասկածում ես, թե արդյո՞ք Նա է ամենն, Ում փափագում ես և Ում կարիքն իսկապես ունես։ Կառուցելու քո հավատը, երբ փոթորիկը դեռ մոլեգնում է, պայքարը՝ շարունակվում ու սաստկանում, իսկ հաղթանակը շատ հեռու է։ Այդպիսով՝ մենք աճում ենք հավատքի մեջ, սովորում կախում ունենալ միայն Տիրոջից։

Ինչի՞ն  ես  դու  սպասում  այսօր

Ի՞նչ ձգտումներ ունես, որ անհնար են թվում իրականանալու համար։

Ի՞նչ աղոթք ունես քո սրտում, որ թվում է՝ երբեք չի հասնի Աստծո ականջին։

Ես ուզում եմ հիշեցնել, որ Աստված լսում է և անտարբեր չէ քո աղոթքների, ցանկությունների և կարիքների հանդեպ։

Եթե Աստված սպասեցնում է քեզ, ուրեմն՝ դրա համար շատ լավ հիմք ունի:

Եթե Նա ասում է «ո՛չ» այսօր, ուրեմն՝ գուցե Նա ունի ավելի լավ «այո՛», որ սպասում է քեզ վաղը։ Եթե Նա քեզ պահում է այն նույն տեղում, որ մինչ օրս եղել ես, գուցե հենց այն պատճառով, որ Նա աճեցնում է քո հավատքը, որ վաղն անցկացնի քեզ Խոստացյալ Երկիրը։ Եթե Նա այսօր քեզ չի բժշկում կամ տալիս հաղթություն, գուցե այն պատճառով, որ դու վաղն ունենաս մեծ վկայություն, երբ Նա քեզ ստիպի սպասել՝ հաղթող մեկը դառնալու։

Որտեղ էլ լինես այսօր, իմացի՛ր, որ Աստված հենց քո կողքին է և որ քեզ համար ծրագիր կա։ Եթե անգամ այդ ծրագիրը սպասելն է։

Մի՛ հանձնվիր միայն այն պատճառով, որ այսօր ոչինչ չես տեսնում։

Գուցե հիմա ոչինչ չի կատարվում ֆիզիկապես, որ քո աչքերը կարողանան տեսնել, բայց վստահ ինչ-որ բան կատարվում է հոգևոր հարթակում, եթե ապավինել ես Քրիստոսին։

Թույլ մի՛ տուր, որ քո սպասումը կոտրի հույսդ վաղվա օրվա հանդեպ։

Փոխարենը՝ թույլ տո՛ւր, որ քո հավատքն աճի և տա ավելի մեծ հույս այն ամենի հանդեպ, որ Աստված պատրաստել է քեզ համար։

Հավատքով սպասելու միջոցով են աճել ամենամեծ մարդկանցից շատերը։

Մի՛ հուսալքվիր, երբ Աստված քեզ սպասել է տալիս։

Նա քեզ հետ միասին կանցնի այդ ամենի միջով։

«Սպասի՛ր Տիրոջը, քա՛ջ եղիր, ու Նա կզորացնի քո սիրտը։ Դարձյալ ասում եմ՝ ՏԻՐՈ՛ՋՆ սպասիր» (Սաղմոս 27.14) ։

Աղբյուրը՝ theprayingwoman.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.