«Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետեւ վախը տանջանք ունի, բայց նա, ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4.18):

Սովորաբար մենք համարձակությամբ առաջ ենք շարժվում հավատքի քայլերով՝ վստահելով, որ Աստված սիրում է մեզ: Բայց հանկարծակի ինչ-որ բան հարձակվում է մեզ վրա: Հավատքի ամենամեծ գողը պարագաներն են, այն վատ միջադեպերը, որ տեղի են ունենում մեզ հետ: Ոչինչ չի խանգարում հավատալու, որ Աստված սիրում է ձեզ, մինչև որ պարագաները չեն փորձում ապացուցել հակառակը: Այնուհետև սատանան գալիս է իր վախով և դատապարտությամբ բաժանելու ձեզ Աստծո սիրուց, որը կարող էր ազատագրել ձեզ այդ պարագաներից: Սատանան ձեզ ասում է. «Լա՛վ, ի՞նչ կասես սրա մասին: Ես մտածում էի, որ Աստված սիրում է քեզ: Ինչո՞ւ են վատ բաներ տեղի ունենում քեզ հետ: Դու պետք է ինչ-որ սխալ բան արած լինես: Աստված իսկապես բարկացած է քեզ վրա»: Այդ ամենից հետո դուք կորցնում եք վստահությունն Աստծո հանդեպ, իսկ Նա չի կարող ձեզ օգնել, եթե չեք վստահում Նրան: Դուք չեք կարող վստահությամբ կամ հավատքով լցված լինել, եթե չգիտեք, որ Աստված սիրում է ձեզ: Եվ եթե ընդունեք սատանայի վախի և դատապարտության բեռը, չեք էլ իմանա, թե որքան շատ է Աստված սիրում ձեզ:

Հովհաննեսի առաջին թղթի 4.18-ում հզոր ու ցնցող խոսք է ասվում. «.... կատարյալ սերը հեռացնում է վախը»: Ես խորհում էի այս խոսքի շուրջ, փորձում հասկանալ դրա իմաստը, և մի գեղեցիկ օր Աստված, ի վերջո, հայտնություն տվեց ինձ, որ կատարյալ սերը հեռացնում է վախը, և Աստված այդ կատարյալ սերն է:

Երբ դուք իմանաք, թե որքան կատարյալ է այդ սերը ձեր հանդեպ, ամբողջ ստեղծագործության մեջ չի լինի մեկը, ումից կարող եք վախենալ: Անհնարին է վախենալ, եթե ունեք անձնական հայտնություն, որ Աստված սիրում է ձեզ: Անհնարին է վախենալ ձախողումից, եթե գիտեք, որ Աստված սիրում է ձեզ: Դուք չեք կարող ձախողվել, եթե կախված եք Նրանից: Ձախողվելու միակ ձևն այն է, որ կախվեք ձեր անձից: Եթե իմանաք, որ Աստված սիրում է ձեզ, երբեք չեք վախենա ձախողումից: Եթե իմանաք, որ Աստված սիրում է ձեզ, երբեք չեք վախենա մերժվելուց:

Աստծո սերն այնքան մեծ է, որ ծածկում է ամեն ինչ: Դուք մտածում եք, որ այն Աստված, Ով ձեզ փրկեց և ազատագրեց, դատապարտելո՞ւ է: Սատանա՛ն է դատապարտություն բերողը: Աստված ձեզ կօգնի գիտակցել մեղքը, ապա կուղեկցի դուրս գալ այդ ճանապարհից: Իսկ սատանան ձեզ կդատապարտի, ապա կասի, որ տվյալ իրավիճակից դուրս գալու ճանապարհ չկա:

Գիտե՞ք, թե ինչու է սատանան ցանկանում, որ վատ զգանք մեր աղոթքի կյանքից: Որովհետև եթե մտածենք, որ ճիշտ չենք աղոթում, կսկսենք աղոթել պարտականությունից դրդված, առանց հավատքի, հետևաբար դա մեզ որևէ լավ բանի չի տանի:

«Ասա՜, որ սիրում եմ նրանց, Ստացի՜ր Աստծո սիրո մասին հայտնություն քեզ համար» գրքից

Պատրաստեց Ս. Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.