Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։

Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն ծնողներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց զավակների վերադարձը։

Արդ խնդրում ենք Քեզ բարերար և բազումողորմ Աստված, մեր գերյալ եղբայրներին քաջություն և ոգու արիություն պարգևիր, լցրու նրանց սրտերը ազատության հույսով և այն գիտակցությամբ, որ նրանք մոռացված կամ անտեսված չեն և որ անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին։

Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, ամենակալ Տե՛ր Աստված, որ ազատություն պիտի պարգևես և ապահով տուն վերադարձնես մեր գերյալ եղբայրներին և նրանց հետ միասին բոլորս գոհությամբ պիտի փառավորենք Ամենասուրբ Երրորդությունդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից. ամեն։

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.