«Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը: Վեր բարձրացրեք ձեր աչքերը և նայեցեք, ո՞վ է ստեղծել սրանց. նրանց զորքերը թվով հանողը, որ նրանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանությամբը և սաստիկ զորությամբը. մեկը չի կորչի» (Եսայի 40.25-26):

Ոչինչ ավելի բավականություն չի պատճառում մարդուն և բարերար ազդեցություն չի գործում նրա վրա, քան Աստծո ներկայության մեջ լինելը: Մի պահ մտածե՛ք այս մասին. սա չի նշանակում շփվել մի անվանի մարզիկի, ճանաչված դերասանի կամ ազդեցիկ համաշխարհային առաջնորդի հետ, այլ՝ Նրա հետ, Ով արարել է ամեն ինչ՝ թե՛ տեսանելին, թե՛ անտեսանելին: Նա հորինել և կյանքի է կոչել այնքա՜ն մեծ տիեզերք, որ մարդկային միտքը չի կարող պատկերացնել դրա մեծությունը: Գոյություն չունի ոչ մի օգտավետ իմաստություն, գիտություն կամ հասկացողություն՝ առանց Աստծո: Չկա այնպիսի բան, ինչը Նա պետք է սովորի, որովհետև Նա իրականում գիտի ամեն ինչ. Նա գիտի նույնիսկ վերջը՝ սկզբից:

Այն, որ ցանկացած մարդ կարող է լինել նման Էակի ներկայության մեջ, արդեն աներևակայելի է: Բայց ավելի ապշեցնող է այն փաստը, որ Նա Ինքն է փափագում մեր ներկայությանը, նույնիսկ ավելի, քան մենք Նրա ներկայությանը: Հակոբոս առաքյալը պնդում է.

«Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափագում է Հոգին, որ բնակված է մեզանում» (Հակոբոս 4.5):

«Փափագել» բառը նշանակում է ունենալ ուժգին ձգտում կամ ցանկություն ինչ-որ բանի հանդեպ: Երբ մտածում եմ այս զարմանալի Անձնավորության մասին, Ով փափագում է ինձ, ի սրտե համաձայնում եմ Դավթի խոսքերի հետ. «Քանի՜ պատվական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստված, քանի՜ մեծ է նրանց թիվը: Երբ համարեմ նրանց՝ ավազիցը շատ են» (Սաղմ.139.17-18): Դավիթը խոսում էր Աստծո մտքերի մասին՝ ուղղված անհատապես ձեզ կամ ինձ, ոչ թե ընդհանուր առմամբ՝ իր ժողովրդին: Նրա մտքերը ձեր մասին ավելի շատ են, քան մեր մոլորակի բոլոր ավազահատիկները:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ոքա՜ն է Նա մտածում ձեր մասին: Պատկերացրե՛ք սա ձեր իսկ մտքի օրինակով: Մի՞թե դուք շատ կմտածեք ինչ-որ մեկի մասին, ում հետ չեք ցանկանում մտերմորեն շփվել: Նա էլ այդպես չի վարվի: Աստծո Հոգին, Ով բնակվում է ձեզանում, փափագում է՝ ջանասիրաբար ձգտում և ցանկանում է շփվել մեզ հետ: Աստված նախանձավոր է, որովհետև Նա տվել է Իր կյանքը մեզ համար: Նա զոհել է ամեն ինչ, որպեսզի հնարավոր դարձնի տևական հարաբերությունները մեր և Իր միջև:

Հեղինակ՝ Ջոն Բիվեր,

Աղբյուրը՝ «Բարի՞, թե Աստված» գիրք

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.