Հասկանալ սպասման ընթացքը
Աստծո թագավորության համար սերմեր ցանելը շատ արժեքավոր է։
Երբ սերմ ենք ցանում, մենք չպետք է սպասենք, որ հաջորդ օրը մեր ցանած սերմը պտուղ կտա. դրա համար ժամանակ է պետք։
Ինչպես բնության մեջ է պետք ժամանակ, որպեսզի մեր ցանած սերմերը պտուղ տան, նույնպես էլ հոգևոր կյանքում է պետք։
Սպասելիս մենք շատ կարևոր բաներ ենք սովորում։ Մենք սովորում ենք վստահել Աստծուն ամեն պարագայում և հնազանդվում ենք Նրան։ Սպասելիս մենք չպետք է մոռանանք ջրել մեր ցանած սերմերը։ Մենք պետք է խնամք տանենք դրանց համար և փառաբանենք Աստծուն ամեն ժամանակ։
Բոլորս էլ գիտենք, որ սպասելը հեշտ բան չէ։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ ամեն բան փորձում են հեշտացնել։ Աստծո գործում դա այդպես չէ։ Պողոս առաքյալը գրում է.«Եւ չձանձրանաք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիս 6.9):
Համբերությունն իմ ընկերն է
Եթե ուզում ենք ունենալ բարեկեցիկ կյանք, ապա սերմերը հավատով պետք է ցանենք՝ գիտակցելով, որ բարեկեցությունը ոչ թե իրադարձություն է, այլ՝ գործընթաց։
Մարկոս 4.28-ում Հիսուսն ասում է. «Որովհետև երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, հետո հասկը, և նրանից հետո լցված ցորեն հասկի մեջ»։
Թանկագին ընկե՛ր, եթե դու սերմեր ես ցանել Աստծո թագավորության համար, դա պետք է անես հավատով, և բերքահավաքը լավը կլինի։
«Եւ իմ Աստվածը լրացնե ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):
Իսկապես դժվար է սպասել, բայց Աստված մեզ կարող է զորացնել։
«Եվ հավիտենից ի վեր չէ լսված և ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մեկ ուրիշ աստված այսպիսի բաներ աներ իրան հուսացողներին» (Եսայա 64.4)։
«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն եւ չեն վաստակի, կգնան եւ չեն հոգնի» (Եսայա 40.31)։
«Բարի է Տերը իրան հուսացողներին՝ այն անձին, որ Նրան որոնում է» (Ողբ Երեմիա 3.25)։
Եթե դուք հավատարիմ եք Աստծուն, հնազանդվում եք Նրա կամքին, կարող եք համոզված լինել, որ ձեր ցանած սերմերի բերքը ճանապարհին է։
Եվ դա այն բերքն է, որին արժե սպասել։
Հեղինակ՝ Դեյվիդ Չերուլլո
Աղբյուրը՝ inspiration.org
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը