Մաքուր խիղճ
Երբ Ֆիոնա Քեմբըլը նշանավոր դարձավ որպես աշխարհի շուրջը ոտքով անցած առաջին կինը, նրա ուրախությունը երկար չտևեց: Հակառակ ստացած մեծարանքին՝ մի բան տանջում էր նրան: Մեղքի գիտակցությունն ի վերջո ճնշեց նրան, և նա ջղագարության մեջ ընկավ: Վերջապես, խիղճը մաքրելու համար նա խոստովանեց. «Ես չպետք է հիշվեմ որպես աշխարհի շուրջը ոտքով անցած առաջին կինը: Ես խարդախել եմ: Ես ճանապարհի մի զգալի մաս անցել եմ բեռնակառքով»:
Աստված մեզանից յուրաքանչյուրին խիղճ է տվել, որը մեզ մեր հանցանքն է հիշեցնում, երբ սխալ քայլ ենք կատարում:
Հռոմեացիներին գրված նամակում առաքյալը մեր խիղճը նկարագրում է որպես մեզ մեղադրող կամ թույլ տվող մի զգացում. «Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը» (Հռոմ. 2.15):
Քրիստոսին հնազանդորեն հետևողների համար խղճի հոգածությունը շատ կարևոր միջոց է՝ որպես մեր սխալ ընթացքը մեզ ցույց տվող բարոյական կողմնացույց: Մեր մեղքերը խոստովանելը, դրանցից հրաժարվելը և հատուցում կատարելը պետք է մեզ համար կենցաղավարություն դառնան (Ա Հովհ. 1.9, Ղևտ. 6.2-5): Պողոս առաքյալն օրինակելի խիղճ ունենալու իր ջանքի մասին ասում է. «Որ հենց սրա համար ինքս միշտ ջանք եմ անում, որ Աստծո առաջ ու մարդկանց առաջ մաքուր խղճմտանք ունենամ» (Գործք. 24. 16):
Սիրելի՛ ընթերցող, եթե մեղքը նեղություն է պատճառում քեզ, հետևի՛ր առաքյալի օրինակին: Մաքառի՛ր մաքուր խղճմտանք ունենալու համար:
«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից