Երբ Քենիայում բնակվող հայտնի Մասաի ցեղի մարտիկները նկատում են, որ իրենց ոչխարները հանկարծակի սկսում են վախենալ, իսկ խոտերի մեջ մի հատված քամուց չի շարժվում, հասկանում են, որ ինչ-որ տեղ առյուծ կա թաքնված։ Նրանք հասկանում են, որ չեն կարող վազել առյուծի մոտ, ոչ էլ՝ փախչել  նրանից։ Դրա փոխարեն խմբով հավաքվում են ու սկսում աղմկել առյուծին հրահրելու համար։ Երբ առյուծը  հարձակվում է, միասին պայքարում են դրա դեմ։ Մասաի ցեղից մի մարտիկ այս ամենը նկարագրելուց  հետո մեր եկեղեցու միսիոներներից մեկին ցույց տվեց առյուծի հարձակման հետևանքով առաջացած մի քանի սպի և ավելացրեց. «Երբ առյուծը հարձակվեց ինձ վրա, իմ ընկերներն ընկան առյուծի վրա։ Առյուծը սատկեց, իսկ մենք ողջ մնացինք»։

Պետրոս առաքյալը զգուշացնում է ուրիշ` թվացյալ առյուծի մասին, որը փորձում է մարմնի փոխարեն որսալ մեր հոգին.

«Արթո՛ւն մնացեք հսկեցե՛ք, որովհետև ձեր հակառակորդը՝ Սատանան, մռնչացող առյուծի պես պտտվում ու փնտրում է՝ թե ում կուլ տա» (Ա Պետրոս 5.8):

«Արթուն մնացեք» խոսքը, որը Պետրոսն իր նամակում կրկնում է ևս երկու անգամ, պատահական չէ և նշանակում է լինել զգոն, սթափ։ Շատերը, երբ սթրեսի և դժվարությունների մեջ են լինում, փորձում են իրենց խնդիրները խորտակել ալկոհոլի մեջ։ Բայց դուք  չեք կարող ձեզ նման բան թույլ տալ, քանի որ կա հակառակորդ, որը մշտապես զբաղված է ձեզ ոչնչացնելու փորձերով։

«Արթուն մնալ» նշանակում է նաև աշխարհը պարզ տեսնել։ Ք. Ս. Լյուիսն իր «Բալամուտի նամակները» գրքում ասել է, որ քրիստոնյաները սատանայի հետ կապված երկու հիմնական սխալ են թույլ տալիս՝ ոմանք չափազանցնում են՝ մեղադրելով նրան իրենց կյանքի բոլորի մեղքերի մեջ։  Մյուս կողմից, և գուցե ավելի խնդրահարույց են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում սատանային։

Դուք կարող եք մտածել, որ ձեր երեխան սխալ ընտրություն է կատարել և վատ շրջապատ ընկել։ Կարող եք մտածել, որ բարդ ժամանակաշրջանում եք ապրում և անհրաժեշտ է ընդամենը մի փոքր կարգապահություն, որպեսզի ժամանակ գտնեք Աստվածաշունչ կարդալու համար։ Այդ ամենը կարող է ճիշտ լինել, բայց մի արհամարհեք այն դերը, որ այս ամենում կարող է ունենալ սատանան։ Նա ամենուր մռնչում է։

Առյուծները երկու վարք ունեն՝ թաքնվել, երբ հետապնդում են զոհին և մռնչալ, երբ արդեն բռնել են։ Պետրոսն ասում է, որ սատանայի մռնչյունը լսվում է  աշխարհի ամեն անկյունում։ Եթե դուք չեք լսում այն ձեր կյանքում, ապա նա թաքնվում է։

Շատ քրիստոնյաներ բոլորովին անտեղյակ են, որ սատանան իրենց կայնքում դեր ունի։ Նրանք բավականաչափ չեն աղոթում և հեռանում են Աստծուց։ Նրանք մեղքի համար փոխզիջման են գնում և սատանային հիմքեր տալիս։ Պետրոսն այդ քրիստոնյաներին ասում է՝ հսկեցե՛ք։

Սատանան  ուժեղ է, բայց Հիսուսն ավելի ուժեղ ու զորավոր է։

Շնաձկան հարձակվելու հավանականությունը հավասար է 3,7 միլիոնից մեկին, բայց մարդիկ վախից ջուրը չեն մտնում։ Արջի հարձակվելու հավանականությունը փոքր է, բայց մարդիկ անտառ չեն գնում։ Սատանայի հարձակման հավանականությունը մեծ է։ Նա կա՛մ թաքնվում է, կա՛մ մռնչում, բայց միշտ ակտիվ է։

Դուք կարող եք հաղթել սատանային ոչ թե, որ ուժեղ եք, այլ նրա համար, որ  Հիսուսը հաղթել է նրան։ Դուք չպետք է վախենաք նրանից, բայց նաև պետք չէ արհամարհել նրան։ Դուք պետք է պայքարեք նրա դեմ, բայց ո՛չ մարմնի զենքով, բնավորությամբ, իմաստությամբ, վճռականությամբ։ Դա նման է հրազենի դեմ դանակով մարտի դուրս գալուն։ Ձեզ անհրաժեշտ է Հոգու զենքը՝ հաճախ աղոթե՛ք, քայլե՛ք Աստծո հետ, հաղորդակցվե՛ք, հայտնե՛ք ձեր կարիքները, կիսվե՛ք ձեր ունեցած դժվարություններով, ապաշխարե՛ք ու խոստովանե՛ք ձեր մեղքերը, սովորե՛ք Աստծո Խոսքը, մի՛ տրվեք աշխարհի մշակույթի ճնշումներին, շարունակե՛ք ճիշտ վարվել, պայքարե՛ք հավատարիմ մնալու համար։

Քրիստոնեական կյանքը բարդ է։ Այն մյուս տարբերակներից շատ ավելի լավ է, բայց միշտ չի նշանակում, որ ավելի թեթև է։ Փաստորեն, Հիսուսին հետևելը երբեմն մեր կյանքում դժվարություններ է առաջացնում։ Բայց այս կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան այս դաժան, քաոսային աշխարհում պարզապես գոյատևելը։

Հիսուսի մեջ կյանքի լիություն կա։ Միայն սատանայի դեմ շարունակվող մարտերը հիշելիս է, որ լիովին գիտակցում ենք խաչի վրա ունեցած հաղթանակը։ Այդ ժամանակ մենք կարող ենք միասին հավաքվել, որպեսզի մեր կյանքում հաղթենք մեղքը և հաջողության հասնենք դժվարին ժամանակներում։

Հեղինակ՝ Ջ.Ջ. Գրիար
Աղբյուրը՝ ieshua.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.