Աստծո պատասխանները կարող են գերազանցել մեր ակնկալիքները
«Եվ ես տակավին խոսում էի աղոթքում, որ այն Գաբրիել մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նվաղած ժամանակին, դիպավ ինձ երեկոյան զոհի ժամանակին և հասկացնելով խոսում էր ինձ հետ, և ասաց. ով Դանիել, հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ:
Քո աղաչանքի սկզբումը խոսք դուրս եկավ, և ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես. ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը: Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա…» (Դանիել 9.21-24):
Դանիելն իր սիրտը բացեց Աստծո առջև (Դանիել 9.2): Նա կարդացել էր Երեմիա մարգարեի խոսքերը և գիտեր, որ Աստված խոստացել է փրկել Իր ժողովրդին Բաբելոնի գերությունից 10 տարի հետո: Ուստի հատուկ ճիգով իր ժողովրդին Աստծուն ներկայացնելու համար Դանիելը ծոմապահությամբ աղոթք արեց: Նա աղերսեց Աստծուն, որ չուշացնի Իր ժողովրդի փրկությունը (Դանիել 9.19):
Երբ աղոթում ենք, կան որոշ բաներ, որ գիտենք, և որոշ բաներ, որ չգիտենք: Օրինակ, հավատում ենք, որ Աստված պիտի լսի մեր աղոթքը, եթե Նրան ճանաչել ենք՝ որպես մեր երկնավոր Հայր՝ առ Քրիստոս ուենացած մեր հավատքով: Գիտենք նաև, որ Նրա պատասխանը պետք է լինի ոչ թե իսկ և իսկ մեր ուզածի պես, այլ Իր կամքի համեմատ: Սակայն չգիտենք, թե պատասխանը երբ պիտի գա և ինչ պիտի լինի:
Դանիելի աղոթքի պատասխանը եկավ անմիջապես և հրաշքի ձևով: Մինչ նա աղոթում էր, Գաբրիել հրեշտակն արդեն եկել էր պատասխանը տալու: Սակայն պատասխանի բնույթը նույնքան անակնկալ էր, որքան նրա արագությունը: Մինչ Դանիելն Աստծուն հարցնում էր 70 տարիների մասին, պատասխանը մարգարեական 70 յոթնյակների մասին էր:
Դանիելն Աստծուց պատասխան խնդրեց այստեղ և հիմա, բայց Աստծո պատասխանը կապված էր ապագայի՝ հազարավոր տարիներ հետո կատարվելիք դեպքերի հետ: Աստծո պատասխանը կարող է անակնկալի բերել քեզ, բայց վստահ եղիր, որ այդ պատասխանը Նրա փառքի համար պիտի լինի:
Աստծո պատասխանները մեր աղոթքներին կարող են գերազանցել մեր ակնկալիքները:
Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից