Ծնկածին հնարավոր չէ ծնկի բերել. Արթուր Սիմոնյան
Մեր երկրում պատերազմ է և տխրություն, շատերն են դառնանում' տեսնելով վճարվող մեծ գինը' բազում վիրավորներ և նահատակներ։ Սուգը թակել է մեր ազգի դուռը, սակայն կանգնած ենք և չենք հանձնվում: Մեր եկեղեցուց արդեն հինգերորդ երիտասարդն է զոհվել։ Կար հրաշալի ժամանակ, երբ հավաքույթներին տեսնում էինք, թե ինչպես են նրանք փափագում Աստծո համար մի բան անել: Այսօր նրանք էլ չկան, մեծ վիշտ է մեզ համար:
Բայց գիտե՞ք, թե ինչն է ինձ սկսել վախեցնել և մտահոգել, որ ինձ համար սա սովորական է դառնում, վախեցնում է, որ հուղարկավորություններին մասնակցելն ու վիրավորներին այցելելը սովորական երևույթ է դառնում: Վախեցնում է, որ ես չեմ ծրագրում իմ օրը, այլ օրն է թելադրում իր ծրագիրը: Առավոտյան արթնանում եմ և շարժվում ոչ թե իմ ծրագրով, այլ օրից է կախված' ուր գնամ և ինչ անեմ:
Ինձ վախեցնում է լռությունը: Քաղաքը լռում է, մթնոլորտում լռություն է։ Այնպիսի տպավորություն է, թե բնությունն էլ է լռում, երբեմն Աստված էլ է լռում: Նախկինում մտածում էի, որ լռությունն ուժ է: Բայց այսօր ցանկանում եմ գտնվել ուրիշ մթնոլորտում , որտեղ քաղաքը խոսում է, Աստված խոսում է, որտեղ աղմուկ է, և լռություն այլևս չկա, երբ ողջ աշխարհը խոսում է, ոչ թե՝ լռում:
Երբեմն այնպիսի վատ իրավիճակի մեջ ենք ընկնում, որ մարդիկ նայում են մեզ և լռում, ոչինչ չեն ասում: Ասելու բան չունեն, միայն համեստ մեզ հետ լաց են լինում: Հիմա ես ցանկանում եմ, որ մարդիկ մեզ նայելիս մի բան ասեն, խնդան և ցնծան: Շատ բաներ սկսել են ինձ մտահոգել։ Ինձ վախեցնում է, երբ Հռոմի Պապն ինչ-որ անհեթեթություն է խոսում և գովազդում նույնասեռականներին, իսկ մարդիկ էլ ընդունում են, և այդ երևույթը ինձ չի զարմացնում, ու ինձ դա մտահոգում և վախեցնում է: Ինձ վախեցնում է, որ չեմ զարմանում, երբ տեսնում եմ, որ Հռոմի Պապը նման բաներ է խոսում, առանց աստվածաշնչային հիմնավորման, այլ՝ իր կարծիքով: Եվ մարդիկ, ուրանալով Աստծո Խոսքը, ընդունում են Պապի ասածը: Մի՞թե Պապի ասածը բարձր է Խոսքից... Սարսափելի է, երբ այստեղ՝ մեր երկրում, այդքան մարդ է զոհվում, պատերազմը տանում է այդքան լուսավոր երիտասարդների, իսկ Հռոմի պապին մտահոգում է նույնասեռականների խնամքի հարցը: Սա ինձ սարսափեցնում է: Ինձ մտահոգում է այն փաստը, որ մեր հարևան հարուստ, ամբարտավան երկրները ուզում են մեր ազգին ծնկի բերել: Եվ անամոթաբար հայտարարում են, որ մենք ընդամենը երեք միլիոն ենք և աղքատ, որ մի քանի ժամում մեր հարցերը կլուծեն: Բայց նրանք չեն հասկանում, որ ծնկածին հնարավոր չէ ծնկի բերել:
Այո՛, մեր ազգը ծնկել է և ծնկում է միայն Հիսուս Քրիստոսի և ուրիշ ոչ մեկի առաջ: Իսկ ծնկած ազգի մոտ Աստված է կանգնած: Այո՛, շատ բաներ են սկսել ինձ վախեցնել, հատկապես լռությունը։ Աշխարհի լռությունը մեզ սպանում է: Աշխարհը լուռ էր 1915 թ.-ին և լուռ է այսօր: Դիպուկ է ասել Էդմունդ Բյորկը. «Միակ բանը, որ անհրաժեշտ է չարի հաղթարշավի համար, այս է, որ լավ մարդիկ ոչինչ չանեն»: Ոչի՛նչ, սա էլ կանցնի:
Բայց ես հասկացա, որ լռության մեջ մենք զորանում և ավելի իմաստուն ենք դառնում: Երևի կրակի մկրտությունով ենք մկրտվում։ Մի բան գիտեմ, որ մեր տկարության ժամանակ Աստծո զորությունն է երևում, և դրանից հետո մենք ավելի ուժեղ և հաջողակ կդառնանք: Հիշում եմ Աբրահամին, երբ Աստված պատվիրեց նրան իր որդուն զոհաբերել: Ճանապարհին Աստված լռում էր, բայց երբ նա մոտեցավ զոհասեղանին, Տերը սկսեց նորից խոսել: «Կա լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ» (Ժողովող 3.7):
Սիրելինե'ր, եթե Աստված լռում է ձեր կյանքում, սպասե՛ք Նրան, մի՛ շտապեք եզրակացություններ անել, Աստված կրկին կխոսի, արե՛ք այն ամենը, ինչ Նա վերջին անգամ պատվիրել է ձեզ:
Եթե դու հիմա ապրում ես այդպիսի կյանքով, որտեղ լռություն է, որտեղ ամեն ինչ վախեցնում է քեզ, մի՛ շտապիր, սպասի՛ր Աստծուն, ինչպես Աբրահամը։ Աբրահամի կյանքում Աստված լռում էր, չէր մխիթարում, ոչինչ չէր ասում, սակայն երբ նա արեց այն, ինչ Աստված էր պատվիրել, Տերը կրկին սկսեց խոսել նրա հետ:
Այդպես էլ դու արա, սիրելի'ս, եթե Աստված լռում է քո կյանքում, սպասի՛ր Աստծուն: Նա կրկին կխոսի, և երբ Աստված խոսի, ողջ աշխարհն է խոսելու, ուրախությունը կվերադառնա: Չկա պատերազմ, որը չի վերջացել, սա էլ կավարտվի: Ինչպես իմ դուստր Աննան էր ասում. «... ինչքան էլ որ Ապրիլը ճանկռի, մեկա մեզ ԱպրԵլը իր գիրկը կառնի, ու Կյանքը նորից նռացող վերքին սերունդ կփչի»:
Խնդրում եմ' աղոթեք, որ պատերազմը դադարի և խաղաղության պարիսպները բարձրանան մեր սահմաններում։ Թո՛ղ Աստված մխիթարի մեզ: Սիրում եմ բոլորիդ: