Մի՛ մեղադրիր Աստծուն
Իմ անձնական փորձից գիտեմ՝ հիվանդության մահճից, որ ուղեղումս կային հարցեր, որոնք պետք էր կարգավորել նախքան, քան իմ հավատքը կդառնար արդյունավետ:
Երկար ժամանակ սատանան փորձում էր համոզել ինձ, որ Աստված նվաստացնում և պատժում էր ինձ կյանքիս սխալ արարքների համար: Որոշ ժամանակ ես լսում էի այդ խոսքերը, բայց վերջ ի վերջո ես ասացի. «սատանա՛, ես այդպիսին եմ ծնվել: Ես ծնվել եմ սրտի արատով և ներքին օրգանների լուրջ հիվանդությամբ: Ի՞նչ իմաստ ունի Աստծո ինձ պատժելը մի բանի համար, ինչ ես անգամ չգիտեմ: Դա չի կարող ճշմարիտ լինել»:
Երբեմն սատանան ասում էր. «Դու հիվանդ ես, քանի որ քո ծնողներն ինչ-որ բան այն չեն արել: Հենց այսպես էին մտածում աշակերտները մարդու մասին, ով կույր էր ի ծնե: Նրանք հարցրին Հիսուսին. «Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել» (Հովհաննես 9.2):
Որոշներն աղավաղում են Հիսուսի պատասխանը 3-րդ խոսքում՝ ասելով. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ ծնողները: Նա հիվանդ է նրա համար, որ Աստված նրան բժշկի»: Բայց Խոսքն այդպես չի ասում. «...այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։ Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ Ինձ ուղարկեց…» (3,4 խոսքեր):
Եթե դու ընթերցումն ավարտես հենց այստեղ, ապա կարող ես ասել. «Նա հիվանդ է միայն նրա համար, որ Աստված բժշկի նրան»: Ինչպիսի՜ սարսափելի մեղադրանք Աստծո հասցեին: Ահա հասուն տղամարդ՝ կույր ի ծնե, և Աստված նրան ուղղակի կուրացրեց, որ բժշկի՞: Եթե դա ճիշտ լիներ, ապա Աստված Աստված չէր լինի, այնպես չէ՞: Եվ Նա ինձ չէր հետաքրքրի: Բայց փառք Աստծուն, որ դա այդպես չէ: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսն ասաց. «Ես պետք է անեմ Ինձ Ուղարկողի գործերը»: Նա ակնթարթորեն արեց այնպիսի գործ՝ բժշկելով այդ տղամարդուն:
Երբ սատանան տեսավ, որ ես հավատալու եմ բժշկությանն այսպես թե այնպես, նա փորձեց համոզել ինձ, որ իմ բժշկությունն Աստծո կամքը չէ: Նա ասաց. «Բժշկություն իսկապես գոյություն ունի, բայց Աստված բժշկում է ոչ բոլորին: Դու չես պատկանում նրանց թվին, ում Նա ցանկանում է բժշկել»: (Շատ մարդիկ հավատում են այս ստին, որ իրենց բժշկությունն Աստծո կամքը չէ, այդուհանդերձ, բացարձակ անտրամաբանական է հավատալ, որ Աստված բժշկում է և միևնույն ժամանակ չհավատալ, որ Նա կարող է բժշկել քեզ):
Ես թողեցի այս փաստարկը ևս և շարունակեցի փնտրել պատասխաններ: Ամենը, ինչ ես գիտեի, սահմանափակվում էր լսածս պատգամներով ու նրանով, ինչ ասում էին այլ մարդիկ: Որոշներն ասում էին. «Քո հիվանդությունը Աստծո ձեռքի գործն է: Այս ամենն Աստծուց է»: Այդ բացատրությունը ինձ չէր բավարարում: Ուրիշներն ասում էին. «Գուցե Աստված չի հանդիսանում այդ հիվանդության հեղինակը, բայց Նա թույլատրել է հատուկ նպատակով»: Սա գրեթե նույն բանն է:
Ես երբեք չեմ ունեցել երջանիկ մանկություն: Ես երբեք չեմ ծիծաղել: Հայրս լքեց մեզ, երբ 6 տարեկան էի: Հիվանդությունն ազդեց իմ բնավորության վրա: Ես այնքան տկար էի, որ չէի կարող ինձ պաշտպանել աշակերտներից դպրոցում: Ինձ կարող էր ծեծել յուրաքանչյուրը՝ անգամ աղջիկները:
Երբ փորձում էի պաշտպանվել, կորցնում էի գիտակցությունս ավելորդ ջանքերի պատճառով: Շատ անգամներ գտնվել եմ ուշաթափ վիճակում 45 րոպե, մեկ անգամ էլ ՝ժամուկես: Դպրոցի բուժքույրն ու ուսուցչուհիս ասում էին, որ երբեմն սևանում էի կամ կապտում: Նրանցից շատ ջանք էր պահանջվում ինձ ուշքի բերելու համար:
Ես վերստին ծնվեցի, երբ գամված էի անկողնուն, բայց անգամ դրանից հետո մտքումս առաջանում էին հարցեր՝ ինչո՞ւ եմ այդպիսին ծնվել: Աստված հանդիսանո՞ւմ է հեղինակն այն տառապանքների, որ այսօր կան աշխարհում: Հիշում եմ՝ ինչպես էի ինքս ինձ հարցնում՝ ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրում:
«Ինչո՞ւ ես»,- հարցնում էի Աստծուն: «Ինչո՞ւ եմ ծնվել ժամանակից շուտ՝ մեկ կիլոգրամից պակաս քաշով: Դո՞ւ ես արել այնպես, որ ժամանակից շուտ ծնվեմ»: «Ինչո՞ւ պետք է տառապեմ ամբողջ կյանքում: Ինչո՞ւ չեմ ունեցել նորմալ մանկություն: Դո՞ւ ես գողացել իմ մանկությունը: Ինչո՞ւ չեմ իմացել՝ ինչ է երջանկությունը: Դո՞ւ ես ստիպել ինձ նստել և նայել, թե ինչպես են ուրիշները վազում, թռնում ու խաղում: Հիմա ես գամված եմ անկողնուն, և հինգ բժիշկներ պնդում են, որ ես կմահանամ: Ինչո՞ւ ես: Ես չեմ արել այնպիսի բան, ինչի համար դա կարող էր գալ ինձ վրա: Ինչո՞ւ, Աստվա՛ծ»:
Ես լալիս էի. «Օ՜, Աստվա՛ծ, չեմ ուզում մեռնել: Ես չգիտեմ կյանքը: Ես գիտեմ՝ ինչ է սովը, ցուրտը, մերկությունը: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է ապրելը նորմալ հարմարություններով և լինել շրջապատված լավ բաներով»: (Մանուկ ժամանակ ես այնքան էի սովածանում, որ ուշաթափվում էի ուտելիքի հոտից):
Այդպիսի հարցերը կարիք ունեն պատասխանի, բայց ոչ ոք չի կարող պատասխանել քեզ: Քեզ կարող են ասել ինչ-որ աստվածաբանական տեսություն, որ ոչինչ չարժե:
Բայց փառք Աստծուն, որ պատասխան կա Աստվածաշնչում: Հավատալով Աստծո Խոսքին՝ կարող ենք ազատագրվել, իսկ կասկածելով այդպես էլ մնալ կապանքների մեջ:
Ես այնքան ուրախ եմ, որ գտա պատասխանը: Ես գտա այն Գործք Առ. 10.38-ում. «Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր»: Հիսուսը քայլում էր՝ բարիք անելով և բժշկելով բոլոր սատանայից հարստահարվածներին: Որքա՜ն լավ է, այնպես չէ՞:
Այս խոսքը սովորեցրեց ինձ, որ սատանան կեղեքիչ է: Պատճառը, թե ինչու էի շուտ ծնվել, սատանան էր: Պատճառը, թե ինչու ունեի սրտի արատ, սատանան էր: Պատճառը իմ գրեթե ամբողջական պարալիզացման սատանան էր: Սատանան պատճառն էր իմ՝ արյան անբուժելի հիվանդության: Սատանան կապեց ինձ հիվանդությունով անկողնուն 16 ամսով:
Բայց Հիսուսն Ազատագրող է:
Հիսուսը կյանք Տվող է:
Հիսուսը Փրկիչ է:
Հիսուսն Աստված է մարմնում:
Ալելուիա՜: Ես երբեք այդքա՜ն ոգևորված չեմ եղել իմ կյանքում, ինչպես այն ժամանակ, երբ բացահայտեցի այդ ճշմարտությունը: Այո՛, Աստծո Խոսքը ճշմարտություն է:
Այն բանից հետո, երբ տեսա, թե ինչ է ասվում Աստվածաշնչում և ստացա իմ բժշկությունը, ես սողացի անկողնուց և ասացի. «Ես չե՛մ մեռնի: Ես կապրե՛մ, և ես ընտանիք կունենամ՝ կին և երեխաներ»:
Այն ժամանակ ես 17 տարեկան էի՝ պատանի տղա:
Հեղինակ՝ Կ. Հեյգեն (1917-2003թթ.)
Աղբյուրը՝ jesustoday.info
Թարգմանեց՝ Աննա Հովհաննիսյանը