Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է
«Երանի այն ազգին, որ նրա Աստվածը Տերն է… » Սաղմոս 33.12
Աստված չի ուզում ո՛չ մի մարդու կորուստը, սակայն Աստված կանգնած է այն ժողովրդի համար, որի վրա կանչված է Իր անունը: Իսկ Աստծո անունը հայ ժողովուրդը իր վրա կանչել է դեռևս հեռավոր անցյալում՝ 301 թվականին: Եվ երբ ամբողջ աշխարհը պայքարում էր Քրիստոսի վարդապետության հետևորդների դեմ, հայ ժողովուրդը՝ ի դեմս իր թագավորի, խոնարհվեց ընդունելու Հիսուս Քրիստոսին և կոչվելու քրիստոնյա պետություն: Նա հավատարիմ մնաց իր ուխտին ցայսօր, մաքառեց ու ատամներով, հայորդիների արյան գնով ու սրով, աղոթքով ու Խոսքով պայքարեց, պահեց իր հավատքը, դավանանքը՝ ապացուցելով, որ հայ ժողովրդի Տերը Աստված է, որ հայը Քրիստոսինն է, ու Տիրոջ անունն անխախտ կանչված է իր վրա:
Եվ այսօր էլ հայը խոնարհված է առ Աստված, իր հույսը բազմողորմ Աստծո վրա է, նրա ուժը Տերն է և սպասելիքն էլ կրկին Աստծուց: Ազգովի Տիրոջն ենք ապավինել, հուսացել ու զորանում ենք Նրա կենդանի ու փրկարար Խոսքով: Ո՛վ Տեր, լսիր քո հայ ժողովրդի աղերսանքը, մեր հույսը Դո՛ւ ես, մեր բազկի ուժը, մեր ապավինությունը Դո՛ւ ես, ուրեմն՝ պատերազմի՛ր մեր փոխարեն՝ ցույց տալով հերթական անգամ, որ այն ժողովուրդը, որի վրա կանչված է Քո անունը, անպարտելի է, օրհնյալ ու Քո ապահով ծածկոցի տակ:
Աննա Հովհաննիսյան