7 բան, որ Աստված ասում է երկրի մասին
1. Մարդուն հանձնարարված է կառավարել երկիրը։
Աստվածաշնչի առաջին գրքում՝ Ծննդոց 2.15-ում, գրված է. «Եվ ՏԵՐ Աստված առավ մարդուն ու դրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի այն ու պահի»։
Իհարկե', Աստված կարող է հոգ տանել իր ստեղծած երկրի մասին, բայց կարևոր է, որ Նա այդ գործը վստահում է իր ստեղծած մարդկանց։ Յուրաքանչյուր ոք, ով երբևէ այգեգործությամբ է զբաղվել, օգնել է քաղաքի փողոցները մաքրել կամ ծառեր է տնկել, հավանաբար, կզգա այդ առաջադրանքի բերկրանքը։
2. Աստված մարդկանց իր ստեղծագործության վրա իշխանություն է տվել։
Աստված ոչ միայն մարդկանց հանձնարարել է հոգ տանել երկրի մասին, այլև իշխանություն է տվել իր ստեղծագործության վրա.
«Եվ Աստված ասաց. «Եկե՛ք մեր պատկերով մարդ արարենք. և թող նա իշխանություն ունենա ծովի ձկների ու երկնքի թռչունների և անասունների ու ամբողջ երկրի ու սողացող բոլոր սողունների վրա»»։ Ծննդոց 1.26
Մարդիկ Աստծո յուրօրինակ ստեղծագործությունն են, և ցուց տալու համար, թե որքան է մեզ գնահատում, Նա հնարավորություն է տալիս, որ օգտագործենք մեր միտքը, մարմինը և ռեսուրսները իր մյուս ստեղծագործությունների համար լավ առաջնորդներ լինելու համար։
3. Երկրին ևս հանգիստ է պետք, ինչպես մեզ։
Աստծո ամբողջ ստեղծագործությունը ստեղծվել է շնչելու և հանգստանալու անհրաժեշտությամբ։ Անգամ հենց այն տարածքը, որի վրա քայլում ենք, ժամանակ է պահանջում թարմանալու, լավ պտուղ տալու հատկությունը վերականգնելու համար։ Դա նման է նրան, որ տեսնում եք մի հողակտոր, որն աղբանոցի էր նման, իսկ հետո անապատը ծաղկանոցի է վերածվում։ Երկրին ժամանակ է անհրաժեշտ նորոգվելու համար։ Այդ մասին խոսվում է Աստվածաշնչի Ղևտացիների գրքում, երբ Աստված Իսրայելի ժողովրդին ասում է. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. «Երբ մտնեք այն երկիրը, որ Ես ձեզ եմ տալու, այդ երկիրը թող հանգստության շաբաթ պահի ՏԻՐՈՋ համար։ Վեց տարի քո արտը ցանի՛ր և քո այգին վեց տարի էտի՛ր և հավաքի՛ր դրա բերքը, բայց յոթերորդ տարում հանգստության շաբաթ, այսինքն՝ ՏԻՐՈՋ համար հանգստության շաբաթ պետք է լինի. քո արտը չցանես և քո այգին չմշակե՛ս»» ։ Ղևտացիների 25.2-4
4. Աստված ուզում է, որ մենք վայելենք Իր ստեղծածը, ոչ թե պղծենք։
Քանի որ Աստված մեզ իշխանություն է տվել իր ստեղծագործության վրա, մենք ապրելու համար իրավունք ունենք օգտագործելու այն, ինչ անհրաժեշտ է երկրից։ Նա թույլ է տվել օգտագործել ամենը սնվելու, կեցության և կյանքի համար անհրաժեշտ այլ բաների համար, բայց նաև զգուշացնում է, որ խնամքով վերաբերվենք այդ նվերին։
Երեմիա 2.7-ում Աստված ասում է. «Ես ձեզ բերի մի բերքառատ երկիր՝ ուտելու նրա պտուղն ու նրա բարիքը. բայց երբ մտաք, Իմ երկիրն անմաքուր դարձրիք և Իմ ժառանգությունը պղծության վերածեցիք»։
Սա զգուշացում է, որ երկրին խնամքով վերաբերվենք՝ որպես Աստծո ստեղծագործության արժեքավոր նշանի, այլ ոչ թե մի բանի, որ կարող ենք վատնել և պղծել։
5. Աստված օգտագործում է իր ստեղծագործությունը, որպեսզի հիշեցնի մեզ Իր ճշմարտությունը։
Մատթեոս 6.26-ում Հիսուսն ասում է իր հետևորդներին. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Մի՞թե դուք դրանցից ավելի լավը չեք»։
Աստված հաճախ օգտագործում է իր հրաշալի ստեղծագործությունը, որ հիշեցնի մեզ կարևոր ճշմարտությունների մասին. Իր ստեղծագործությունը հիանալի կերպով լրացնում է Իր Խոսքը։
Նայելով թռչուններին կամ առաջին ձյանը՝ կարող եք հիշել Աստծո ճշմարտության մասին։
6. Երկիրն Աստծո ստեղծագործության վկայություն է։
Հսկայական օվկիանոսներից մինչև ցնցող լեռնաշղթաներն ու բարդ էկոհամակարգերը, ամբողջ երկիրը կտավ է, որը հռչակում է Աստծո գոյությունը։
«Նրա աներևույթ հատկությունները, այսինքն՝ Նրա մշտնջենավոր զորությունն ու Աստվածությունը, աշխարհի արարչագործությունից սկսած պարզ երևում են, հասկացվելով այն բաներից, որ ստեղծված են, այնպես որ նրանք արդարացում չունեն»: Հռոմեացիներին 1.20
7. Մենք այս երկրի տնտեսներն ենք ժամանակավոր։
Որպես երկրի պահապաններ, մենք պետք է հիշենք, որ Աստված մեզ այս հանձնարարությունը ժամանակավոր է տվել։ Մի օր Նա «նոր երկինք ու նոր երկիր կստեղծի»։ Եսայի 65.17
Բայց առայժմ եկե՛ք մեր ուժերի ներածին չափով հոգ տանենք այս զարմանահրաշ մոլորակի մասին, որն Աստված մեզ պատվիրել է ղեկավարել։
Աղբյուրը՝ bogoblog.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը