Սովորեցրու ինձ աջակցել և հարգել նրան. Կնոջ աղոթքը
Տե՛ր, օգնի՛ր ինձ դառնալ լավ կին: Ես հասկանում եմ, որ չեմ կարող դա անել առանց Քո օգնության: Ազատի՛ր ինձ եսասիրությունից, անհամբերությունից ու նյարդայնությունից և դրանք վերածիր բարության, զոհաբերության և խոնարհ համբերության: Ազատագրի՛ր ինձ վատ սովորություններից և վատ տրամադրությունից, կոպիտ խոսքերից և պաշտպանվելու ցանկությունից, տո՛ւր ինձ բարություն, ողորմածություն, հավատարմություն, քնքշություն և սովորեցրո՛ւ ինձ զսպել հույզերս: Նորոգի՛ր իմ սիրտը դաժանությունից և քանդի՛ր իմ և ամուսնուս միջև եղած թշնամության պատը Քո հայտնության ուժով: Տո՛ւր ինձ նոր սիրտ և ստեղծիր նրանում սեր, խաղաղություն և ուրախություն: Ես չեմ կարող ինքնուրույն հաղթահարել իմ տկարությունները և բնավորության վատ գծերը. միայն Դու կարող ես փոխել ինձ: Ցո՛ւյց տուր ինձ մեղքը իմ սրտում՝ հատկապես իմ ամուսնու նկատմամբ: Ես ներողություն եմ խնդրում, որ նրան չեմ սիրել ու հարգել արժանի ձևով, որ զայրացել եմ նրա վրա, քննադատել ու հիշաչար եմ եղել: Օգնի՛ր ինձ ազատագրվել նեղվածությունից, զայրույթից ու հիասթափությունից և ներել նրան այնպես, ինչպես միայն Դու կարող ես՝ լիովին, առանց անցյալը հիշեցնելու:
Այնպես արա՛, որ կարողանամ նորոգել ամուսնությունս և նրանում խաղաղություն բերել: Վերածնի՛ր իմ և ամուսնուս միջև առողջ հաղորդակցություն և փրկի՛ր մեզ օտարացումից, հեռացրո՛ւ մեզ այն շեմից, որտեղից սկսում է բաժանությունը: Օգնի՛ր ինձ դառնալ օգնական և ընկեր ամուսնուս համար: Օգնի՛ր մեր տունը դարձնել խաղաղ ու հանգիստ վայր, ուր նա միշտ կվերադառնա ուրախությամբ:
Սովորեցրո՛ւ ինձ հոգ տանել իմ մասին, որպեսզի մնամ գրավիչ նրա համար: Օգնի՛ր ինձ դառնալ ուժով լի, ամբողջական կին՝ հարուստ մտավոր, հոգով ու հոգևորապես:
Օգնի՛ր ուրախությամբ, Քեզ վրա հույս ունենալով ծնել և դաստիարակել մեր երեխաներին՝ որպես Երկնային Արքայության ժառանգորդներ: Ես բերում եմ իմ բոլոր հույսերը Քո խաչի մոտ: Ես ազատում եմ ամուսնուս պարտականությունից բավարարել իմ այն կարիքները, որոնք կարող ես բավարարել միայն Դու: Օգնի՛ր ինձ ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա և չփորձել փոխել նրան: Ես հասկանում եմ, որ նա չի կարող դառնալ լիովին այլ մարդ, բայց միևնույն ժամանակ հույս ունեմ հրաշալի փոփոխություններ տեսնել նրա մեջ, որոնք կարող ես ստեղծել միայն Դու: Փոխիր նրան այնպես, որ դա նրան էլ բարի լինի: Ես լիովին գիտակցում եմ, որ մեզանից ոչ ոք կատարյալ չի ու չի լինի այդպիսին: Միայն Դու, Տե՛ր, կատարյալ ես, և ես հույս ունեմ, որ կօգնես մեզ մոտենալ կատարելությանը:
Սովորեցրո՛ւ ինձ աղոթել ամուսնուս համար և դարձրո՛ւ իմ աղոքթի լեզուն իսկական սիրո լեզու: Եթե մեր սերը մահացել է, հարություն տո՛ւր նրան: Ցույց տո՛ւր ինձ՝ որն է իրական սերը և սովորեցրո՛ւ դրսևորել այն այնպես, որ ամուսինս զգա դա:
Միաբություն ստեղծիր մեր մեջ, որ ամեն ինչում համաձայնություն ունենանք: Թո՛ղ համբերության ու մխիթարության Աստված «տայ մեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ»:
Այնպես արա՛, որ մեկ թիմ դառնանք և դադարենք մրցակցել մեկս մյուսի հետ կամ պայքարել անկախության համար, սովորեցրո՛ւ աշխատել միասին՝ չնկատելով բացթողումները՝ հանուն մեր ամուսնական միության մեծ բարիքի: Սովորեցրո՛ւ մեզ ձգտել միմյանց և դառնալ հենք մեկս մյուսի համար: Թո՛ղ որ լինենք «կապված…մեկ հոգով ու մտքով»: Ես աղոթում եմ, որ մեր հավատարմությունը Քո և մեկս մյուսի նկատմամբ աճի օրեցօր: Օգնի՛ր ամուսնուս դառնալ մեր տան գլուխը՝ Քո հրամանի համաձայն: Սովորեցրո՛ւ ինձ աջակցել ու հարգել նրան և օգնել նրան կատարելու տան գլխի իր պարտականությունը: Օգնի՛ր ինձ հասկանալ նրա սրտի ցանկությունները և կիսել նրա կարծիքը: Բացի՛ր ինձ նրա ձգտումները և կարիքները, որ օգնեմ նրան: Ցո՛ւյց տուր ինձ հնարավոր խնդիրները, մինչ դրանց հայտնվելը: Ներշնչի՛ր կյանք մեր ամուսնությանը:
Տե՛ր, դարձրու ինձ այլ մարդ: Նորովի սովորեցրո՛ւ ինձ լավատեսորեն նայելու կյանքին: Թարմացրո՛ւ իմ հարաբերություններն այն մարդու հետ, ում Դու ինձ ես տվել որպես ամուսին: Սովորեցրո՛ւ նրան նայել ուրիշ աչքերով, լեցրո՛ւ սիրտս նոր սիրով, նոր կարեկցությամբ և նոր ցանկությամբ: Այնպես արա՛, որ ես դառնամ Աստծո նոր արարած և արժանի կին:
Կին, որ սիրում է Աստծուն
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը