Ինչպե՞ս կարող է մտքի փոփոխությունը փոխել ձեր կյանքը

Եթե դու երբևէ փոխել ես քո կարծիքը ինչ-որ հարցի շուրջ, ապա հաստատ կհասկանաս Աստվածաշնչի կարևորագույն հոգևոր սկզբունքներից մեկի՝ ապաշխարության կարևորությունը:

Ի՞նչ է ապաշխարությունը:

Ապաշխարությունը ենթադրում է ուղղության փոփոխություն, 180 աստիճանի  փոփոխություն՝ Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերություններում: Այն սկսվում է մեղքի հրաժարումից և Հիսուս Քրիստոսի առաջնորդությանը հանձնվելու որոշմամբ: Դա նաև կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մոտենալ Տիրոջը և ամեն օր քայլել Նրա հետ:

Յուրաքանչյուր մարդու մեղանչական բնությամբ ծնվելը պատճառ է դառնում, որպեսզի այն վառ կերպով արտացոլվի մարդկային գործողություններում: Այդ մեղքը խարխլում է Աստծո և մարդու միջև փոխհարաբերությունը, որը չի կարող կամրջվել մեր մարդկային ջանքերի միջոցով (Հռոմեացիներ 3.23, 6.23)։

Մեր մեղքը, սակայն, պատմության վերջը չէ: Փաստորեն, Աստված գործում է այն ամենի միջոցով, ինչ տեղի է ունենում մեր կյանքում՝ ներառյալ մեր մեղքը, որպեսզի մեզ մոտեցնի Հիսուսին (Հովհաննես 6.44-45, 14.6, Հռոմեացիներ 8.28-29):

Անկախ նրանից, թե ինչ ես արել, Աստված ճանապարհ է հարթել քեզ համար դեպի տուն՝ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա մահը խաչի վրա և հաղթական հարությունը ապահովում են Աստծո բոլոր օրհնությունները քո կյանքի համար՝ ներառյալ ներումը: Այն ամենն, ինչ պետք է անես, զղջալն է և քո կյանքը Հիսուսին հանձնելը (Գործք 3.19):

Սա այն է, ինչ Աստվածաշունչը կոչում է «վերստին ծնունդ» Աստծո Հոգու միջոցով (Հովհաննես 3.3-5): Մենք ունենում ենք վերստին ծննդյան փորձառություն՝ ապաշխարելով մեր մեղքերից, մեր կյանքը հանձնելով Հիսուսին՝ որպես Տեր եւ Փրկիչ, ունենալով այն անսասան հավատքը, որ Նա կների և կմաքրի մեզ մեր բոլոր մեղքերից (Հռոմեացիներ 3.23, 10.13, 1 Յովհաննէս 1.8-9, Հովհաննես 1.12):

Ամենօրյա քայլեր

Ապաշխարությունը՝ Քրիստոսի հետ քո հարաբերություններում ամենօրյա աճի բանալին է: Ահա, թե ինչու քրիստոնեական կյանքը ճանապարհորդություն է. մենք միանգամից չենք կատարելագործվում: Քո կյանքի մնացած ժամանակահատվածում դու կպայքարես քո մարմնի մեղավոր և եսասիրական հակումների դեմ: Մեղքի դեմ շարունակական այս պայքարի հաղթահարելու միակ ճանապարհը ապաշխարությունն է:

Կան դիրքորոշումներ և գործողություններ, որոնք ակնհայտորեն մեղանչական են: Աստվածաշունչը դրանք կոչում է «մարմնի գործեր» և դրանց ներառում՝ անբարոյականությունը, անմաքրությունը, ցանկասիրությունը, կռապաշտությունը, բարկության պոռթկումները, վեճերը, երկպառակտությունները, նախանձը, հարբեցողությունը և այլն: Մարմնի նման գործերից չապաշխարելը կբերի հոգևոր մահվան (Գաղ. 5.19-21, Հակոբոս 1.15):

Իրականում, այն ամենը, ինչը հավատքով չի արձագանքում հանգամանքներին և հարաբերություններին, մեղք է (Հռովմայեցիս 14.23, 1 Հովհաննես 5.17, Հակոբոս 4.17): Անհամբերությունը, անհանգստությունը, վախը, դառնությունը, ընկճախտը, հպարտությունը, վրդովմունքը և զայրույթը, բոլորն էլ ունեն իրենց մեղանչական արմատները: Բացի այդ, Տիրոջը վստահելու փոխարեն երևան եկող ցանկացած բան, ինչպիսին է, օրինակ, գուշակությունը, հոգեվերլուծությունը, աստղագուշակը, աստղագուշակությունը, դրանցից պետք է անպայմանորեն ապաշխարել:

Հավատք ապաշխարության համար

Եթե դու տառապում ես քեզ անդադար պաշարող մեղքով, ապաշխարությունը կարող է թվալ դժվար գործընթաց: Բայց նկատի ունեցիր, որ Աստվածաշունչն ասում է՝ «Աստծո բարությունը ձեզ ապաշխարության է տանում» (Հռովմայեցիս 2.4): Մեկ այլ հատված ցույց է տալիս, որ Աստված համբերատար սպասում է մեր ապաշխարելուն (Բ Պետրոս 3.9):

Քո երկնային Հայրը չի փնտրում ուղիներ քեզ պատժելու համար: Այո, Աստված արդար է, բայց Նա նաև սիրող հայր է, ով փնտրում է կորած մետաղադրամը կամ կորած ոչխարին. պատրաստ է թողնել 99-ին անվտանգ արոտավայրում՝ գտնելու այն մյուս մոլորվածին:

Աստծո սիրո ամենահզոր օրինակներից մեկը կարելի է տեսնել անառակ որդու առակում: Այն բանից հետո, երբ որդին փոխեց իր միտքը և գնաց տուն, Աստվածաշունչն ասում է. «Մինչ նա դեռ շատ հեռու էր, հայրը նրան տեսավ, վազեց և գրկեց նրան և համբուրեց նրան» (Ղուկ. 15.20): Սա Աստծո սիրտն է քո հանդեպ, երբ գալիս ես Նրա մոտ ապաշխարության:

Ինչպե՞ս ես աղոթում

Աստված համբերատար, բաց ձեռքերով սպասում է Իր որդիների և դուստրերի տուն վերադառնալուն: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր կողմից, խոնարհությունն է և հավատը, որ սիրող Հայրը կլսի մեր անկեղծ խնդրանքը և կմաքրագործի մեզ մեր մեղքից:

Կա՛նգ առ, հենց հիմա ապաշխարիր` փոխելով քո միտքը և շրջվելով այն ամենից, ինչը քեզ բաժանում է Աստծուց և քո շրջապատից: «Հա՛յր, ես հավատում եմ, որ դու սիրում ես ինձ: Քո Խոսքն ասում է, որ քո համբերությունն ու բարությունը ինձ առաջնորդում են ապաշխարության: Ուստի ես խոնարհաբար գալիս եմ դեպ Քեզ՝ խոստովանելով իմ մեղքերը: Ես շնորհակալ եմ, որ Դու ներեցիր ինձ Հիսուսի արյունով, և խնդրում եմ մաքրիր իմ մարմինը, սիրտը և հոգին: Սովորեցրու ինձ ամեն օր քայլել Քո առջև անկեղծ ապաշխարությամբ: Հիսուսի անունով: Ամեն»:

Մենք պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին՝ ներելու մեր մեղքերը, և հնազանդվենք Նրան մեր մնացած կյանքի ընթացքում: Այդ կերպ միայն կարող ենք ճանաչել Աստծուն և Նրանում վերագտնել կորցրած խաղաղությունը:

Աստվածաշունչն ասում է. «Այսպիսով, դու կփրկվես, եթե անկեղծորեն ասես՝ Հիսուսը Տեր է, և ամբողջ սրտով հավատաս, որ Աստված Նրան հարություն տվեց: Աստված կընդունի և կփրկի քեզ, եթե իսկապես հավատաս դրան» (Հռոմեացիներ 10.9-10)։

Կա՞ արդյոք որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու հենց հիմա չես կարող քո կյանքը հանձնել Հիսուս Քրիստոսին:

Համարներ ուսումնասիրության համար

Ո՞վ է մեղանչել (Հռոմեացիներ 3.23):

Ո՞վ պետք է ապաշխարի (Ղուկաս 13.3, Գործք 17.30-31):

Ապաշխարություն և աստվածային համբերություն (2 Պետրոս 3.9)։

Աստծո խոստումը, եթե ապաշխարենք (1 Հովհաննես 1.8-10)։

Ինչպե՞ս է ապաշխարությունը ուրախություն բերում (Ղուկաս 15.7)։

Իսկական ապաշխարության Դավթի օրինակը (51 սաղմոս)։

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ www1.cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.