«Ու քո ականջները քո ետևից մի ձայն են լսելու, որ ասում է. «Սա է ճանապարհը, սրանով գնացե՛ք, երբ աջ կողմ թեքվեք, և երբ՝ դեպի ձախ»: Եսայա 30.21

Ճիշտ այնպես, երբ ամուսնանում ենք և մեր ապրելակերպը հանձնում մեկ ուրիշի հաճությանը, նույնպես էլ, երբ վերստին  ծնվում ենք, հրավիրում ենք մի նոր և ավելի լավ Մեկին, որի հաճությանն ենք հանձնում մեր հին ապրելակերպը, Մեկին, ով նկարագրված է Լեռան քարոզում: Հարցն այն է՝ դու ուզո՞ւմ ես այդպես ապրել:

Գուցե քո պատասխանն է՝ այո՛, բայց ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել: Սա, իհարկե՛, այս ճամփորդությունը սկսելու հոգևորապես այդքան էլ լավ տարբերակ չէ: Մենք ոչ թե պետք է մտածենք՝ ինչպե՞ս սովորել այս ապրելակերպը, այլ թե որքանո՞վ դրա կարիքն ու ցանկությունն ունենք և հետո լսենք մեր Հոր առաջնորդող ձայնը:

Դուք կլսեք Աստծո խոսքի ձայնը և Սուրբ Հոգուն ձեր կողքին, ինչպես հովիվն է հետևում  իր գառներին և ձայն տալիս նրանց, երբ  ճանապարհից շեղվում են: Աստված կհետևի քեզ ու կառաջնորդի, եթե դու ուզես քայլել Նրա ճանապարհով:

Մի փոքրիկ տղա վազելով գալիս է մոր մոտ և բացականչում. «Մայրի՜կ, ես ինը ոտնաչափ հասակ ունեմ»: Մայրը պատասխանում է. «Այդպիսի անիմաստ բաներ մի՛ ասա»: Բայց երեխան ասում է. «Ես, իսկապե՛ս, ինը ոտնաչափ հասակ ունեմ: Ես չափել եմ ինձ»: «Լա՛վ, այդ ինչպե՞ս ես քեզ  չափել»,- հարցնում է մայրը: «Ես հանեցի կոշիկս  և դրանով իմ հասակը չափեցի: Այն հենց իմ ոտքի չափով է, և ես ինը ոտնաչափ հասակ ունեմ»:

Երբ մենք մեր չափանիշները փոխարինենք Աստծո չափանիշներով, մի կողմ դնենք, թե ինչպես կուզեինք ապրել մեր կյանքը և ընտրենք քայլելը Աստծո ճանապարհով, ապա Եսայա 30.21 համարում գրված այս հիասքանչ խոստումը կարող է իրականանալ մեր կյանքում: Այս կերպ Աստված Սուրբ Հոգով  դարձնում է մեզ այն, ինչ Հիսուսն է սովորեցնում, որ լինենք:

Աղբյուրը՝ sermonindex.net

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.