Ծաղկի՛ր այնտեղ, որտեղ տնկված ես...
Մենք չենք որոշում, որ երկրում ծնվենք, ինչպիսի ընտանիքում, ինչ միջավայրում, ինչ պայմաններում, սակայն երբ գիտակից ենք դառնում, արդեն մենք ենք որոշում մեր գտնված տեղում ծաղկենք, թե՞ անդադար բողոքենք:
⠀
Տեսե՞լ եք ասֆալտը ճեղքած ու ծիլ տված ծաղիկ կամ լսե՞լ եք, թե ինչքան հայտնի բիզնեսմեններ են ծնվել աղքատ ընտանիքներում: Իրար հակասող բաներ են, չէ՞, բայց եղել են, քանի որ պայքար է եղել ծաղկելու, ոչ թե համակերպվելու քո առաջ շարված պատերի ու փակված դռների դիմաց:
⠀
Մտածում եմ առաջինը ինձ համար ու ինչով կիսվում եմ, առաջինն ինձ է ուղղված: Ուզում եմ ամեն մեկս մեր եղած տեղում ծաղկենք կյանքի բերումով, մեր որոշումով կամ այլ հանգամանքներով: Որտեղ էլ որ այս պահին տնկված ենք, եկե՛ք փորձենք ծաղկել միգուցե մեկ ամսով, միգուցե մի տարով կամ մի ամբողջ կյանքով:
Մենք լինելու ենք մեր եղած տեղում՝ լինի դա գյուղ, քաղաք, արտասահման, վարձով բնակարան, բարեկամի տուն կամ այլ վայր, որտեղ որ այս պահին տնկված ենք:
Եկե՛ք ծաղկենք ու ծաղկացնենք, ոչ թե անվերջ սպասենք գործերը լավանալուն, տուն գնելուն, նոր աշխատանքի անցնելուն, վերանորոգելուն կամ մի շարք նման բաների, որ մենք մարդիկս անվերջ սպասում ենք՝ մի բան լինի, նոր սկսենք ծաղկել: Բայց կյանքի դրվածքը հակառակն է. երբ քո եղած տեղում ծաղկում ես, շուրջդ էլ ծաղկացնում ես՝ ճանապարհ է բացվում դեպի հաջողություն:
⠀
Պատերազմն էլ ցույց տվեց, որ ոչինչ հավերժ չէ՝ մեր մարմիններից սկսած, մեր դրած խորը հիմքերից վերջացրած:
⠀
Ուստի, ինչո՞ւ չենք փորձում ծաղկել այսօր մեր տնկված տեղում. ի՞նչ գիտենք, թե վաղը որտեղ ենք լինելու...
Էսթեր Զաքարյան