Թշնամին ուզում է գրավել քո երևակայությունը
Քո երևակայությունը այն վայրն է, որտեղ ծնվում է ամեն մեծ բան, որ երբևէ կմտածես, ամեն հնարավորություն, որ կստեղծես քեզ համար: Քո երևակայությունը պետք է ակտիվ լինի:
Սատանան ուղիներ է որոնում՝ բանտարկելու քեզ քո սեփական երևակայության մեջ: Քո միտքը այն վայրն է, որտեղ սկիզբ է առնում ամեն հրաշք, որ Աստված կամենում է՝ կատարվի քո կյանքում, քո միտքը նաև այն վայրն է, որտեղ այդ հրաշքները կարող են մահանալ:
Թշնամին կփորձի քո սեփական երևակայության մեջ ստեղծել մի իրավիճակ, որտեղ դու կկարողանաս մնալ միայնակ քո սեփական մտքերի հետ: Նա ցանկանում է, որ դու սիրես առանձնանալ ու մենակ մնալ քո մտքերի հետ, այդպիսով ցանկանում է գերել քո երևակայությունը:
Աստծո Խոսքն ասում է, որ Աստված ուղարկում է Իր Խոսքը քո կյանքի մեջ հատուկ նպատակով: Եվ սատանան գիտի դա ու պատրաստվում է բերել մտքեր, որոնք կխեղաթյուրեն այդ նպատակը՝ դարձնելու քեզ քո սեփական երևակայության գերին, որպեսզի կարողանա վերցնել սպասման զգացումը՝ վերածելով այն անհանգստության:
Նույն օրգանը, որ սպասումն է առաջացնում քո կյանքում, նաև առաջացնում է անհանգստություն: Երևակայությունը, որ քո մեջ սպասման հուզմունք է առաջացնում մի բանի վերաբերյալ, նույն երևակայությունն է, որը քեզ գիշերն արթուն է պահում անհանգստությունից այնպիսի բաների համար, որոնք գուցե երբևէ չկատարվեն:
Դու պետք է որոշում կայացնես քո կյանքում՝ ասելով. «Իմ երևակայությունը պարգև է Աստծուց, և ես չեմ պատրաստվում թույլ տալ սատանային իմ միտքը պարզապես վերածել աղբանոցի, որտեղ կարող են տեղ գտնել ամեն տեսակ վախեր, անհանգստություն, այնպիսի սցենարներ, որոնք նա է ցանկանում բերել: Այսօր այն օրն է, երբ ես հետ եմ վերցնում իմ միտքը և հնազանդեցնում Քրիստոսին»: Եթե պատրաստվում եք ձեր խաղաղությունը հետ ստանալ, նախ պետք է մտքի տարածքը գրավեք:
Ամենասարսափելի բանն աշխարհում ֆիզիկապես ազատ լինելն է, երբ մտքով գերի ես: Աշխարհում ամենասարսափելի բանը ազատություն ունենալն է՝ մի բան նորովի անելու, բայց չունենալը հոգեբանական կարողություն՝ ազատվելու հին հիշողություններից: Որովհետև եթե թույլ տաս, թշնամին կարող է այնպես խաղարկել հին հիշողությունները, որ դու վախենաս քո ապագայից և չկարողանաս մտածել վաղվա օրվա մասին առանց անհանգստության զգացումի:
Սատանան հարձակվում է քո երևակայության վրա: Թշնամին ցանկանում է քեզ ներառել մի փակ շրջանի մեջ. եթե նայես քո բացասական մտքերին, կտեսնես, որ դրանք շրջանի պես են առաջանում: Դրանք գալիս են, երբ դու հոգնած ես, կամ երբ միայնակ ես, կամ երբ իրավիճակները ստիպում են քեզ հին ձևով մտածել: Եվ հաճախ որպես հավատացյալներ՝ մենք կենտրոնանում ենք ավելի շատ ախտանիշների վրա, բայց ոչ բուն պատճառների, որոնք այդ ախտանիշներն են առաջացնում: Ու փորձում ենք վերացնել ախտանիշները, բայց չենք լուծում բուն պատճառները այդ ախտանիշների:
Եսայի մարգարեն 55-րդ գլխում, երբ դիմում է Իսրայելի ժողովրդին, խոսում է պատճառների մասին: Իսրայելացիները գերի էին Բաբելոնում, և փոխանակ նրանք մտածեին և վարվեին՝ որպես Բարձրյալ Աստծուն պատկանող ժողովուրդ, որ կանչված էր և նախասահմանված Տիրոջ կողմից, նրանք մտածում էին և ապրում ինչպես Բաբելոնի ժողովուրդը: Եվ Աստված Եսայի մարգարեի միջոցով խոսում է իր ժողովրդի հետ. «Ամբարիշտը թողի իր ճանապարհը, և անօրեն մարդը՝ իր խորհուրդները, և դառնա Տիրոջը, և նա կողորմի նրան, և մեր Աստծուն, որովհետև նա շատ ներող է… Թուփի փոխարեն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի բուսնի. և սա պիտի լինի Տիրոջ համբավի համար՝ իբրև հավիտենական նշան, որ չի ջնջվի»:
Կլինի «նշան», բայց նախքան մենք կտեսնենք նշանը, պետք է կոտրենք կապանքի շրջանը՝ թողնելով ամեն մտքեր, որ սատանայի թակարդն են իրենցից ներկայացնում:
Աստծո Խոսքը կարող է կոտրել ամեն շրջան, որ մեզ թակարդի մեջ է պահում, ամեն կապանքներ մեր կյանքում, որ մեզ պահում են լճացման մեջ, որոնք պահում են մեզ անաշխատունակ, որոնք պահում են մեզ միայնակ:
«Ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և անօրեն մարդը՝ իր խորհուրդները, և դառնա Տիրոջը, և նա կողորմի նրան, և մեր Աստծուն, որովհետև նա շատ ներող է…»:
Աստված ասում է. դուք կփոխեք ձեր ճանապարհները՝ ձեր մտքերը փոխելով: Այն ճանապարհը, որի վրա դու հիմա կաս՝ այն մտքերի արդյունքն է, որ ունեցել ես: Փոխելով քո միտքը՝ կփոխես քո անձը, փոխելով քեզ՝ կփոխես քո կյանքը:
Բայց այս ամենը մտքից է սկսվում: Եսայի մարգարեն լավ օրինակ է բերում այստեղ՝ «Որովհետև ինչպես որ իջնում է անձրևը և ձյունը երկնքից և ետ չի դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը և նրան արգասավոր անում և բողբոջեցնում նրան, և տալիս է սերմ սերմնացանին և հաց՝ ուտողին» (Եսայի 55.10): Անձրևը ընկնում է սերմի վրա, և ստացվում է հունձք: Անձրևը, սակայն, կարող է ջրել միայն այն սերմը, որ սերմվել է:
Հարց. ի՞նչ ես այսօր ջրում քո կյանքում, որովհետև ինչ դու ջրում ես, հենց դա էլ մեկ օր կլցնի քո պարտեզը: Ինչ որ ջրում ես, այն կաճի, ինչ-որ սնուցում ես քո երևակայության մեջ, դա կաճի:
Եսայի 55.7-ում ասվում է «թողնել»: Թողնելը՝ ենթադրում է սա. «Մենք մտերիմ ենք եղել, բայց ես լքում եմ քեզ»: Ինչպե՞ս մեկը կարող է թողնել մյուսին, եթե չի եղել մի ժամանակ մտերիմ:
Այստեղ ենթադրվում է, որ մենք որոշակի հարաբերություններ ու կախվածություն ենք ունեցել մեր մտքերից, չնայած ասում ենք, որ ուզում ենք ազատվել, բայց քանի որ արդեն սովորել ենք մեր հին մտածելակերպին, ընդդիմանում ենք, երբ Աստված ուզում է կոտրել այդ շրջանը:
Աստված ասում է, որ եթե դառնանք Իրեն, Նա կների մեզ, կնորոգի մեր միտքը, կվերափոխի մեր մտածելակերպը:
Ստիվեն Ֆուրտիկ