«Ո՛վ իմ անձ, միայն Աստծու՛ն սպասիր, քանի որ Նրանից է իմ ակնկալությունը» /Սաղմոս 62.5/։

Քո կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր քեզ սխալ կհասկանան  և չեն սիրի: Ուրիշները կքննադատեն քեզ, կդատեն, կհալածեն քեզ և լուրեր կտարածեն քո մասին։

Այս բոլոր իրավիճակներում քո բնական հակումը կլինի հակահարված տալը: Երբ քեզ  սխալ են հասկանում, դու կցանկանաս պաշտպանվել: Երբ քեզ հալածեն, դու գայթակղվելու ես և սկսելու հակահարված տալ։ Երբ մարդիկ քննադատեն քեզ, դու կցանկանաս քննադատել նրանց: Երբ մարդիկ վիրավորեն քեզ, դու կցանկանաս հակադարձել նրանց վիրավորանքները:

Մի՛ արա դա. փոխարենը թո՛ղ Աստված լինի քո պաշտպանը։ Ամեն անգամ, երբ քեզ հալածում են, քննադատում, ծաղրում կամ սխալ են հասկանում, դու ունես երկու ընտրություն՝ դու կարող ես ինքդ քեզ պաշտպանել կամ կարող ես թույլ տալ, որ Աստված պաշտպանի քեզ: Ո՞րն ավելի լավ ընտրություն կլինի: Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ կարող է ավելի լավ  քեզ պաշտպանել՝ դո՞ւ, թե՞ Աստված։ Իհարկե՛, Աստված:

Ուշադրություն դարձրո՛ւ սրան. Դու ամենից շատ նման ես Քրիստոսին, երբ ոչինչ չես պատասխանում հալածանքների, ստի և անարդար քննադատության  իրավիճակներում: Դու ամենից շատ նման ես Հիսուսին, երբ լռում ես և թողնում ամեն բան Աստծո ձեռքերում:

Աստվածաշունչն ասում է .«Նա նախատվեց, բայց փոխարենը չնախատեց, չարչարվեց, բայց չսպառնաց, այլ Իրեն հանձնեց Նրան, որ արդարությամբ է դատում» /Ա Պետրոս 2.23/։

Իր  հանդեպ անարդարացի վերաբերնունքի և հալածանքի դիմաց Հիսուսը չհակադարձեց։ Երբ դա ամենակարևորն էր, Նա վստահեց Աստծուն, որ կպաշտպանի Իրեն և կբերի վերջնական արդարություն:

Դավիթ թագավորը քննադատության ենթարկվեց և հալածվեց իր ողջ կյանքում: Իրականում մարդիկ բազմիցս ցանկանում էին սպանել նրան, քանի որ նախանձում էին նրան։

Բայց Դավիթն ասաց. «Ո՛վ իմ անձ միայն Աստծուն սպասիր, քանի որ Նրանից է իմ ակնկալությունը։ Միայն Նա է իմ վեմն ու փրկությունը. իմ պաշտպանությունն է, պիտի չսասանվեմ։ Աստծուց է իմ փրկությունն ու փառքը։ Իմ զորության վեմն ու իմ ապավենն Աստված է» /Սաղմոս 62.5-7/։

Մարդիկ կնախանձեն քո հաջողությանը, իսկ ոմանք նույնիսկ կցանկանան հալածել քեզ։ Բայց ինչպես Դավիթը, դու պետք է թույլ տաս՝ Աստված լինի քո պաշտպանը, քո Փրկիչը, քո հույսը, քո հաղթողը և քո ապավենը։

Թո՛ւյլ տուր Աստծուն  կարգավորել դա: Թո՛ղ Նա լինի քո ապավենը։

Աղբյուրը՝ pastorrick.com
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.