Թանկ, բայց անվճար
Հաճախ ենք լսում այն արտահայտությունը, որ թանկից էժանը չկա: Իրոք որ, միշտ էլ գնահատվել է թանկը:
Բայց արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ ամենաթանկ ու անփոխարինելի բաներն անվճար են:
Ի՞նչն է թանկ մեզ համար. վստահ կարող ենք ասել՝ առողջությունը, իսկ ի՞նչ գին է պահանջվում առողջության համար. պարզապես՝ հետևողական կյանք:
Մենք ապրում և զգում ենք այնպիսի զգացողություններ, որ երբեմն բառեր չենք գտնում բացատրելու համար:
Մենք կարողանում ենք սիրել, ուրախանալ, գնահատել, վայելել, սակայն ի՞նչ գին ենք վճարում դրանց համար…
Թվում է, թե մեզ տրված են աշխարհի բոլոր գանձերը, բայց մենք չենք գիտակցում դա: Երբևէ մտածել ես, թե ի՞նչ թանկ արժեք կունենար երջանկությունը, եթե այն վաճառվեր: Միգուցե քչերը կարողանայն այն ձեռք բերել, իսկ ի՞նչ կլիներ երբ վաճառվեր ուրախությունը, ծիծաղը, խաղաղությունը կամ ներքին հանգստությունը: Իհարկե, այդ դեպքում պատկերացնելն անգամ տհաճ է, թե ինչ կկատարվեր:
Այո՛, իրականում մեզ վերից տրված են լավագույն, անփոխարինելի ու թանկ արժեքները: Սակայն մենք հաճախ գինը տեսնում ենք թվի մեջ, առանց գիտակցելու, որ մի խոսքը կամ գուցե մի ժպիտը, ավելին է:
Գնահատենք այն ապրելու հնարավորությունը, որ ունենք: Ավելի սիրենք, պատվենք, հավատանք ու հուսանք: Սկսենք ավելի շատ կիրառել թանկ ու անփոխարինելի, բայց միևնույն ժամանակ անվճար արժեքները:
Էսթեր Զաքարյան