Սուրբծննդյան հրաշքը
Սուրբծննդյան պատմությունը սկսվեց ոչ մի լավ բան չխոստացող Նազարեթ քաղաքում։ Նաթանայելն այսպես է խոսում Փիլիպոսի հետ այնտեղի հրեաների մասին. «Մի՞ թե հնարավոր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա» (Հովհաննես 1.46)։ Աստծուն չէր վախեցրել ո՛չ Նազարեթի, ո՛չ էլ Գալիլիայի շրջակայքում գտնվող քաղաքների համբավը։ Նրա կամքն էր գնալ մի անհավանական վայր և այնտեղ գտնել մի երիտասարդ աղջկա, ով իր մեջ հավատք կունենար։ Նա ողջ երկրով մեկ փնտրել էր ճիշտ անձնավորության, ով հոգ կտաներ Իր Որդուն։
Իսկ Մարիամն արդյո՞ք ճիշտ ընտրություն էր։ Նա մի աղջիկ էր, ով հավատաց մի հրաշքի, որ երբևէ տեղի չէր ունեցել նախկինում և դրանից հետո նույնպես։ Նա պետք է հղիանար առանց տղամարդու հետ որևէ կապ ունենալու։ Կույսը պետք է Աստծո Որդի ծներ։
Նա նշանված էր Հովսեփի հետ, բայց նրանք դեռ միասին չէին ապրում։ Նշանադրությունը պետք է տևեր մեկ տարի, որից հետո միայն կարող էին ամուսնանալ։ Անհավատարմությունը նշանադրության ժամանակահատվածում նույնքան վտանգավոր էր, որքան դավաճանությունը ամուսնությունից հետո։
Հրեշտակի հայտարարությունն անկանխատեսելի էր։ Մարիամը մտահոգված էր։ Հունարեն թարգմանության մեջ այդ բառը թարգմանվում է միանգամայն շփոթված և խճճված։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Չէ՞ որ այդպիսի բան երբևէ տեղի չէր ունեցել։
Մարիամն ընդամենը մեկ հարց տվեց հրեշտակին. «Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպե՞ս կլինի դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկաս 1.34)։
Հրեշտակը պատասխանում է, որ դա կլինի Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ։ «Եվ հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձյալի զորությունը քեզ վրա հովանի կլինի։ Ուստի քեզնից ծնվածը Սուրբ Հոգուց կլինի և Աստծո Որդի կկոչվի» (Ղուկաս 1.35)։
Հրաշքները չեն կարող պարզապես տեղի ունենալ առանց Սուրբ Հոգու ներգործության։ Դա ճշմարիտ էր այն ժամանակ այս հրաշքի համար և ճշմարիտ է նաև այսօր։ Այսպիսով, սուրբծննդյան պատմության մեջ մեծ դաս կա բոլորիս համար, և դա ոչ միայն սուրբծննդյան տոնին, այլ մեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար։ Մենք չենք կարող ապրել մեր կյանքն այնպես, ինչպես Աստված է ուզում և հասնել այն երազանքներին, որ Աստված ունի մեզ համար՝ առանց Սուրբ Հոգու զորության։
Բայց Սուրբ Հոգու զորությունը հրաշքի Աստծո կողմն է։ Կարևոր էր նաև Մարիամի արձագանքը։ Մարիամի և հրեշտակի խոսակցության ընթացքում հրեշտակն ասում է. «Որովհետև Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1.37)։ Եվ Մարիամը պատասխանում է հրեշտակին. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող ինձ քո ասածի պես լինի» (Ղուկաս 1.38)։
Բառացիորեն հրեշտակն ասաց Մարիամին. «Աստծո ոչ մի խոսք անզոր չէ»։ Այստեղ օգտագործված է «ռեմա» բառը, որ հունարեն նշանակում է «խոսք»։ Երբ Աստված խոսում է, ինչ էլ որ ասի, զորավոր է, ունակ հրաշքը հասցնելու իր վերջնակետին։ Մարիամը վերցրեց պատգամը, և նրա պատասխանն այս էր նշանակում. «Եթե Աստծո Խոսքը զորավոր է և չի ձախողվի, ապա թող այն գործի դրվի ինձ համար»։ Աստված ուզում է, որ մեր պատասխանն էլ այդպիսին լինի։
Մենք Մարիամից սովորում ենք երբեք չհանձնվել և միշտ հավատարիմ մնալ Աստծո Խոսքին։ Գուցե լինեն դժվարություններ՝ Աստծո խոստումների հետ կապված, բայց դրանք մեզ երբևէ չեն կարող կանգնեցնել, եթե ամուր բռնենք այն, ինչ Աստված ասել է մեզ։ Հիմա լավ ժամանակ է տեսնելու, թե Աստված ինչ կանի։
Սուրբ Հոգու և Աստծո Խոսքի զորությունը գործեցին Մարիամի կյանքում, դրանք կարող են գործել քո կյանքում նույնպես։
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը