Սուրբ Սոֆիայի տաճարում կատարվել է առաջին իսլամական նամազը
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում սկսվել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության կազմակերպած ուրբաթօրյա աղոթքն ու Ղուրանի ընթերցումը քաղաքացիների համար, որից հետո սկսվել է արդեն բուն նամազը: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:
Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց հուլիսի 24-ին բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: