Պիտի ստանաս անհրաժեշտ զորությունն ու հաղթությունը...
Նրա հովանու տակ նստողները պիտի վերադառնան, նրանք վերակենդանանալու են, ինչպես ցորենը եւ աճելու են, ինչպես որթատունկը… Ովսե 14.7
Օրս ավարտվեց զորավոր անձրեւներով: Տեղատարափի եւ քամու սաստկության տակ ծաղիկները ամբողջությամբ թոռոմել էին: Մանավանդ կիսամեռ վիճակում տեսա գեղեցիկ վարդի մի թուփ, որին այնքան էի սիրում իր տեսքի եւ բույրի համար: Վարդենու թերթերը գլուխները ծռած կծկվել էին: Անհետացել էր նրա փառքն ու գեղեցկությունը:
Ինքս ինձ ասացի. - Պետք է հաջորդ գարնանը սպասել, թերեւս այդ ժամանակ այս գեղեցիկ վարդենին վերածաղկի:
Գիշերին հաջորդեց առավոտը եւ արեւը կրկին փայլեց եւ նոր զորություն տվեց իմ վարդենուն: Արեւի լույսի հպումից եւ ջերմությունից կյանք ստացավ իմ կիսամեռ վարդենին: Բացվեցին վարդերի թերթերը եւ վերստացան իրենց նախկին փայլն ու գեղեցկությունը առաջվանից ավելի հմայիչ ձեւով:
Չհասկացա, թե այս փոփոխությունը ինչպես էր տեղի ունեցել այդքան կարճ ժամանակի ընթացքում եւ այդ ճոխությամբ:
Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես է տրվում ինձ պետք եղած զորությունը, երբ միայնության մեջ հաղորդակցվում եմ իմ մեծ Աստծո հետ, սակայն իրականությունը այն է, որ իմ ներսում տեղի է ունենում այդ հոգեվիճակի փոփոխությունը:
Դու ճնշվա՞ծ ես ծանր բեռի տակ: Անմիջապես հաղորդակցության մեջ մտիր կենսանորոգ Արեգակի հետ, եւ պիտի ստանաս անհրաժեշտ զորությունն ու հաղթությունը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից