Մինչև իմ և քրոջս դպրոց գնալը մեր հետաքրքրությունները պատուհանից  դուրս էին, որովհետև փողոցում խաղալը մեզ համար արգելված էր։ Թաղամասի երեխաները խաղում էին փողոցում, նրանք մեզ միշտ ուրախ ու անհոգ էին թվում, նրանց չէր անհանգստացնում մեքենաների երթևեկությունը, ավելի համարձակ էին, ճարպիկ։ Մենք էլ էինք ուզում դուրս գալ փողոց, մյուսների պես ազատ վազվզել, խաղալ, բայց մեր խաղալու վայրը միայն տան բակն ու այգին էին, հազվադեպ էինք դուրս գալիս փողոց, այն էլ՝ վերահսկողությամբ։ Ես և քույրս դժգոհում էինք այդ սահմանափակումներից։ Ընտանիքս թույլ էր տալիս, որ մեր ընկերները գան մեր բակ խաղալու, բայց ոչ բոլոր երեխաները, այս հարցում  ևս նրանք հատուկ ընտրողականություն ունեին։ Չէինք հասկանում մեծերին, նրանց արգելքներն ու հատուկ ընտրությունը․ ումի՞ց կամ ինչի՞ց էին մեզ հեռու պահում։

Երբ դպրոցական դարձանք, ունեցանք նոր ընկերներ, ուսանողական տարիքում շատ մեծ էր մեր ընկերների շրջանակը։ Հաճախ էինք նրանց հյուրընկալում մեր տանը, ընտանիքս սիրով ընդունում էր  նրանց։ Բայց ես դեռ մտածում էի, թե ինչու նախկինում մեր տան դարպասները փակ էին, որ ամեն մեկն էլ չէր կարող ազատ ներս մտնել, որ ցանկացած պահի մենք չէինք կարող փողոց դուրս գալ։ Երկար ժամանակ ես դա բանտ էի համարում։

Հետո սկսեցի նկատել բաներ, որ առաջ չէի տեսնում, և որոշ ժամանակ անց փողոցի նկատմամբ իմ հիացմունքը կորավ։

Երբ մենք ենք մեծ, հասկանում ենք, որ երեխաները պաշտպանության կարիք ունեն, իսկ երբ դեռ փոքր ենք, չենք կարծում, որ մենք դրա կարիքն ունենք։ Եկավ ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ինքս էլ կարող եմ այդ դարպասները բացել ու փակել, ընդունել կամ չընդունել, հասկացա մեր առանձնացման նպատակը, որը մեր անվտանգությունն էր։ Երբ ազատ էինք դուրս գալու դարպասներից, մենք արդեն նկատում էինք ներսի ու դրսի տարբերությունը ու դրսում էլ արդեն ներսի պես էինք վարվում։

Եթե մանուկ վիճակով մենք դրսում հայտնվեինք, մենք դրսինների պես կվարվեինք՝ չհասկանալով լույսն ու ստվերը, բարին ու չարը, լավն ու վատը, կձուլվեինք բոլոր նրանց, որոնք մեզ ուրախ, համարձակ ու ճարպիկ են թվում։ Իսկ երբ հասկանում ենք մեր պատկանելությունը, հասկանում ենք, թե ով ենք մենք, իրավունք ենք ստանում դարպասները բացելու ու փակելու, մտնելու և դուրս գալու, որովհետև հասկացել ենք, որ դա բանտ չէ, այլ տուն, որ մենք տան որդիներ ենք, և թվացյալ անազատությունը իրականում մեր պաշտպանությունն է։

Մանկության այս դիպվածը համեմատելով հոգևոր պաշտպանության հետ՝ հիշեցի Սաղմոս 91-ը, որը Աստծո հովանու տակ ապրելու մասին է․

«Քեզ ծածկելու է Իր փետուրներով, ու Նրա թևերի տակ ես ապաստանելու։ Նրա ճշմարտությունը վահան է ու ասպար» (Սաղմ․ 91․4)։

«Ապրել առանձնացված» նշանակում է լինելով աշխարհի մեջ՝ չլինել աշխարհի մեջ․ մենք ֆիզիկապես ապրում ենք այս աշխարհում, բայց չպիտի ձուլվենք նրան։

Բ Կորնթ․ 6․17-18-րդ խոսքերում գրված է․ «․․․․Դո՛ւրս եկեք նրանց միջից և առանձնացե՛ք,– ասում է Տերը,– և պիղծ բանի մի՛ դիպեք, և ես պիտի ընդունեմ, և Հայր պիտի լինեմ ձեզ, իսկ դուք Իմ որդիներն ու դուստրերը պիտի լինեք,–ասում է Ամենակալ Տերը»։

Գուցե մեկը մտածի, որ առանձնացված լինելու այս «դարպասները» սահմանափակում են իր ազատությունը, բայց ազատությունն այնտեղ է, որտեղ որ Տիրոջ Հոգին է։ Դարպասներից ներս մենք ապահով ենք, դարպասներից դուրս աշխարհն է, մենք էլ ենք նրա մեջ, բայց առանձնացված, որովհետև այս աշխարհին չենք պատկանում, այլ Աստծուն։

Որպես մանուկներ՝ մենք տան մեջ սովորում ենք, նախապատրաստվում, որ երբ բացենք դարպասները, փողոցի կերպարանքը մեզ վրա չառնենք, հեռու մնանք չար ընկերակցությունից և  դրսում էլ ներսի կերպարանքով լինենք։

«Ապրել առանձնացված» չի նշանակում փակել դարպասները և մեզնից վանել մյուսներին, չի նշանակում դադարել սիրել մարդկանց կամ հոգ չտանել նրանց մասին, չի նշանակում չօրհնել, չաղոթել, չսիրել․․․

«Ապրել առանձնացված» նշանակում է՝ թե՛ ներսում, թե՛ դրսում մենք պատկանում ենք Աստծուն, նրա լույսն ենք կրում մեր մեջ, նրա լույսն ենք փոխանցում աշխարհին։

Հեղինակ՝ Աշխեն Պետրոսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.