Ոտնաձայներն արդեն լսվում են
Ամբողջ աշխարհը խոսում է վերջին օրերի մասին: Որոշները փորձում են հիմնավորումներ գտնել բնության մեջ՝ ցույց տալով, որ անգամ բնությունն է հոգնել ու մաշվել, որոշները՝ Սուրբ Գրքից՝ ցույց տալով, որ Հիսուսի կանխասացություններից գրեթե բոլորը կատարվել են կամ կատարվում են…
Սակայն, այսքան խոսելով վերջին օրերի մոտալուտ լինելու մասին, շատ քչերն են իրականում պատրաստվում դիմավորելու Հիսուսին: Սուրբ Գրքում մի պատմություն կա այն մասին, թե ինչպես տասը կույս աղջիկներ դուրս եկան դիմավորելու փեսային (նախկինում այդպիսի սովորություն կար հարսանեկան արարողության ժամանակ), սակայն նրանցից միայն հինգն էին, որ պատշաճ ձևով դիմավորեցին նրան, քանի որ միայն այդ հինգն էին իրականում պատրաստվել (Մաևոս 25:1-13):
Ի՞նչ է նշանակում պատրաստվել: Եթե դու ուզում եմ պատրաստ լինել արժանի կերպով Քրիստոսին դիմավորելու Իր երկրորդ գալստյան ժամանակ, ապա ամենից առաջ կարիք ունես սիրտդ Տիրոջը հանձնելու՝ միանգամից և ամբողջությամբ, առանց «եթե»-ների ու «բայց»-երի:
Իսկ եթե արդեն հաշտվել ես Քո Արարչի հետ ու ստացել մեղքերի թողություն, ապա պարզապես շարունակիր քայլել Նրա հետ և քո ամենօրյա կյանքում լսել ու հնազանդվել Նրան:
Աղոթքի մեջ ամեն օր փնտրիր Նրան ու փորձիր հանդիպել՝ ոչ մի օր բաց չթողնելով: Որպեսզի պատրաստ լինես, պետք է ամեն օր պատրաստվես: Հիշի´ր, կյանքը կազմված է բազում «այսօր»-ներից. մի´ ասա «վաղը կանեմ», եթե դա կարող ես անել այսօր: Սովորի´ր օգտագործել այսօրվա հնարավորությունը, որովհետև եթե այն բաց թողնես, այլևս չես կարող վերադարձնել: Հիշի´ր, Հիսուսը շուտով ետ է վերադառնալու, և Նրա ոտքի ձայներն արդեն լսվում են: Վե´ր կաց, պատրաստվի´ր, քո Փրկիչը գալի՜ս է:
Քեզ լավ օր եմ մաղթում:
Էդուարդ Հարությունյան