«Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մաթևոս 4.4):

Եթե Աստծուն հաճո լիներ, մենք կկարողանայինք ապրել առանց հացի, ինչպես Հիսուսն ապրեց քառասուն օր, բայց այդ դեպքում էլ՝ մենք չէինք կարողանա ապրել առանց Նրա Խոսքի: Այդ Խոսքով Նա արարեց մեզ, դրանով էլ Նա պահպանում է մեր կյանքը և այդ զորավոր Խոսքով էլ Նա կառավարում է բոլոր գործերը: Հացը երկրորդ, իսկ Ինքը՝ Աստված, մեր գոյության առաջին նախապայմանն է: Նա նույնքան պատրաստ է գործել առանց այդ երկրորդ նախապայմանի, որքան որ դրա օգնությամբ, իսկ մեզ հարկ է չսահմանափակել Նրան մեր գործողությունների որևէ հատուկ եղանակով:

Տեսանելին տեսնել փափագելու փոխարեն ավելի լավ կանենք, եթե մեր հայացքն ուղղենք անտեսանելի Աստծուն: Մենք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ լսել ենք, թե ինչպես են հավատացյալները վկայել այն մասին, որ ծայրահեղ աղքատության պայմաններում, երբ վերջնականապես սպառվել են հացի պաշարները, քաղցի զգացումը սկսել է թուլանալ, իսկ ուրիշների դեպքում՝ երբ օգնության բոլոր աղբյուրները սպառվել են, Աստված անսպասելիորեն դրսևորել է Իր գերբնական աջակցությունը:

Ահա թե ինչու մեզ այդքան անհրաժեշտ է տիրապետել Աստծո Խոսքին: Միայն Խոսքի օգնությամբ մենք կարող ենք հակառակ կանգնել սատանային: Զրկեք մեզ այդ Խոսքից. և թշնամին միանգամից կհաղթահարի մեզ, որովհետև առանց դրա մենք շատ շուտով ուժասպառ կլինենք: Մեր հոգիները կարիք ունեն կերակուրի, բայց դրանց համար չկա այդպիսի մի բան Աստծո Խոսքից դուրս:

Աշխարհի բոլոր գրքերը և բոլոր քարոզիչները ի վիճակի չեն առաջարկելու գոնե մեկ ընթրիք: Միայն Աստծո Խոսքը, որ դուրս է գալիս Աստծո շուրթերից, ունակ է լցնելու մեր շուրթերը՝ հավատացյալի շուրթերը:

Տե՛ր, տուր մեզ այդ հացը ամեն ժամանակ: Այն ավելի թանկարժեք է մեզ համար բոլոր թանկ անուշեղեններից:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.