Ո՞ւր նայել՝ հույսի համար. Դեյվիդ Ուիլքերսոն
«Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբայրք, պետք չունիք գրել ձեզ։ Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպես գիշերվա գող՝ այնպես կհասնի» (2 Թեսաղոնիկեցիս 5.1-2):
Պողոսը նկարագրում էր աշակերտներին, թե ինչ է պատահելու, երբ Քրիստոսը վերադառնա. «Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքիցը. Եվ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն, եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինինք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը» (2 Թեսաղոնիկեցիս 4.15-17)։
Հին ժամանակներում փիլիսոփաները հավատացած էին, որ աշխարհն անցնում է ֆիքսված ժամանակաշրջանների միջով, եւ ամեն ժամանակաշրջանի վերջում աշխարհն ավիրվում է մեծ պայթյունից: Հետո այն նորից վերականգնվում է ճշգրտորեն, եւ ամեն բան սկսվում է նորից, ինչպես առաջ էր: Այլ կերպ ասած՝ պատմությունն անընդհատ կրկնվում է: Նույն աստղերը հետեւում են նույն ուղեծրերին, եւ նույն ապրումները նորից լինում են նույն ընկերների հետ, նույն հոգսերով ու նույն փորձառությամբ : Ամեն բան վերականգնվում է ամեն անգամ ու անընդհատ: Մարդիկ կապված են հավերժության վազքուղուն, որտեղից փախուստ չկա:
Պետրոս առաքյալն իր խոսքում վերը նշված մտածողության ճիշտ հակառակն է ապացուցում, երբ ասում է, որ Աստծո խոստման համաձայն քրիստոնյաներս «նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում» (2 Պետրոս 3.13)։ Ավելին՝ նա ասում է, եթե մենք հավատում ենք Աստծո խոսքին, ապա ըստ Խոսքի՝ պատմությունը վազք է օր օրի դեպի Քրիստոսի գալուստը, երբ «նրանում երկինքները կրակով այրված կլուծվին. եւ տարերքը կրակ ընկած կհալվին» (2 Պետրոս 3.12)։
Որպես Քրիստոսի հետեւորդներ՝ մենք չպետք է հուսահատվենք ամենօրյա նորություններից կամ այն իրադարձություններից, որ տեղի են ունենում մեր կյանքերում, ընդհակառակը՝ մենք պետք է սպասենք մեր Փրկչի գալուստին:
Անշո՛ւշտ, աշխարհն իրարանցման մեջ է, բայց Հիսուսն ասում է. «Եվ այն ժամանակ կտեսնեն մարդի Որդին ամպերի վրա եկած զորությամբ եւ մեծ փառքով։ Եվ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք եւ բարձրացրեք ձեր գլուխները. որ ձեր փրկությունը մոտ է» (Ղուկաս 21.27-28)։
Այս խոսքն այն մասին է, թե ինչին պետք է լինի սեւեռված մեր ուշադրությունը: Հիսուսը շուտով գալիս է, ուստի, նայե՛նք վեր:
Թարգմանեց Էսթեր Զաքարյանը