Քրիստոնյաները Քրիստոսին հետևող մարդիկ են, բայց ձեռքերը թափ տալով՝ Հիսուսին հետևելը դեռ ամենը չէ: Հիսուսն ասաց. «Ով ցանկանում է իմ աշակերտը լինել, թող իր խաչը վերցնի և ինձ հետևի»: Հիսուսը եկավ աշխարհ և սեփական օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում խաչը վերցնելը և Աստծո ճանապարհով գնալը: Նա ցույց տվեց այդ ճանապարհի օրհնություններն ու դժվարությունները, այն հաղթահարելու գինը և իհարկե՛, դրա վարձքը:

Թվե՛նք մի քանի կետեր, որոնք Հիսուսը որպես օրինակ ծառայեցրեց մեզ։ Նախ՝ տարիքի հետ զուգահեռ Իր անձը սնեց Աստծո Խոսքի գիտությամբ և պաշտամունքով: Գիտակցեց իր աշխարհ գալու նպատակը: Ժամանակի ընթացքում համբերությամբ սպասելով՝ պատրաստվեց իր ժամին: Երբ Աստծո կանչը լսեց, սկսեց գործելը: Կատարեց մեծ հրաշքներ, դարձավ հայտնի և սիրված: Իրեն շրջապատեց այն մարդկանցով, ում հենց Ինքն էր պետք և երբեք ոչ մեկից ոչինչ չակնկակեց, այլ Իր ամեն կարիքը հանձնեց Երկնային Հորը:

Լսեց կարիքավորներին, խոսեց մեղավորների հետ, չանտեսեց երեխաներին, բժշկեց հիվանդներին, կերակրեց սովածներին, աղոթեց իրեն հալածողների, ատողների և մատնողների համար: Հիսուսը իր կյանքի ողջ ընթացքում չվախեցավ սիրել մարդուն: Նա արժանացավ ողջ մարդկության պատմության մեջ գոյություն ունեցած թերևս ամենամեծ և ամենաանարդար պատժին: Բայց մինչև վերջին վայրկյանն էլ չափսոսեց այն սիրո համար, որ ցույց էր տվել աշխարհին՝ ծնված ու դեռ չծնված յուրաքանչյուր մարդուն՝ անարժանին:

Որքան մարդը նմանվում է Հիսուսին, այդքան ավելի ծանրանում է իր խաչը: Խաչի ճանապարհը սիրո ճանապարհն է: Միայն իրական սերը կարող է հաղթահարել անարդարությունը, չքավորությունը, հալածանքը: Իրական սերը չի սպասում, որ լինի գնահատված, պատասխանված, փառավորված: Քանի որ Սերը երջանկանում է սիրելուց, այլ ոչ թե՝ սիրվելուց: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց․․․առանց սպասելու, որ Նրան կճանաչեն, կընդունեն, կփառավորեն։

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.