Մենք բոլորս երկիր ենք եկել մի առաքելություն կատարելու համար, որոշները արդեն գիտեն, թե որն է իրենց առաքելությունը, իսկ որոշները՝ դեռ ոչ: Բայց մեր կյանքի ծրագրից ու մեր առաքելությունից զատ, կա մի պաշտոն, որը մենք ստանձնում ենք, երբ ընտրում ենք Հիսուսին հետևելու ճանապարհը:

Բոլոր նրանք ովքեր ապաշխարել են ու քայլում են Աստծո ճանապարհների մեջ, արդեն ունեն իրենց վրա դեսպանի պաշտոն:

Ո՞վ է դեսպանը և ո՞րն է նրա առաքելությունը: Դեսպանն այն անձն է, որ հավատարմագրվում է կամ ուղարկվում է օտար երկիր՝ իր երկիրը պատշաճ ներկայացնելու, իր երկրի շահերը պաշտպանելու կամ, պարզ ասած, իր երկրի անունը բարձր պահելու համար: Դեսպանը այն հավատարիմ մեկն է, ում նախագահը և նախարարը վստահում են մի ամբողջ երկիր՝ իր ողջ խնդիրներով ու հոգսերով: Դեսպանի առաքելություններից մեկն է նաև իր երկրի ու իր հավատարմագրված երկրի միջև նոր կապեր հաստատելը, բարիդրացիական հարաբերություններ պահելը և ավելի խորացնելը:

Մենք, որ ընտրել ենք հոգևոր ուղին, դեսպաններ ենք՝ ուղարկված Աստծո կողմից երկրի վրա և պետք է մեր առաքելությունը լավագույն ձևով կատարենք, որն է՝ ճիշտ ներկայացնել երկինքը երկրի վրա կամ այլ կերպ ասած՝ ճիշտ ներկայացնել Աստծո թագավորությունը երկրի վրա: Դեսպանների նշանակման և իրավունքների ու անելիքների համար աշխարհում ընդունված է հատուկ կոնվենցիա, իսկ հոգևոր դեսպանների կոնվենցիան կարող ենք ասել Աստվածաշունչն է, որտեղ գրված է դեսպանի առաքելության ընթացքն ու նպատակը:

Դեսպանները պետք է լինեն խորամանկ, բայց և միամիտ, կարողանան լռել, բայց անհրաժեշտության դեպքում՝ խոսել, պետք է կարողանան դիվանագիտորեն խաղաղություն հաստատել ու անիմաստ վեճերի չխառնվել, իսկ անհասկանալի իրավիճակներում՝ կարող են խոսել իրենց երկրի նախագահի կամ նախարարի հետ, ճիշտ նույնկերպ հոգևոր դեսպանն ամեն պարագայում կարող է դիմել Աստծուն և իր առաքելությունը շարունակելու որոշում կայացնել:

Դեսպան լինելը հեշտ չէ, բայց արժե, պատասխանատու գործ է, բայց պատիվ է և վերջապես՝ հենց հոգևոր ճիշտ դեսպանների միջոցով աշխարհում մարդիկ կարող են փրկվել ու դժոխքի փոխարեն գնալ դրախտ:

Ինձնից և քեզնից շատ բան է կախված, մենք պատահական չենք այս երկրում, մենք դեսպաններ ենք, ովքեր պետք է օրինակ լինեն շատերին իրենց վարքով, խոսքով, ապրելակերպով ու միթե՞ չարժե լավագույն ձևով կատարել այս առաքելությունը՝ գոնե մեկ հոգու փրկության ու Աստծո փառքի համար:

Էսթեր Զաքարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.