Մի քանի տարի առաջ իմ բլոգում մի հոդված էի գրել հայտնի ֆիլմի ու այդ ֆիլմում խաղացող դերասանի մասին: Այդ հոդվածը միանգամից գրավեց մեծ ուշադրություն:

Այն կարդում էին հազարավոր մարդիկ: Հարյուրավորները իմ հանդեպ իրենց սերն էին արտահայտում, կամ ընդհակառակը, խոսում էին իմ հանդեպ իրենց ատելության մասին:

Ես ստացա բազում տարբեր ոչ հարգալից նամակներ: Բայց ամենից ավելի ինձ ցնցել էր մի մեկնաբանություն. «Քեզ նման մարդիկ ամենակարևոր պատճառն են, թե ինչու եմ ես ատում քրիստոնեությունը»:

Ես պարզապես մի քանի շաբաթ ստանում էի այսպիսի մեկնաբանություններ, քանի որ համարձակվել էի «մեղք» բառը օգտագործել սիրված ու հայտնի դերասանի անվան հետ նույն նախադասության մեջ:

Այդ օրվանից ես բացահայտել եմ, որ այդ բառը՝ «մեղք»-ը, մարդիկ միշտ ատել են ու ատում են: Ըստ էության, միակ «մեղք»-ը, որ կարող է մարդն անել մեր մշակույթի մեջ՝ մեղքը մեղք կոչելն է: Մնացյալ ոչինչ մեղք չէ… Ու մարդիկ փորձում են ապացուցել ու համոզել, որ մեղքն այլևս մեղք չէ…

Արհեստական վիժեցումը մեղք չէ, այլ՝ ընտրության ազատություն: Համասեռամոլությունը մեղք չէ, այլ պարզապես մարդու երջանիկ լինելու ցանկություն: Շնությունը մեղք չէ, դե «սրտին հրամայել չես կարող»: Պոռնոգրաֆիան մեղք չէ, այլ՝ զվարճանք: Բամբասանքը մեղք չէ, այդպես ուղղակի անհանգստանում ենք ուրիշների համար: Հպարտությունը մեղք չէ, այդպես կարողանում ես ուզածիդ հասնել:

Շատակերությունը կրկին մեղք չէ, ուղղակի սեր՝ ուտելու հանդեպ: Ագահությունը մեղք չէ, ուղղակի ես հետևում եմ այս կանոնին՝ «վերցրու ամեն ինչ, քանի դեռ կարող ես վերցնել»:

Մեզնից ասես պահանջում են, որ դեն նետենք «մեղք» բառը մեր բառապաշարից: Այդ բառը, ըստ աշխարհի պատկերացումների, ատելության դրսևորում է: Դրանում սեր չկա: Ասես ողջ աշխարհը գոռում է. «Դուք մեզ քիչ եք սիրում, և այդ պատճառով մենք ատում ենք ձեզ»:

Անգամ երբեմն որոշ «հոգևոր» մարդիկ են մեզ ասում ՝ «Դե բավական է խոսեք մեղքի մասին: Եկեք սիրո մասին խոսենք: Դուք մեզ վիրավորում եք՝ «մեղք» բառն օգտագործելով»:

Նման «սիրո» մեջ էլ մենք զարգանում ենք: «Հանուն Քրիստոսի» մենք փորձում ենք վերացնել «մեղք» հասկացությունը մեր կյանքերից: Սակայն այս բոլորը Աստծո օրենքին ու ցանկությանը դեմ է:

Անցած շաբաթ իմ 80-ամյա հին ընկեր Նեյլը հրացանով կրակեց մի մեծ բոժոժավոր օձի գլխին: Գլուխը մի կողմ թռավ: Կարծելով, որ օձը սպանված է՝ Նեյլը մոտեցավ այն վերցնելու ու ցանկապատից այն կողմ գցելու համար, սակայն երբ նա ոտքը դրեց օձի գլխի կողքին, այն կծեց նրան: Այդ գլխատված «սատկած» օձը փաստորեն մեռած չէր: Նեյլը, իհարկե, ողջ սրտով հավատում էր, որ թույնն այլևս չի գործի, բայց նա սխալվում էր:

Մեր մշակույթը փորձում է համոզել մեզ, որ մեղքը հնացած մի բան է՝ իր ժամանակը ապրած գաղափար: Աշխարհը ցանկանում է համոզել մեզ, որ մեղքը մեռած է: Որ պետք չէ հիշել այն, որովհետև այժմ դա կարող է վիրավորական լինել մեկի համար: Բայց մեղքը իրական է: Այն գոյություն ունի և «չի պատրաստվում մեռնել»: Այն դեռևս մեռած չէ՝ ինչպես այն օձը, և թույնը նրա վտանգավոր է: Մեղքը կսպանի յուրաքանչյուրին, ով այն ներս թողնի իր կյանք:

Այս պատճառով, սիրելի՛ քրիստոնյա, մի՛ վախեցիր մեղքը մեղք կոչել: Ատելի լինելը աշխարհում ամենասարսափելի բանը չէ: Ավելի սարսափելի է մեղքի զոհ լինելը՝ այն չգիտակցելով ու չընդունելով:

Մեղքը այսօր էլ սպանում է, գողանում ու կործանում և հեռացնում մեզ Աստծուց: Մի՞թե ընկերներիդ վիրավորելու վախից դու կլռես, մինչ նրանք մոտենում են այդ թունավոր օձին:

Արհեստական վիժեցումը, բամբասանքը, համասեռամոլությունը, պոռնոգրաֆիան, հպարտությունը, շատակերությունը, ագահությունը մեղքեր են:

Այս պատճառով, արա այն, ինչ Աստված համարում է ճիշտ. խոսի՛ր մեղքի մասին: Ցույց տուր ու բացատրիր, թե ինչպես կարող է կորստյան գնացող մարդը փրկվել մեղքի սարսափելի թույնից: Դրանում է իրական սերը: Դրանում է Ավետարանի էությունն ու զորությունը:

Հեղինակ՝ Մելիսա Էդինգթոն
Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.