Մոր ձեռքերը
Փոքրիկ Դինան հաճախ էր նայում իր մոր ձեռքերին՝ չկարողանալով հասկանալ, թե ինչո՞ւ են դրանք կնճռոտ, սպիներով, տեղ-տեղ էլ՝ սև բծերով պատված։ Դինան իր մայրիկի ձեռքերը համեմատում էր ուրիշ կանանց սպիտակ, փափուկ, խնամված ձեռքերի հետ և մի տեսակ տհաճության զգացողություն էր ունենում, երբ նայում էր դրանց։ Նա հարցնում էր մորը, թե ինչու են նրա ձեռքերն այդ վիճակում, բայց մայրը կատակելով խուսափում էր ուղիղ պատասխանից կամ լռում էր։ Երբ Դինան մեծացավ, մայրը նրան մի դեպք պատմեց։
– Դու դեռ շատ փոքր էիր։ Մի անգամ երեկոյան ես քեզ պառկեցրի անկողնուդ մեջ, համբուրեցի ու գնացի մյուս սենյակ՝ մտածելով, որ շուտով կքնես։ Քիչ անց լսեցի քո վախեցած ձայնը։ Վազեցի ննջասենյակ ու տեսա, որ մահճակալդ այրվում է…
Պարզվեց, որ դու լուցկի ես վերցրել ու քեզ հետ տարել ննջասենյակ։ Երբ մենակ ես մնացել, սկսել ես լուցկիով խաղալ։ Ես հանգցրի կրակը և ուրախացա, որ քեզ ոչինչ չի պատահել, իսկ իմ ձեռքերը…
– Բայց ես բոլորովին չեմ հիշում այդ դեպքը,- ասաց աղջիկը՝ իր լսածից ցնցված։
– Չես հիշում, որովհետև դա քեզ համար զբաղմունք էր, որը, բարեբախտաբար, փորձանք չդարձավ։
Դինան համբուրեց մոր այրված, սպիապատ ձեռքերը։
Այդպես է եղել նաև Հիսուսի հետ, Ում ձեռքերը գամվեցին խաչին, Ում ճակատը վնասվեց փշե պսակից։ Նա ընդունեց այդ տառապանքները, որպեսզի քավի մարդկության մեղքերը, փրկի նրանց դժոխքի տանջանքներից։
Հիշե՛ք այդ մասին։
Աղբյուրը՝ «Բարի Լուր» ամսաթերթ