Մինչև չլսենք տեղատարափ անձրևների ձայնը
Ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրից. լայն բաց քո բերանը, ու Ես այն կլցնեմ: Սաղմ. 81.10
Մենք չենք դադարելու աղոթելը, մինչեւ չլսենք տեղատարափ անձրեւների ձայնը: Մեծ բաներ չխնդրելու որեւէ պատճառ չունենք, եւ անշուշտ պիտի ստանանք մեր խնդրածները, եթե խնդրենք հավատքով, եւ աղոթքի մեջ հարատեւելով սպասենք: Եվ մինչ սպասում ենք, պետք է չթուլանանք կատարելու մեր անմիջական պարտականությունները:
Մենք չենք կարող ստեղծել ամպեր, եւ նրանց դնել շարժման մեջ: Սակայն մենք կարող ենք այնպես բացել մեր առագաստները, որ երբ քամին գա, այն կարողանա ուղիղ առաջնորդել մեր նավը:
Մենք չենք կարող էլեկտրականություն ստեղծել, սակայն կարող ենք էլեկտրական լարերը այնպես կարգավորել, որ երբ էլեկտրականությունը գա, կարողանանք նրանց միջոցով օգտվել նրանից:
Մենք չենք կարող Սուրբ Հոգուն կառավարել, սակայն մենք կարող ենք անելով այն, ինչ Նա պահանջում է մեզանից, այնպես մեզ դնել Նրա տրամադրության տակ, եւ վստահությամբ հանձնվել Նրան, որ երբ Նա՝ Աստծո Հոգին գա, կարողանա անել Իր բոլոր ուզածները:
Մեզ համար էլ է հնարավոր հասնել Հին եւ Նոր Կտակարանների սրբերի հոգեւոր մակարդակին: Այն բոլոր Աստվածային ուժերը, որոնք տրվեցին նրանց, առավելությունները եւ միջոցները, որոնք ի գործ դրվեցին նրանց կողմից, պատրաստ են նաեւ մեզ համար: Բավ է միայն, որ ունենանք նրանց հավատքը, նրանց հույսը, նրանց սերը եւ նրանց այդ բոլորը ունենալու ցանկությունը:
Այն ժամանակ մենք էլ նրանց նման պիտի կարողանանք մեծ գործեր կատարել: Այն ժամանակ մեր աղոթքներն էլ Եղիայի աղոթքի նման երկնքից անձրեւի հեղեղներ եւ կրակ պիտի տեղացնեն՝ Սուրբ Հոգու կրակը եւ Սուրբ Հոգու անձրեւները, սակայն անհրաժեշտ է, որ կարողանանք խնդրել նրա՛ հավատքով եւ նրա՛ ամբողջական վստահությամբ:
Դոկ. Կոլպըռն, «Վտակներ անապատի մեջ» գրքից