Միաբան աղոթքի զորությունը
Երբևէ մտածե՞լ եք ձեր անձնական աղոթքի ժամանակի մեջ նաև ժամանակ առանձնացնել ուրիշների համար աղոթքին:
Իմ ընկերը որոշեց փորձել աղոթել երեք հոգու համար ամեն անգամ, երբ նա Աստծուն խնդրվածք պետք է ներկայացներ իր սեփական կարիքների վերաբերյալ: Էնջին ասում է. «Երբ սկսեցի դա, զարմացած էի, թե ինչպես են Աստծո պատասխանները իմ աղոթքներին հեշտությամբ հասնում ինձ»:
Սա համահունչ է 60 տարի առաջ կատարված ուսումնասիրությանը, որ տարվել էր Կալիֆորնիայի «Redlands» համալսարանում: Բժիշկ Փարքերն ու իր գործընկերները նկարագրել էին 10 տարի տևած փորձարկումն իրենց «Աղոթքը կարող է փոխել կյանքը» գրքում:
Նրանք ստեղծել էին երեք խումբ՝ բաղկացած տարբեր մարդկանցից, ովքեր մեկ ընդհանրություն ունեին. բոլորն էլ կարիք ունեին էմոցիոնալ կամ ֆիզիկական բժշկության: Առաջին խմբից ամեն մեկը հանդիպում էր հոգեբույժի հետ շաբաթական մեկ ժամով: Երկրորդ խմբում յուրաքանչյուրն աղոթում էր ինքն իր համար, իսկ երրորդ խմբի մարդիկ շաբաթական մեկ ժամ աղոթում էին միմյանց համար:
Եվ ինչ եք կարծում, ո՞ր խմբում էին եղել մեծ փոփոխություններ: Այո՛, հենց այն խմբում, որտեղ մարդիկ աղոթում էին միմյանց համար: Նրանք հետագայում վկայում էին, որ իրենց կյանքի այն բնագավառներում, որոնց համար աղոթում էին, դրական լուրջ փոփոխություններ էին գրանցվել:
Երբեմն հեշտ է կորցնել խանդավառությունը սեփական աղոթքներում: Բայց երբ ես նույն կարիքի շուրջ աղոթում եմ իմ ընկերոջ հետ, իմ ներսում հավատքը չի մարում:
Երբ ես աղաղակում եմ Աստծուն, այդպիսով ուղիղ կապ եմ ունենում Նրա հետ: Բայց երբ գալիս եմ Աստծո մոտ իմ ընկերների հետ միասին, աղոթքի մեր այդ կապը միանում է՝ ստեղծելով ավելի ամուր կապ:
Ես ապշում եմ, թե որքան զորություն կա միաբան աղոթքի մեջ: Հիսուսն ասում է՝ որտեղ երկուսը կամ երեքը միաբանվեն Իր անունով, Նա այնտեղ է՝ նրանց մեջ: Կիսվիր քո կարիքներով քո աղոթքի խմբում, հետո նայիր, թե ինչ է անում միաբան աղոթքը:
Այնպես որ, եթե դու օրհնություն ես փնտրում, եղիր այդ օրհնությունը մեկի համար՝ աղոթելով նաև նրա կարիքների համար: Եվ չզարմանաս, երբ Աստված պատասխանի…
Լինդա Էվանս Շեփերդ