Մի՛ սիրեք աշխարհը, ո՛չ էլ այն, ինչ աշխարհի մեջ է: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհում է՝ մարմնականի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի հպարտությունը, ոչ թե Հորից է, այլ՝ աշխարհից: Աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծո կամքը, հավիտյան կմնա: Ա Հով. 2.15-17

Ի՞նչ է նշանակում սիրել աշխարհը:

Սկզբում պետք է հասկանալ, սահմանել, թե որն է աշխարհը: Աշխարհը կապ ունի այն ամենի հետ, որոնք հակասում են Աստծո կամքին: Խոսքն ասում է, որ աշխարհը կանցնի, այսինքն՝ այն ժամանակավոր է: Այսպիսով՝ 1.աշխարհը հակասում է Աստծո կամքին, 2.աշխարհը ժամանակավոր է: Աշխարհը հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք Աստծո Խոսքը և տեսնենք, թե ինչերն են դեմ Նրա կամքին՝ խոսքեր, գործողություններ, գաղափարներ, վարմունք:

Այո՛, աշխարհը ժամանակավոր է և անցողիկ, բայց դա չի նշանակում, որ ամեն անցողիկ բան չար է, ինչպես օրինակ՝ մայրամուտը, որը անցավ, կա՛մ իմ մարմինը, կա՛մ ամուսնությունս: Քրիստոնեության մեջ երկու ծայրահեղություն կա․ առաջինը այն մարդն է, որը պարզապես չի ընդունում Աստծո պատվիրանները և ապրում է անհավատ մարդու պես, իսկ երկրորդը  ընդունում է դրանք լրջորեն, բայց դառնում է վանական ու ապրում կյանքից անջատ, այսպիսով՝ մեկուսանալով այն բոլոր բաներից, որոնք Աստծո շնորհի դրսևորումներն են այս աշխարհի մեջ: Սուրբ մարդը նա չէ, ով պարզապես գնում է եկեղեցի կամ Աստվածաշունչ է կարդում կամ պարզապես աղոթում է: Սուրբ մարդը նա է, ով ակտիվորեն ներգրավված է հարաբերությունների մեջ, դա այն մարդն է, ով նայում է այն բոլոր շնորհներին, որոնք Աստված տվել է մեզ այս կյանքում, ինչպես օրինակ՝ ամուսնություն, երեխաներ, ընկերներ, լավ սնունդ կամ ստեղծագործություն: Այնքան շատ բաներ է Աստված մեզ տվել, որոնք Նրա շնորհի դրսևորումներն են, և այնքան շատ մարդիկ են հերքում այդ, նրանք ատում են այդ ամենը, որոնք իրականում Աստծո լավ նվերներն են մեզ:

Մեկ բան կասեմ․ եթե դու սիրում ես անհավատ աշխարհը, ապա դու խնդրի մեջ ես: Եթե Աստծուն հնազանդվելու քո ցանկությունը  քեզ բաժանում է կյանքի շատ բաներից, նույնիսկ խլում է քո ուրախությունը, դարձնում է քեզ անսեր, խիստ և քննադատող, ապա դուք խնդիր ունեք մյուս կողմում՝ աշխարհում: Քրիստոնյան այն մարդն է, ով կապված չէ իրերի, նյութի հետ, բայց միևնույն ժամանակ գիտի, թե ինչպես վայելել դրանք և ուրախանալ դրանցով: Կարիք կա մատնանշելու մեղքը, բայց միևնույն ժամանակ ցույց տալու, որ կյանքը մեղք չէ: Շատ լավ բաներ կան այս աշխարհում:

Տարիներ առաջ ինձ մի բան ասացին, որը ես չեմ կարողանում մոռանալ, ինձ ասացին․

–Պո՜լ, Աստված տերևներ է դրել ծառերի վրա, Նա կրոնական շերտեր չի դրել ծառի վրա։

Դրանով նրանք փորձում էին ինձ սովորեցնել, որ եթե նրա վրա չկա կրոնական կամ քրիստոնեական հիմք, կոչում, ապա դա նրան չար չի դարձնում: Ես վայելում եմ իմ ընկերներին, վայելում եմ այն շատ ու շատ կորսվածներին, որոնց փորձում եմ նվաճել Քրիստոսի համար, այն զրույցները, նույնիսկ ծիծաղի րոպեները, որոնք ունենում եմ նրանց հետ: Ես վայելում եմ բնությունը, հաճույք եմ ստանում  քայլարշավից և քեյքինգից: Հաճույք եմ ստանում ծիծաղելուց: Աստված շատ հրաշալի բաներ է տվել մեզ վայելելու և ուրախանալու, բայց մեր սիրտը ազատ է և կապված չէ ոչնչի հետ:

Որպես ծնողներ՝ մենք փորձում ենք մեր երեխաներին հեռու պահել աշխարհից՝ իմանալով, թե որքան չար բաներ կան այնտեղ, բայց մենք նաև պետք է փոխարինենք դրանք լավ բաներով: Եթե մենք մեր երեխային հեռու պահենք  աշխարհից և միևնույն ժամանակ թույլ չտանք օգտվելու Աստծո տված շնորհներից, ապա մենք նրան կդարձնենք խիստ կրոնավոր, և նա ի վերջո հեռանալու է հավատքից կամ դառնալու է դաժան և անսեր: Մենք, իհարկե, այս օրինակներից ոչ մեկը չենք ուզում: Աստվածասիրությունը ձեզ չի տանում մի հեռավոր անմարդաբնակ վայր, որտեղ աշխարհը չի դիպչում ձեզ: Աստվածասիրությունը ապրում է այս մոլորակի վրա՝ շփվելով և՛ քրիստոնյաների, և՛ անհավատների հետ: Աղոթքով, ծոմով, Խոսքի ուսումնասիրությամբ տեսնելով այն բոլոր հիասքանչ բաները, որոնք Աստված տվել է մեզ, մենք կարող ենք վերցնել դրանք, վայելել և միևնույն ժամանակ սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով, մտքով, հոգով և զորությամբ և տեսնել, որ բոլոր լավ նվերները գալիս են Նրանից:

Հեղինակ՝ Պոլ Վոշեր
Աղբյուր՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.