Մեզ պետք եղած բաները մեր Տերոջից պիտի գան
Ձեր ժառանգելու երկիրը լեռների եւ հովիտների երկիր է, այն երկնքի անձրեւաջրով է ջրվում: Այնպիսի մի երկիր, որ Քո Տեր Աստվածն է դարմանում, քո Տեր Աստծո աչքը միշտ նրա վրա է՝ տարվա սկզբից մինչեւ վերջ: Բ. Օրինաց 11․11,12
Սիրելի բարեկամներ, այսօր մենք անծանոթ շեմի վրա ենք գտնվում: Մեր առջեւ գտնվում է ամբողջովին մի նոր տարի, եւ մենք գնում ենք այն գրավելու: Ո՞վ կարող է ասել, թե ի՛նչ պիտի գտնենք եւ ի՛նչ նոր կարիքներ պիտի ունենանք: Սակայն ահա այստեղ է մեր երկնավոր Հոր ուրախացնող, մխիթարող եւ քաջալերող պատգամը. «Տերը, քո Աստվածը քեզ համար պիտի հոգ տանի»: Նաեւ «Քո Տեր Աստծո աչքը սկզբից մինչեւ վերջ քո վրա պիտի լինի»:
Մեզ պետք եղած բաները մեր Տերոջից պիտի գան: Նրա աղբյուրները բնավ չեն ցամաքում, վտակները չեն չորանում: Ո՛վ մտահոգ հավատացյալ, ահա քո գթած երկնավոր Հոր խոստումները եւ ուխտերը, ոչ մի վառող արեւ կամ որեւէ ուժ չեն չորացնի Նրա աղբյուրները:
Այս երկիրը լեռների եւ հովիտների երկիր է: Ամբողջությամբ դաշտ կամ լեռ չէ, միօրինակությունը մեզ պիտի ձանձրացներ: Լեռները մեզ տալիս են անհրաժեշտ ջրերը մեր պարտեզներն ու հովիտները պտղաբեր դարձնելու համար: Նույնպես մեր ցավերից ու տառապանքներից հոսած ջրերն են, որ օրհնությամբ են լցնում մեր կյանքերը: Ո՜հ, չլինի, որ նրանց համար տրտնջանք: Քանիսներն են մեռել անապատի տաք ավազների մեջ. նրանք պիտի ապրեին, եթե անցնեին բլուրներով: Նաեւ շատերն էլ թավուտ անտառներում կորած պիտի լինեին, եթե շրջապատի լեռները նրանց քամիներից ու փոթորիկներից չպաշտպանեին: Այո՛, Աստծո լեռները իր ժողովրդի համար նրանց թշնամիների դեմ պահապան ու պաշտպան են, ու նրանցից հոսած ջրերը՝ օգտակար:
Մենք չենք հասկանում, թե ցավերն ու փորձությունները ի՜նչ օրհնություններ են բերում մեզ: Եկեք առանց հասկանալու վստահենք մեզ սիրող եւ հավատարիմ Հորը: Նա այսօր գալիս է բռնելու մեր ձեռքերը, եւ առաջնորդելու մեզ այս նոր եւ անծանոթ տարվա ամբողջ ընթացքում: Ուստի այս տարին պետք է լինի լավ եւ օրհնյալ տարի մեզ համար:
«Վտակներ անապատի մեջ» գրքից