Մի փոքրիկ քաղաքում իրար հարևանությամբ ապրում էին երկու ընտանիք: Ընտանիքներից մեկում անդադար վեճ ու կռիվ էր, շարունակ իրար էին մեղադրում և պարզաբանում էին, թե ով է ճիշտ, իսկ մյուս ընտանիքը խաղաղ էր ապրում՝ երբեք չէին վիճում:
Զարմանում է կամակոր կինը իր հարևանների երջանկության վրա և ասում իր ամուսնուն.
– Գնա ու տես, թե ինչ են դրանք անում, որ ամեն ինչ իրենց մոտ այդքան խաղաղ ու հարթ է գնում:
Գնաց ամուսինը դեպի հարևանի տուն, թաքնվեց բաց պատուհանի տակ և սկսեց ուշադիր հետևել: Իսկ տանտիրուհին այդ ժամանակ հենց տունն էր կարգի բերում: Մի շատ թանկ ծաղկաման ձեռքին՝ փոշին էր մաքրում: Մեկ էլ հանկարծ հեռախոսը զանգեց: Կինը անուշադրությամբ ծաղկամանը դրեց սեղանի ծայրին, այնպես, կարծես հիմա կընկնի ու վազեց հեռախոսի մոտ: Հենց այդ պահին էլ ամուսնուն սենյակից ինչ-որ բան պետք եկավ: Անզգուշորեն կպավ  ծաղկամանին և այն վայր ընկավ ու կոտրվեց:
«Վայ, ի՞նչ կլինի հիմա», – մտածեց թաքնված հարևանը:
Մոտեցավ կինը, ափսոսանքով հոգոց քաշեց ու ասաց ամուսնուն.
– Ներիր ինձ, սիրելիս: Ես եմ մեղավոր: Ծաղկամանը ճիշտ տեղում չէի դրել:
– Ի՞նչ ես ասում, թանկագինս: Այդ ես եմ մեղավոր: Շտապում էի և չնկատեցի ծաղկամանը: Թող ավելի մեծ դժբախտություն չունենանք:
… Շատ նեղվեց թաքնված հարևանը և անտրամադիր վերադարձավ տուն:

Կինը նրան՝
– Ինչո՞ւ այսքան ուշացար: Մի բան իմացա՞ր:
– Այո:
– Եվ ի՞նչ են նրանք անում:
– Նրանց տանը բոլորը մեղավոր են: Իսկ այ մեր տանը՝ բոլորը ճիշտ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.