Մեր հավատքի փորձառությունը
Ծննդոց գրքի 22-րդ գլուխը շատ հետաքրքիր ձևով է սկսվում. «Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես» (Ծննդոց 22.1):
Իսկ ի՞նչ բաների մասին է խոսքը: Խոսքը նախորդ փորձության մասին էր, որն արդեն անցել էր Աբրահամը: Կա մի հրաշալի հնագույն գրականություն՝ րաբբիների կողմից գրված, որը հիանալի կերպով տալիս է Ծննդոցի մեկնությունը։ Այն կոչվում է Միշնա, որտեղ խոսվում է Աբրահամի 12 փորձությունների մասին:
Առաջին փորձությունը եղել է, երբ նա եղել է իր հայրենիքում։ Աստված նրան ասաց. «Ես ուզում եմ, որ դու վեր կենաս, վերցնես ունեցվածքդ ու գնաս նոր երկիր, որը ես քեզ ցույց կտամ»։ Սա փորձություն է. թողնել ամենը, ինչ գիտես, թողնել այն ամենը, ինչ քեզ հարմար է և գնալ այլ երկիր: Արդյոք նա պատրաստվո՞ւմ էր վստահել Աստծուն: Նա դա արեց և գնաց այլ՝ նոր երկիր, որն Աստված ցույց տվեց նրան: Նա արեց դա հավանաբար մտածելով. «Աստված ինձ ասաց՝ գնա այնտեղ: Ահա՛ ես, Տե՛ր։ Օրհնի՛ր ինձ»։
Դրան հաջորդեց երկրորդ փորձությունը: Աստվածաշունչն ասում է, որ երկրում սաստիկ սով էր։ Այդ պատճառով նա գնաց Եգիպտոս, և Եգիպտոսում գուցե կարծում էր, որ փախել է այս փորձությունից։ Սակայն դրա փոխարեն Եգիպտոսի փարավոնը տեսավ Աբրահամի կնոջը և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Փորձությունները հետևում էին մեկը մյուսին:
Բոլորս էլ փորձվել ենք։ Դուք երբևէ եղե՞լ եք Աբրահամի իրավիճակում: Դուք երբևէ հանդիմանե՞լ եք թվացյալ սատանային փորձության ժամանակ: Իսկ հետո ուղղակիորեն հասկացել, որ սխալվել եք, որովհետև Աստված է թույլ տվել փորձությունը:
Աստվածաշունչը չի ասում, որ սատանան փորձեց Աբրահամին: Այո՛, գայթակղությունը սատանայից է, բայց փորձությունները տեղի են ունենում միայն Աստծո թույլտվությամբ: Սատանան միշտ փորձում է այս հարցով մեզ գայթակղեցնել: Նա ուզում է, որ մենք հանձնվենք: Նա գայթակղում է մեզ մեղադրել Աստծուն:
Աստվածաշունչն ասում է. «Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» (Հակոբոս 1.13): Գայթակղությունը մեզ ավելի կմոտեցնի մեղքին, եթե մենք չպայքարենք դրա դեմ։ Փորձությունը մեզ ավելի է մոտեցնում Աստծուն, եթե մենք դրա դեմ պայքարենք Աստծով: Աստված չի գայթակղեցնում մեզ, և Նա երբեք չի փորձում մեզ մեր կարողությունից ավելի:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org