Մենք ընտանիք ենք
Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ
Նոր Կտակարանում Աստծո ժողովրդին հազվադեպ են դիմում որպես քրիստոնյաներ կամ նույնիսկ հավատացյալներ։ Ամենաշատ օգտագործվող տիտղոսը եղբայրներն է՝ շեշտելով անդամակցությունը մեկ հոգևոր ընտանիքի։
Ինչպես Պողոսը գրում է Եփեսացիներին 2.18-ում. «Որովհետև նրանով (Հիսուս Քրիստոսով) երկուսս (հրեաներն ու հեթանոսները) մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք»։ Նկատե՛ք, որ աստվածութության երեք անձնավորություններն էլ ներկայացված են այստեղ։ Հիսուս Որդու միջոցով մենք մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։
Հաջորդ խոսքն արտահայտում է դրա հրաշալի արդյունքը. «Ուրեմն այսուհետև (քանի որ Հորը մոտենալու արտոնություն ունենք) այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի հետ քաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ» (խոսք 19): Քանի որ Քրիստոսը մեզ ընձեռնեց Աստծուն մոտենալու արտոնությունը, ապա մենք Աստծո ընտանիքի անդամներն ենք դարձել։
Աստծո ընտանիքի էությունը ներառում է դրա անդամների և Հոր միջև եղած հարաբերությունը։ Նորկտակարանյան հունարենում հայր և ընտանիք բառերի մեջ շատ սեղմ նմանություն կա։ Հայր բառը լինում է պատեր, իսկ ընտանիքը՝ պատրիա, որը ծագում է պատեր բառից։ Այս հարաբերությունը հստակորեն ընդգծվում է Պողոսի աղոթքի մեջ.
«Սրա համար իմ ծնկները ծալում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա ամեն ազգատոհմ (ընտանիք) անուն է առնում»։ Եփեսացիներին 3.14-15
Այստեղ Հայր և ընտանիք բառերի հստակ բառախաղ կա։ Հայր Աստծուց (պատեր) երկնքում և երկրի վրա ամեն ընտանիք (պատրիա) անուն է առնում։ Ընտանիքն սկիզբ է առնում հայրությունից։ Աստծուն որպես Հայր ընդունելը մեզ Նրա ընտանիքի անդամներն է դարձնում։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ես կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ Աստծո ընտանիքի անդամ եմ դարձել։ Ես Սուրբ Հոգու միջոցով Հորը մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։
Հեղինակ՝ Դերեկ Պրինս
Աղբյուրը՝ derekprincearmenia.com