Մեխը կառուցելու համար է
Աստված նույնանման առարկաներ է դրել ողջ աշխարհով մեկ, որ մեզ ուղղի դեպի Իրեն: Նկարում պատկերված մեխը ստեղծված է կառուցելու համար: Հավանաբար նմանատիպ մեխերով էլ հենց խաչել են Հիսուսին: Այդ օրը շատերը նայելով մտածում էին, որ այդ մեխերը կործանում են այն գործը, որ Հիսուսը պետք է աներ երկրի վրա, քանի որ խաչի վրա հենց դրանց խոցած տեղերից էր իրենց ոտքերի մոտ թափվում Հիսուսի արյունը: Մինչդեռ դա կատարվեց Աստծո կանխատեսմամբ ու նախախնամությամբ և ամենևին էլ անակնկալի չբերեց Նրան:
Ինչպես մարդն է մեխեր ստեղծել կառուցելու և արարելու համար, այնպես էլ Աստված է այն օգտագործում ոչ թե կործանելու, այլ Իր արքայությունը կառուցելու համար: «Նա աներևույթ Աստծո պատկերն է՝ բոլոր ստեղծվածների անդրանիկը: Որովհետև Նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա, տեսանելի և անտեսանելի, թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, և թե՛ իշխանությունները. ամեն ինչ Նրանով և Նրա համար ստեղծվեց. և Նա ամեն ինչից առաջ է, և ամեն ինչ Նրանով է հաստատ մնում» (Կողոսացիս 1.15-17):
Նրանով, այսինքն՝ Հիսուսով է ամեն բան հաստատ մնում, մեխերի միջոցով, խաչի վրա Նրա զոհի միջոցով Նրա մարմինը՝ եկեղեցին, հաստատ է մնում:
Եթե Աստված կարողանում է հաստատ պահել ողջ տիեզերքը և այն, ինչ նրա մեջ է, ապա Նա կարող է մեր կյանքերը նույնպես հաստատ պահել: Մենք կարող ենք հույս դնել Նրա վրա. Նա հավատարիմ է և վստահելի:
Եթե սա դժվար տարի էր քեզ համար, և թվում է, թե կյանքդ կործանվում է, շրջվի՛ր Հիսուսին և հույս գտի՛ր:
Կյանքի դժվարությունները կցավեցնեն, և կթվա, թե մեխերը կործանում են, բայց Աստծո ձեռքերի մեջ դրանք կարող են բարիին գործակից լինել: «Քանի որ գիտենք, որ բոլոր բաները բարիին գործակից են լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի» (Հռոմեացիս 8.28):
Այսուհետ թող մեխերն ու նմանատիպ բաները հիշեցնեն քեզ այս հրաշալի ճշմարտության մասին՝ Աստծո ձեռքին մեխերը բարիին գործակից են դառնում: Նա կարող է վերակառուցել մեր կյանքն այնգամ մեղքից մնացած կործանումից հետո: Մենք կարող ենք վստահել Հիսուսին: Նա Իր կյանքը տվեց, որ Նրա մեջ մենք ունենանք հավիտենական և առատ կյանք: «Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու: Ես եկա, որ նրանք կյանք ունենան, և որ այն ավելի առատորեն ունենան» (Հովհաննես 10.10):
Աղբյուրը՝ creativebiblestudy.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը